21.04.2014 18:37

Ձերբակալվել է հայ-ադրբեջանական հաշտության կողմնակից լրագրողը

Ձերբակալվել է հայ-ադրբեջանական հաշտության կողմնակից լրագրողը

Թուրքիայում ձերբակալվել և հայրենիք է արտաքսվել ադրբեջանցի հայտնի լրագրող, վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը: «Զերկալո» թերթի թղթակիցը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ պետական դավաճանության, լրտեսության մեջ, ինչի համար սահմանված պատժաչափը 10 տարուց մինչև ցմահ ազատազրկումն է:  «Զերկալո»-ն գրում է, որ, թեեւ չի նշվում, թե որ երկրի օգտին լրտեսություն անելու համար է Միրկադիրովը ձեբակալվել, սակայն ակնհայտ է, որ մի շարք խաղաղարար նախաձեռնությունների ակտիվ մասնակից, մի քանի անգամ Հայաստան  լրագրողը մեղադրվում է Հայաստանի հետ կոնտակտերի համար:

Ընդ որում, ուշագրավ է, որ Ստամբուլում աշխատող Միրկադիրովը կոշտ քննադատության էր ենթարկում նաեւ Էրդողանի կառավարությանը:

Միրկադիրովի գործընկերները ձերբակալությունը կապում են նրա լրագրողական գործունեության հետ։

«Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում «Զերկալո» թերթի խմբագիր Էլչին Շիխլինսկին հայտնել է, որ Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ ճնշումներն սկսվել են երկու շաբաթ առաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո: Խմբագրի խոսքերով՝ նախ լրագրողին անսպասելիորեն զրկել են հավատարմագրումից, ապա հայտնել են, որ նա պետք է Թուրքիան լքի մինչև ապրիլի 23-ն ու այլևս երբեք չվերադառնա։ Ապրիլի 18-ին Միրկադիրովը որոշել է լքել երկիրը, և երբ նրան բերման են ենթարկել, նա ոստիկանությանն ասել է, որ հեռանում է, ինչո՞ւ են իրեն ձերբակալում։

Ռաուֆ Միրկադիրովին մեղադրելը ակնհայտ ապացույցն է ավտորիտար ռեժիմի ճնշման սանձարձակության, և ժողովրդական դիվանագիտության ու Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ որևէ կապի լիարժեք արգելք է: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության տարածած հայտարարության մեջ, որում նշվում է, որ լրագրողը  հայ - ադրբեջանական տարբեր նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան ինչպես կազմակերպության աշխատակիցների հետ, այնպես էլ՝ ինքնուրույն: