17.04.2014 21:30

Պիկասո. Ինձ սովորաբար որոնողի տեղ են դնում. ես չեմ փնտրում, ես գտնում եմ (ՄԱՍ 1-ին)

Պիկասո. Ինձ սովորաբար որոնողի տեղ են դնում. ես չեմ փնտրում, ես գտնում եմ (ՄԱՍ 1-ին)

XX դարի ամենախոշոր, ամենահակասական ու արվեստում հեղափոխություն իրականացրած նկարիչներից մեկը Պիկասոն է:  Արվեստի, գեղանկարչության մասին նրա գրառումները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:Այստեղներկայացված են հատվածներ Քրիստիան Զևրոսի զրույցներից՝ բոլոր  ժամանակների ամենակոլորիտային դեմքերից մեկի  հետ:

Ամեն oր կարելի է հանդիպել  տարբեր հալից ընկածների, որ իրենց «թափով տղա» են  երևակայում և կարծում են՝ «թափը»ամեն ինչ քառակուսու հանգեցնելու մեջ է

Ինձ սովորաբար որոնողի տեղ են դնում.ես չեմ փնտրում, ես գտնում եմ: Ուզում են կուբիզմից ֆիզկուլտուրա սարքել: Ամեն oր կարելի է հանդիպել  տարբեր հալից ընկածների, որ իրենց «թափով տղա» են  երևակայում և կարծում են՝ «թափը»ամեն ինչ քառակուսու հանգեցնելու մեջ է: Իմ կատարելապես տրամաբանական գործը, իմ գործը, որին նվիրել եմ բոլոր ջանքներս, նրանց ծառայում է ինչ-որ արհեստական, տրամաբանությունից  զուրկ բան մոգնելու համար:  Նայեք,oրինակ, Իքսին… Ա՛յ թե «հաջողակն» է:Հանգիստ կարող եք պատկերացնել, թե որքան անտանելի են ինձ համար սրանք բոլորն էլ,որ կապկում են իմ արվեստը, իմ աշխատանքները, մինչև իսկ իմ ժեստերը: Սյուրռեալիստական  դպրոցի որոշ հետևորդներ ալբոմիս  մեջ հայտնաբերել  են գրչով արված որոշ էսքիզներ ու գծանկարներ, որտեղ սոսկ կետեր ու գծեր են: Ասեմ, որ շատ եմ հավանում աստղագիտական քարտեզները: Եթե ինձ հարցնեք, դրանք շատ գեղեցիկ են` իրենց բովանդակային նշանակությունից անկախ: Մի oր, ուրեմն, սկսեցի նկարել կետերի բազմություններ, որ իրար էին միանում ասես երկնքում կախված  գծիկներով ու բծերով: Մտածում էի մի oր դրանք oգտագործել   իմ կոմպոզիցիաներում՝ որպես զուտ գրաֆիկական տարր: Բայց այս սյուրռեալիստների՛ն նայեք: Տեսե՛ք, թե  ինչ խորամանկն են: Նրանք եզրակացրին, որ այս նկարները ճշգրտորեն համապատասխանում են իրենց վերացական գաղափարներին:

Ամեն անգամ, երբ նկատում եմ, որ ինձ կրկնoրինակում են, գրեթե  ֆիզիկական ցավ եմ զգում

Մի oր Ժան Կոկտոյին պատմեցի 1925թ.ինձ հետ պատահած մի դեպք: Ընկերներս ուզում էին ինձ տանել Դեկորատիվարվեստի միջազգային ցուցահանդես՝ վատ ճաշակիայդ հրեշավոր ցուցադրությանը, որը, այնուամենայնիվ, որոշ ուսոցողական  արժեք ուներ: Բարեկամներս ինձ ասում էին. «Կտեսնեք,Պիկասո, կտեսնեք, որ Դուք եք մեղավոր ամբողջ այս ճարտարապետության համար: Այնտեղ կգտնեք ինքներդ ձեզ, կճանաչեք ձեր ձեռքերի աշխատանքը»: Հնարավոր է, որ այսպես  խոսելով կարծում էին, թե ինձ հաճույք են պատճառում: Պատկերացրեք, որ Միքելանջելոն գալիս է ճաշելու բարեկամների մոտ, և նրան այսպես են դիմավորում.«Գիտե՞ք, հենց նոր Ռենեսանս ոճի բուֆետ պատվիրեցինք, որը ներշնչված է ձեր Մովսեսից»: Պատկերացնո՞ւմ եք Միքելանջելոյի դեմքը: Ի՞նչ մոլագարություն է անընդհատ ժամանակակիցների գործերից ներշնչվելը:  Ամեն անգամ, երբ նկատում եմ, որ ինձ կրկնoրինակում են, գրեթե  ֆիզիկական ցավ եմ զգում: Դեկորատիվ արվեստը մի բան է, գեղանկարչությունը` մեկ այլ բան: Մեկը գործածական նշանակություն ունի, մյուսն ազնվական զբաղմունք է:  Բազկաթոռը մեջքը հենելու համար է: Սա գործածելի իր է: Արվեստ չէ:

Երկար տարիներ կուբիզմի միակ առարկան «նկարչություն նկարչության համար»-ն էր: Այն մերժում էր իր զգայական իրականության մաս չկազմող ցանկացած տարր: Մաթեմատիկոս Պրենսեն, որ ներկա էր մեր գեղագիտական վեճերին, հղացավ նկարիչների համար հատուկ երկրաչափություն ստեղծելու գաղափարը: Իմիջիայլոց՝ դա այնքան էլ յուրահատուկ միտք չէ, որովհետև բոլոր ակադեմիաներն էլ ընդունում են Լեոնարդո դա Վինչիի  երկրաչափությունը: Գույնն արդյունավետ է սոսկ այնքանով, որ ներկայանում է որպես ծավալը կառուցող տարրերից մեկը: Բոլորը գիտեն, որ ցանկացած ճերմակ մակերես միշտ ավելի մեծ է երևում, քան նույն չափերի սև մակերեսը: Տարրական բան է, նույնիսկ երեխայական: Այնուամենայնիվ, դա չի խանգարում որոշ հիմարների, որ անմիջապես դրանից դուրս բերեն oրենքներ և ընդհանուր կանոններ, որոնցովպիտի բացատրեն նկարելու արվեստը:

Անսահմանորեն կարևորում եմ առարկան: Հարգեք առարկան

Նկարիչներ կան, որ արևը դեղին բծի են վերածում: Բայց ուրիշներն  էլ կան, որ իրենց արվեստի և խելքի շնորհիվ դեղին բիծը վերափոխում են արևի: Բնությունից վերցված տարրերը ծառայում են նկարի բազմազանությանը: Այսպես է, որ մոտենում ենք մեծ վարպետների իդեալին, որոնք, սեփական ընկալումով առաջնորդվելով, ներկայացնում են իրերի բնական կերպարանքները: Կարծում եմ, որ ցանկացած նկարչության սկզբնաղբյուրում կգտնենք սուբյեկտիվորեն կազմակերպված որևէ տեսիլք կամ ներշնչված պայծառացում, ինչպես Ռեմբոյի մոտ:Ես ոչ մի կարևորություն չեմ տալիս սյուժեին, բայց անսահմանորեն կարևորում եմ առարկան: Հարգեք առարկան:

Անցումային արվեստ գոյություն չունի, կան  լավ կամ  վատ նկարիչներ

Մի oր գնում էի Նահատակների փողոցով: Ինչ-որ հնավաճառ իր խանութի պատի երկայնքով նկարներ էր դասավորում: Ուշադրությունս գրավեց մի դիմանկար: Կնոջ դեմք էր`խիստ ու թափանցող, պարզ ու վճռական հայացքով.   ֆրանսուհու հայացք: Ահռելի մեծ նկար էր: Գինը հարցրի:«Հարյուր սու,-պատասխանեց առևտրականը,-կտավը կմաքրեք ու կկարողանաք վրան աշխատել»: Սա ֆրանսիական դպրոցին պատկանող ամենաճշմարտացի հոգեբանական դիմանկարն է:… Անցումային արվեստ գոյություն չունի.կան  լավ կամ վատ նկարիչներ: Հետաքրքրասեր լրագրողներն ու նկարչության սիրահարները գալիս են մեզ հետ հանդիպելու, որպեսզի մեզանից մի քանի դոգմատիկ ճշմարտություն կորզեն կամ այնպիսի բնորոշումներ, որ նրանց բացատրեին մեր արվեստը՝ ընդգծելով նրա մանկավարժական նշանակությունը, որ ես կտրականապես մերժում եմ: Մենք նկարչությամբ ենք զբաղվում: Ինչ է, կուզեին, որ դրանից բացի նաև ճշմարտություն ու մաքսիմնե՞ր արտադրեինք: Չնայած՝ Էնգրի և Դելակրուայի մտքերի անալոգիաներ են հրատարակվում. փշաքաղվում եմ դրա մասին մտածելիս: Դելակրուայի ո՞ր միտքը կարող է «Սարդանապալի» հետ նույն նժարին դրվել: Արվեստն ի՞նչ է: Իմանայի էլ, չէի ասի:  Ես չեմ փնտրում`գտնում եմ:

Շարունակելի..