19.04.2014 16:22

Պիկասո. Այն oրը, երբ նկարն ավարտվում է մի ուրիշ կարևորություն է ձեռք բերում, իսկ նկարչության վերջը գալիս է (ՄԱՍ 3-րդ)

Պիկասո. Այն oրը, երբ նկարն ավարտվում է մի ուրիշ կարևորություն է ձեռք բերում, իսկ նկարչության վերջը գալիս է (ՄԱՍ 3-րդ)

սկիզբն ու շարունակությունը՝ այստեղ և այստեղ

Նկարիչը լիության ու դատարկության  վիճակներ է ունենում: Դրանում է արվեստի գաղտնիքը: Ես զբոսնում եմ  Ֆյոնտենբլոյի անտառում: Կանաչ գույնից սիրտս սկսում է խառնել: Պիտի այդ զգացողությունը պարպեմ որևէ կտավի վրա: Նկարում կանաչն է իշխում: Նկարիչն այնպես է նկարում, կարծես անհետաձգելի պահանջ ունի ազատվելու իր զգացողություններից ու տեսիլքներից: Մարդիկ դա վերցնում են, որպեսզի մի քիչ ծածկեն իրենց մերկությունը: Մարդիկ վերցնում են՝ ինչ կարող են և ինչպես որ կարող են; Կարծում եմ` ի վերջո ոչինչ էլ չեն վերցնում, այլ ծածկում են իրենց անհասկացողությունը: Նրանք ամեն ինչ ստեղծում են իրենց պատկերի համաձայն` Աստծուց մինչև որևէ նկար: Ահա ինչու նկարչությունը ոչնչացնողը նկարը կախելու կեռիկն է: Նկարչությունը միշտ ինչ-որ կարևորություն ունի, գոնե մարդու սարքած նկարչությունը: Այն oրը, երբ նկարն ավարտվում ու պատից կախվում  է, այն մի ուրիշ կարևորություն է ձեռք բերում, իսկ նկարչության վերջը գալիս է:

Արվեստը գեղեցկության կանոնի կիրառումը չէ,  այլ այն, ինչ բնազդն ու  ուղեղը կարող են ընկալել կանոնից անկախ

Գեղեցկության ակադեմիական ուսուցանումը կեղծ է: Մեզ խաբել են, բայց այնքան լավ են խաբել, որ այլևս անզոր են ճշմարտության հետքն անգամ գտնելու: Պանթեոնի գեղեցկությունները, Վեներաները, Հավերժահարսերը, Նարցիսները՝ բոլորը սուտ են:Արվեստը գեղեցկության կանոնի կիրառումը չէ,  այլ այն, ինչ բնազդն ու  ուղեղը կարող են ընկալել կանոնից անկախ: Երբ սիրում ես որևէ կնոջ, գործիքները ձեռքդ չես առնում նրա մարմնի չափերը վերցնելու համար: Սիրում ես նրան, որովհետև դրա ցանկությունն ունես, մինչդեռ ամեն ինչ արվել է, որպեսզի  նույնիսկ սիրո մեջ կանոն ներմուծվի:  Ճշմարիտն ասած` պանթեոնն ընդամենը ֆերմա է, որի վրա մարդիկ տանիք են դրել, սյուներ ու քանդակներ ավելացրել, որովհետև Աթենքում կային մարդիկ, որ ուզում էին արտահայտվել: Կարևորը արվեստագետի գործը չէ, այլ էությունը: Սեզանն ինձ չէր հետաքրքրի, եթե ապրած ու մտածած լիներ Ժակ Էմիլ Բլանշի պես, նույնիսկ եթե նրա նկարած խնձորը տասն անգամ ավելի գեղեցիկ լիներ: Մեզ հետաքրքրողը  Սեզանի անհանգստությունն է, Սեզանի դասերը, Վան Գոգի տառապանքը, այսինքն` մարդու դրաման: Մնացածը կեղծ է: 

Կիլոմետրերով նկաչություն կա «ինչ-որ մեկի նման» տեսակի, բայց հազվադեպ է պատահում, որ տեսնես սեփական ոճով աշխատող երիտասարդի

Բոլորն ուզում են հասկանալ նկարչությունը:  Իսկ ինչո՞ւ  չեն փորձում հասկանալ թռչունների երգեցողությունը: Ինչո՞ւ են սիրում գիշերը, ինչ-որ ծաղիկ, այն ամենը, ինչ շրջապատում է մարդուն` առանց փորձելու հասկանալ դրանք: Մինչդեռ նկարչությունն ուզում են հասկանալ: Թող հասկանան, որ  արվեստագետի համար ստեղծագործելն անհրաժեշտություն է, որ նա ևս աշխարհի մի չնչին մասնիկն է, որին չարժե  ավելի մեծ կաևորություն տալ,  քան բնության այնքան երևույթների, որոնցով հմայվում ենք, բայց չենք փորձում բացահայտել: Նկարբացատրողները հիմնականում սխալ ճանապարհով են գնում: Մի անգամ Գերտրուդ  Շտայնն ինձ ուրախ-ուրախ ասաց, որ վերջապես հասկացել է, թե ինչ է պատկերված իմ նկարում` երեք երաժիշտ: Իսկ ես նատյումոտ էի նկարել: Բացառությամբ մի քանիսի, որ նկարչության համար նոր հորիզոններ են բացում, այսoրվա երիտասարդությունը չգիտի՝ ուր գնա: Փոխանակ  գնահատեն մեր որոնումները և մեր արածի ճիշտ հակառակն անեն, նրանք փորձում են վերակենդանացնել անցյալը: Մինչդեռ կյանքը բաց է մեր առջև, ամեն ինչ նոր պետք է արվի, ոչ թե կրկնվի արդեն արվածը: Ինչո՞ւ են հուսահատրեն կառչում արդեն իրականացվածից: Կիլոմետրերով նկաչություն կա «ինչ-որ մեկի նման» տեսակի, բայց հազվադեպ է պատահում, որ տեսնես սեփական ոճով աշխատող երիտասարդի:

Չեմ հասկանում, թե ինչու են բոլորն ուզում արվեստով զբաղվել, նրանից հաշիվ պահաջել ու սեփական հիմարությանը տուրք տալով` խոսել արվեստի մասին

Ես հոռետես չեմ, չեմ ատում արվեստը, որովհետև չէի ապրի, եթե կյանքիս բոլոր ժամերը նրան չնվիրաբերեի: Ես սիրում եմ արվեստը՝ որպես կյանքիս միակ նպատակ: Արվեստի հետ կապված ցանկացած բան ինձ ուրախություն է պատճառում: Այնուամենայնիվ, չեմ հասկանում, թե ինչու են բոլորն ուզում արվեստով զբաղվել, նրանից հաշիվ պահաջել ու սեփական հիմարությանը տուրք տալով` խոսել արվեստի մասին: Թանգարաններն էլ են սուտ, արվեստով հիմնականում խաբեբաներն են զբաղվում: Հատկապես չեմ հասկանում, թե ինչպես է, որ հեղափոխական երկրներում արվեստի վերաբերյալ ավելի մեծ նախապաշարմունքներ ունեն, քան իրենց դարն ապրած երկրներում: Մենք թանգարանների կտավներին ենք վերագրել մեր հիմարությունները, մեր սխալները, մեր մտքի պարտությունները: Նկարը դարձրել ենք մանր, ծիծաղելի մի բան: Մենք կապվել ենք առասպելներին, փոխանակ հետաքրքվեինք այդ նկարները ստեղծած մարդկանց ներքին կյանքով: Դիկտատուրա է անհրաժեշտ… Նկարիչների դիկտատուրա.մեկ նկարչի դիկտատուրա, որ ոչնչացնեն բոլոր նրանց, ովքեր խաբել են մեզ, բոլոր սրիկաներին, ոչնչացնենք խաբեության առարկաները, վերջ տանք սովորույթներին, ոչնչացնենք հմայքը, պատմությունը ու էլի շատ ուրիշ բաներ: Բայց ողջամտությունը միշտ հաղթում է: Պիտի նախևառաջ նրա դեմ հեղափոխություն անենք: Ամենաիսկական բռնապետը կպարտվի ողջամտության դեմ պայքարում: Բայց գուցե չպարտվի: