22.04.2014 22:24

Իրանը Կասպից ծովում անթույլատրելի է համարում ոչ առափնյա պետությունների ԶՈՒ ներկայությունը

Իրանը Կասպից ծովում անթույլատրելի է համարում ոչ առափնյա պետությունների ԶՈՒ ներկայությունը

Իրանը Կասպից ծովում անթույլատրելի է համարում ոչ առափնյա պետությունների զինված ուժերի ներկայությունը: Այդ մասին այսօր Կասպիական «հնգյակի» (Ռուսաստան, Ադրբեջան, ԻԻՀ, Ղազախստան, Թուրքմենստան) նախարարական համաժողովում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը:

«Կասպից ծովը խաղաղության, կայունության և բարեկամության ծով դարձնելը, սպառազինության մրցավազքը զսպելը, զինված ուժերի մասնակցությունը բացառելը և ոչ ափամերձ պետությունների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունը՝ ահա տարածաշրջանի խաղաղության և կայունության գլխավոր երաշխիքները,- ընդգծել է Զարիֆը և հավելել: - Իսկ անվտանգությունն ինքնին կբերի տնտեսական բարգավաճում»:

«Ցավոք սրտի՝ որոշ դերակատարներ՝ ո՛չ մեր տարածաշրջանից, Կասպից ծովը դիտարկում են միայն որպես նավթի ու գազի աղբյուր՝ մոռանալով էկոլոգիայի մասին,- շարունակել է Զարիֆը:- Իրանը ելնում է նրանից, որ Կասպիականի խնդիրները լուծելիս անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կապահովեն բազմակողմանի, երկարաժամկետ և կոլեկտիվ շահերը»:

Իրանի ԱԳ նախարարը համոզված է, որ Կասպից ծովի նոր կարգավիճակը պետք է համապատասխանի առափնյա պետությունների ժողովուրդների պահանջներին և ակնկալիքներին: Փոխանցում է Trend-ը: