17.04.2014 11:00

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խոսքերը

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խոսքերը

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի նախօրեի հայտարարության իմաստը, հայտնում է News.am-ը:

Հաղորդվել էր, որ ամերիկացի դիվանագետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել: Այս հարցով News.am-ի թղթակիցը հարցում է ուղարկել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղից պատասխան է ստացվել՝ դեսպանի խոսքերից մեջբերումը անգլերենով ներկայացված:

«Ինտերֆաքս-Ադրբեջանի» մեկնաբանությամբ  «մեջբերումներից» մեկը հետեւյալ տեսքն ուներ. «Երկու երկրների նախագահները պետք է համատեղ կոնկրետ քայլեր ձեռնարկեն հակամարտության վերջնական լուծման համար, պետք է համաձայնության հասնեն, որի շրջանակում կներառվի Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ շրջանների ազատագրումն օկուպացումից»:

Իրականում դեսպանն ասել է. «Կարծում եմ երկու նախագահները պետք է նստեն եւ վերջնականապես որոշեն իրավիճակի կարգավորման կոնկրետ քայլեր, այդ թվում, իհարկե, նաեւ Ադրբեջանին յոթ շրջանները վերադարձնելու մասով (It is going to take the two presidents, I believe, to sit down and once and for all come up with concrete steps to resolve the situation, including, the return, of course, of the seven territories to Azerbaijan).

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչ միայն չէր գործածվել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, այլեւ փոխվել էր հայտարարության տոնայնությունը: