18.04.2014 23:07

Պիկասո. Չկա ավելի վտանգավոր բան, քան վրձինը նկարչի ձեռքում (ՄԱՍ 2-րդ)

Պիկասո. Չկա ավելի վտանգավոր բան, քան վրձինը նկարչի ձեռքում (ՄԱՍ 2-րդ)

սկիզբը`ասյտեղ

Կարող ենք նաև մրցակցի հաշվին գրանցել այն սրամտությունը,թե ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան զենքը գեներալի ձեռքում: Ավելացնենք, որ ավելի վտանգավոր բան չկա, քան արդարադատությունը՝ դատավորի ու վրձինը՝ նկարչի ձեռքում: Մտածեք, թե ինչ սպառնալիք է հասարակության  համար: Բայց այսoր մարդիկ այլևս քաջություն չունեն պոետներին ու նկարիչներին հասարակությունից դուրս վռնդելու, որովհետև չեն գիտակցում դրա վտանգավորությունը:

Ես իրերը դասավորում եմ  ըստ իմ սերերի

Ի դժբախտություն ինձ, կամ գուցե՝ բարեբախտար, ես իրերը դասավորում եմ  ըստ իմ սերերի: Ի՜նչ դժբախտ է այն նկարիչը, որ խարտյաշ կանանց է սիրում, բայց ինքն իրեն թույլ չի տալիս նրանց մտցնելու իր կտավների մեջ, որովհետև չեն ներդաշնակվում մրգերի զամբյուղի հետ: Որքա՜ն է խղճալի այն նկարիչը, որն ատում է խնձորները, բայց ստիպված է անընդհատ գործածել դրանք, որովհետև լավ են նայվում: Ես նկարներիս մեջ դնում եմ այն ամենը, ինչ սիրում եմ:Իրերի գործն է, թող հարմարվեն իրար:

Կտավն իր կյանքն ապրում է, ինչպես կենդանի մի էակ

Նախկինում նկար ստեղծել՝ առաջ գնալ էր նշանակում: Ամեն oրը նոր բան էր բերում:  Յուրաքանչյուր նկար հավելումների հանրագումար էր: Իմ նկարը ավերումների հանրագումար է: Ես կտավ եմ անում, հետո ոչնչացնում եմ այն: Բայց, վերջին հաշվով՝ ոչինչ կորած չէ. կարմիրը, որ ինչ-որ տեղից հանել եմ, ի հայտ է գալիս  մի ուրիշ տեղում:Շատ հետաքրքիր կլիներ, եթե լուսանկարչական ապարատով ֆիքսեինք ոչ թե որևէ նկարի փուլերը, այլ նրա կերպարանափոխությունները: Գուցե նշմարեինք, թե ինչ ճանապարհով է միտքը շարժվում դեպի իր երազանքի կոնկրետացումը: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ նկատում ենք, որ խորքում նկարը չի փոխվում, որ նախնական տեսիլքը գրեթե  անփոփոխ է մնում` հակառակ արտաքին կողմերի: Հաճախ տեսնում եմ լույս և ստվեր, որ դնում եմ կտավիս մեջ, հետո ջանք չեմ խնայում դրանք «ջարդելու»՝ ավելացնելով մի գույն, որ հակառակ էֆեկտն է  առաջացնում: Լուսանկարելուց հետո նկատում եմ, որ այն, ինչ ներմուծել էի նախնական տեսակետս ուղղելու համար, անհետանում է, և  որ ի վերջո լուսանկարչության տված պատկերը համապատասխանում է իմ առաջին տեսիլքին, որ կար ամենասկզբում՝ մինչև իմ կամքով արված ձևափոխությունները: Կտավը նույնպես չի մտածվում ու ֆիքսվում. նկարելու ժամանակ այն հետևում է մտքի ընթացքին: Երբ ավարտված է, ավելի շատ է փոխվում`կախված նայողի վիճակից:Կտավն իր կյանքն ապրում է, ինչպես կենդանի մի էակ, կրում է այն փոփոխությունները, որ առoրյա կյանքը պարտադրում է մեզ:   Բնական է, որովհետև  կտավն ապրում է միայն հանդիսատեսի միջոցով:

Ամեն ինչ մեզ ֆիգուրների ձևով է երևում

Ֆիգուրատիվ և ոչ ֆիգուրատիվ արվեստ էլ չկա: Ամեն ինչ մեզ ֆիգուրների ձևով է երևում: Նույնիսկ մետաֆիզիկայի մեջ գաղափարներն արտահայտվում են ֆիգուրներով, ուրեմն՝ հասկանում ենք, թե որքան անհեթեթ է մտածել ֆիգուրատիվ պատկերները բացառող նկարչության մասին: Պերսոնաժը, իրը, շրջանակը ֆիգուրներ են, դրանք առավել կամ պակաս ինտենսիվությամբ են ազդում մեզ վրա: Որոշ ֆիգուրներ ավելի մոտ են մեր զգացողություններին, առաջացնում են հույզեր, որ ազդում են մեր  զգայական կարողությունների վրա, մյուսները հատկապես ինտելեկտին են ուղղված:  Պետք է դրանք բոլորն էլ ընդունեմ, որովհետև միտքս նույնքան կարիք ունի զգացողությունների, որքան զգայարաններս: Կարծում եք` ինձ հետաքրքրում է, թե ինչ-որ կտավ երկու պերսոնաժ  է ներկայացնում: Այս երկու պերսոնաժները գոյություն են ունեցել, այժմ այլևս գոյություն չունեն:Նրանց տեսնելը ինձ նախնական հույզ է տվել, քիչ-քիչ նրանց իրական ներկայությունը ջնջվել է, ինձ համար հնարք են դարձել, հետո անհետացել են, կամ, ավելի ճիշտ, վերածվել այս կամ այն պրոբլեմի: Ինձ համար սրանք այլևս պերսոնաժներ չեն, այլ, ավելի շուտ՝  ձևեր ու գույներ. ճի՛շտ հասկանանք, սրանք ձևեր ու գույներ են, որոնք ամփոփում են երկու պերսոնաժի գաղափարը և պահպանում նրանց կյանքի թրթիռը:

Շարունակելի..