18.04.2014 11:36

ՀՀԿ-ականը՝ ՕԵԿ-ին. Անցած ճանապարհի շնորհիվ կա՛մ ունենում ես համախոհներ, կա՛մ չես ունենում

ՀՀԿ-ականը՝ ՕԵԿ-ին. Անցած ճանապարհի շնորհիվ կա՛մ ունենում ես համախոհներ, կա՛մ չես ունենում

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը

- Տիկին Աճեմյան, ՀՀԿ-ի կոալիցիոն միակ գործընկեր ՕԵԿ-ը լքեց կոալիցիան: Ինչպե՞ս եք վերաբերվում կատարվածին:

- Դա իրենց գործն է, մենք մեր գործն ենք անում: Քաղաքական իրավիճակից ելնելով՝ ամեն կուսակցություն, քաղաքական ուժ իր որոշումներն է կայացնում: Եվ ես կարծում եմ, որ այդ որոշումը բխում էր հենց քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններից:

- Այսինքն՝ արդարացվա՞ծ էր ՕԵԿ-ի այդ քայլը:

- Ժամանակը ցույց կտա, թե որ քայլից հետո ամեն կուսակցություն ինչի առաջ է կանգնում: Ես կարծում եմ՝ քաղաքականության մեջ, մանավանդ՝ մեր տիպի փոքր երկրներում, շատ կարեւոր է, որպեսզի կուսակցություններն իրենց քայլերն անելուց առաջ մտածեն իրենց հեղինակության մասին, ապագայի մասին: Ի վերջո, անցած ճանապարհն է կերտում հեղինակություն, եւ անցած ճանապարհի շնորհիվ կա՛մ ունենում ես համախոհներ, կա՛մ չես ունենում:

- ՀՀԿ-ն շա՞տ է տխրել կոալիցիոն միակ գործընկերոջ կորուստից, թե՞ ուրախացել եք, որ այդ պաշտոններն էլ մնացին ՀՀԿ-ին:

- Բոլորովին, այստեղ ուրախանալու կամ տխրելու հարց չկա: ՀՀԿ-ն դեմ չի, եթե համագործակցի այլ ուժերի հետ ու միասին իրագործի երկրի կառավարումը, իսկ եթե նրանք չեն ուզում, ապա դրանից որեւէ ողբերգություն պետք չի սարքել: ՀՀԿ-ն ունի այնքան հնարավորություն, որ միայնակ իրականացնի իր ծրագրերը:

- ՕԵԿ-ը նախկինում ընդդիմություն էր, հետո ճակատագրական պահի անցավ իշխանության կողմը, հիմա նորից փորձում է ընդդիմություն ձեւանալ: Ձեր կարծիքով՝ հասարակությունը, քաղաքական ուժերը ո՞նց կընդունեն ՕԵԿ-ին:

- Դուք եւ ես էլ հասարակության անդամ ենք ու լսում ենք բոլոր ուժերի մասին կարծիքներ:

- Այնուամենայնիվ, հասարակությունը կհավատա՞ ՕԵԿ-ի ընդդիմադիր լինելուն:

- Կուսակցություն է, որոշում է կայացրել: Ու չեմ կարծում, որ տեղին է այս հարցն այդքան ծամծմել: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Որեւէ ողբերգություն չի կատարվել, հանգիստ տարեք այս ամենը:

- Տեսակետ կա, որ սա Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, եւ ՕԵԿ-ը ծրագրված է գործուղվել ընդդիմադիր դաշտ:

- Ես չեմ կարծում, որ նման բան կա: Ընդհակառակը, խոսակցություններ եղան, որ այդ կուսակցության առաջնորդը ցանկություն է հայտնել դառնալ վարչապետ, բայց Սերժ Սարգսյանը նույնիսկ հարմար չի գտել այդ հարցը քննարկել:

- ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց հետո հայտարարեց, թե այս վեց տարվա մեջ իրենց կարծիքը իշխող հիմնական ուժը՝ ՀՀԿ-ն, հաշվի չի առել, ՀՀԿ-ն առանցքային պաշտոններում նշանակումներ անելիս միանձնյա որոշումներ է կայացրել, ՕԵԿ-ն անտեսված է եղել կոալիցիայի կազմում, մի տեսակ՝ ետին պլան մղված: Սա ո՞նց կմեկնաբանեք:

- Ամեն ուժ իր հավաքած ձայների չափով պիտի կարողանա մասնակցել իր երկրի կառավարմանն ու որոշումների կայացմանը: Ես չեմ կարծում, որ այս համամասնության պարագայում որեւէ բան է խախտվել: Ամենեւին ոչ: ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է եւ իրավունք ունի որոշումներ կայացնել: Այնպես որ՝ բացարձակ տեղին չէ նրանց ասածները:

- Ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ը կհամարձակվի՞ ընդդիմանալ իշխանությանը, որի ձեւավորման հարցում ինքը եւս դերակատարություն ունի, կհամարձակվի՞ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե մեկ տարի առաջ ընտրություններին սատարում էր նրան:

- Ամեն ուժ պատասխանատվություն է կրում իր քայլերի համար: Իրենց հարցրեք՝ ինչ են որոշել անել: Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել:

Արման Գալոյան