22.04.2014 12:50

Գ.Ջհանգիրյան. ՀՀԿ-ն կոալիցիա ձևավորելու սահմանադրական խնդիր ու անհրաժեշտություն, ձեւական առումով` չունի

Գ.Ջհանգիրյան. ՀՀԿ-ն կոալիցիա ձևավորելու սահմանադրական խնդիր ու անհրաժեշտություն, ձեւական առումով` չունի

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ Հայ ազգային խմբակցության պատգամավոր, Կոնգրեսի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը

-Պարոն Ջհանգիրյան, գործող կոալիցիան լքեց նաև ՀՀԿ միակ գործընկերը՝ ՕԵԿ-ը: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ իշխանություններին նոր դաշնակիցներ գտնել, և ո՞րն է քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանադրաիրավական հիմնավորումը:

-Ժողովրդավարական երկրներում օրենսդիր մարմին անցած քաղաքական կուսակցությունները կոալիցիաներ, դաշինքներ են կազմում՝ պառլամենտում մեծամասնություն կազմավորելու նպատակով,առանց որի հնարավոր չէ ո՛չ կառավարություն ձևավորել, ոչ՛ էլ երաշխավորել կառավարության ծրագրի օրենսդրական ապահովումը:

Օրենսդիր մարմնում մանդատների կեսից ավելին ստացած քաղաքական ուժը միայնակ իր կառավարությունը ձևավորելու և սեփական ծրագրերը իրականացնելու սահմանադրական իրավասություն է ստանում:

Մեր պարագայում՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում կոալիցիա ձևավորելու սահմանադրական խնդիր ու անհրաժեշտություն՝ ձևական, ֆորմալ առումով՝ չունի: Չնայած՝ առնվազն նկատելի է, որ ջանք չի խնայում պառլամենտական մեկ-երկու ուժի հետ քաղաքական համագործակցություն արձանագրել: Կհարցնեք, թե ինչո՞ւ: Շատ պարզ և հասկանալի պատճառով: Եթե վերհիշենք՝ ինչ լծակների, հակաօրինական մեթոդների գործադրմամբ է ձևավորվել ՀՀԿ այդ արհեստական մեծամասնությունը, ապա լիովին բացատրելի է, թե ինչո՞ւ է ԱԺ-ում քաղաքական մենաշնորհ ձեռք բերած կուսակցությունը իշխանական կարկանդակից առաջարկում համտես անել իր համար այս կամ այն չափով ընդունելի քաղաքական կուսակցություններին: Նպատակը մեկն է՝ հնարավորինս լիցքաթափել հասարակական, քաղաքական կուտակված լարվածությունը, կառավարելի դարձնել հնարավորինս շատ քաղաքական ուժերի:

Ցանկանում եմ մատնանշել կարևոր մեկ օրինաչափություն ևս. մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի հետ մինչ օրս կոալիցիաներ կազմած քաղաքական գործընկերները երկրի համար կարևոր նշանակություն ունեցող պետական, քաղաքական որոշումների կայացման գործընթացներում միշտ ածանցյալ, երրորդական դերակատարում են ունեցել, եթե չասենք՝ բոլորովին անտեսվել կամ արհամարհվել են, չնայած լիարժեք քաղաքական պատասխանատվություն են կրել կառավարության ամբողջական գործունեության համար:

Ինչ վերաբերում է նոր կոալիցիայի ձևավորման հավանականությանը, ապա  ԱԺ-ում ներկայացված որևէ քաղաքական ուժ կարծես չի ցանկանում ստանձնել ներքին ու արտաքին բազմաթիվ ձախողումներ արձանագրած իշխանության պատասխանատվությունը:

-Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված կենսաթոշակային նոր համակարգում պարտադիր կուտակային  բաղադրիչի հակասահմանադրականության հետ, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Դուք մինչ օրս այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում չեք հայտնել, ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

-Անվիճելի է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ հոդվածներ (այդ թվում՝ ձեր մատնանշած պարտադիր բաղադրիչը նախատեսող) անթաքույց հակասության մեջ են ՀՀ Սահմանադրության հետ: Եվ իմ տեսակետն այստեղ չի տարբերվում ոչ իշխանական չորս ուժերի միասնական մոտեցումից, ինչի ապացույցն է, որ ես ևս միացել եմ Սահմանադրական դատարանին ուղղված պատգամավորների դիմումին:

Ներդրված կենսաթոշակային նոր համակարգի բազմաթիվ դրույթներ հակասահմանադրական ու անվավեր ճանաչվեցին Սահմանադրական դատարանի կողմից: Բայց քանի որ արդարադատության մեր համակարգը վաղուց կորցրել է իր ինքնուրույնությունը (անկախության մասին խոսելն անգամ ամոթ է), և Սահմանադրական դատարանը այստեղ բացառություն չէ, ուստի գործադիրի պարտադրանքի արդյունքում հակասահմանադրական և անվավեր հայատարարված օրենքի հոդվածների  գործողության վերջնաժամկետ սահմանվեց սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Ի՞նչ տարակարծությունների մասին է խոսքը: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական ճանաչված և անվավեր հայտարարված նորմերը գործելու են մինչև աշուն: Ահա և ամբողջը: Ցանկալին իրական ներկայացնել հնարավոր չէ: Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը (պարտադիր մասը) մեկ ամբողջություն է: Այն պարզաբանելիս կամ մեկնաբանելիս չի կարելի առաջին 6 կետերը առանձնացնել 7-րդից: Իսկ շան գլուխը թաղված է 7-րդում:

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու է տրվել այդ ժամանակահատվածը, պարզաբանեմ. որպեսզի կառավարությունը, օգտվելով Սահմանադրական դատարանի որոշման մեջ շարադրված հուշակներից՝ վերախմբագրի օրենքի հակասահմանադրական ճանաչված հոդվածները, այնպես վերաշարադրի, որ դրանք համապատասխանեն սահմանադրական դատարանի հանձնարարականներին՝ չխաթարելով օրենքի տրամաբանությունն ու իմաստը:

-Պարոն Ջհանգիրյան, իսկ վարչապետի հանձնարարությամբ մշակվող նախագիծը, որը կառավարությունը ցանկանում է ապրիլի 28-ին հրատապ քննարկման դնել Աժ-ում, չի՞ լուծի «Դեմ-եմ»-ի պահանջները կամ դրանց մի մասը:

-Որքանով ես եմ տեղեկացված, ձեր մատնանշած նախագիծը կոչված է վերականգնելու այն վիճակը, ինչն առկա էր մինչև Սահմանադրական դատարանի որոշումը: Այսինքն՝ կառավարությունը առաջարկում է օրենքի տեսք տալ ՍԴ-ի աշխատակարգային որոշման պահանջներին, որով կասեցվել էր կուտակային կենսաթոշակային մասհանումից հրաժարվելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Դուք հիշում եք, թե ինչպիսի տարատեսակ մեկնաբանություն ու կիրառում գտավ  ՍԴ աշխատակարգային այդ որոշումը: Այնպես որ՝ եթե  կառավարության նախաձեռնությունը միայն դա է լինելու, կարծում եմ՝ դժգոհություններն ու բողոքները կշարունակվեն: