23.04.2014 18:03

Գաբրիել Գարսիա Մարկես. Կյանքի oրենքները

Գաբրիել Գարսիա Մարկես. Կյանքի oրենքները

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում:

Մարկեսին մեծ համբավ բերեց 1961թ. լույս տեսած «Գնդապետին ոչ ոք չի գրում» պատմվածքը, իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք բերեց «Հարյուր տարվա մենություն» (1967) վեպով:

Մարկեսի գրական ստեղծագործությունները մոգական ռեալիզմի վառ նմուշներ են: 1972թ. Գաբրիել Գարսիա Մարկեսին շնորհվում է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակ, 1982թ.՝ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր և մուլտֆիլմեր:

Մեր մեծ ժամանակակիցը, աշխարհահռչակ գրողը վախճանվեց ապրիլի 18-ին 87 տարեկան հասակում: Նա հեռացավ, սակայն նրա թողած գրական ժառանգությունը դեռ հարյուրամյակներ սերունդների ուղեկիցը կլինի: Այսoր ներկայացնում ենք մեծ գրողի ու անհատականության կյանքի oրենքները:

Իմ միակ ցանկությունն այն է, որ ինձ սիրեն

«Ես միշտ ուզել եմ ստեղծել թեթև ժանրի оպերաներ: Ինձ նման մարդու դեպքում, ում միակ ցանկությունն այն է, որ իրեն սիրեն իր արածի համար, այսպիսի оպերաները վեպից ավելի արդյունավետ են»:

«Մենք ստիպված ենք մշտապես պայքարել լեզվի քարացածության դեմ: Այնպիսի բառեր, ինչպիսիք են «ժողովուրդ», «դեմոկրատիա»՝ կորցրել են իրենց իմաստը: Յուրաքանչյուր ոք, ով կարող է կազմակերպել ընտրություններ, իրեն դեմոկրատ է համարում»:

«Ես փորձեցի գրել հեքիաթներ, բայց ինձ չհաջողվեց: Ես դրանցից մեկը ցույց տվեցի տղաներիս, երբ դեռ փոքր էին: Նրանք վերադարձրին այն ինձ՝ ասելով. «Հայրիկ, դու կարծում ես՝ երեխաները լրիվ անխե՞լք են»»:

«Ես փորձում եմ կանխարգելել տհաճ անակնկալները: Աստիճանները նախընտրում եմ շարժասանդուղքներից»:

«ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայում հսկայական գումար է ներդնում, բայց նրանց չի հաջողվում անել այն, ինչ մենք կարող էիք անել առանց որևէ ցենտի:Մենք փոխում ենք նրանց լեզուն, երաժշտությունը, սնունդը, մտածելակերպը: Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կուզենային մեզ վրա ազդել»:

«Սպիդը սոսկ ավելացնում է սիրո ռիսկը: Սիրելը միշտ էլ վտանգավոր է եղել: Դա ինքնին մահացու հիվանդություն է»:

«Երբ ես երիտասարդ էի, պոռնիկներն իմ բարեկամներն էին: Ես նրանց մոտ էի գնում ոչ այնքան սիրով զբաղվելու, որքան միայնությունից ազատվելու համար: Ես միշտ ասել եմ, որ ամուսնացել եմ, որպեսզի մենակ չնախաճաշեմ: Իհարկե, Մերսեդեսն ասում է, որ ես շանորդի եմ»:

«Ես կին և երկու տղա եմ ունեցել: Ես փիառ մենեջեր եմ աշխատել և խմբագրել եմ կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար հարկավոր էր հրաժարվել աշխատանքից: Ես գրավ դրեցի ավտոմեքենաս և գումարը տվեցի Մերսեդեսին: Ամեն оր նա այս կամ այն կերպ ավելացնում էր իմ թուղթը, սիգարետ էր գնում և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր աշխատանքի համար: Երբ գիրքն ավարտված էր, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000 պեսո` հսկայական գումար: Լուր տարածվեց, որ ես ինչ-որ շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկություն հայտնեցին մասնակցել: Տեքստը հրատարակչին ուղարկելու համար անհրաժեշտ էր 160 պեսո, մինչդեռ մնացել էր ընդամենը 80: Այդ ժամանակ ես գրավ դրեցի միքսերն ու Մերսեդեսի ֆենը: Այդ մասին իմանալով՝ Մերսեդեսն ասաց` մնում է պարզվի, որ վեպը վատն է»:

«Եթե ինչ-որ գործում կին է ներգրավված, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար միանգամայն պարզ է, որ կանայք են ղեկավարում աշխարհը»:

«Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Եթե միանգամից սահմանեք խաղի կանոններ, ինչպիսին էլ որ նրանք լինեն, կանայք, սովորաբար, դրանք ընդունում են: Բայց տանել չեն կարողանում, երբ խաղի ընթացքում կանոնները փոխվում են: Այդպիսի դեպքերում նրանք դառնում են դաժան»:

«Կուբայում ես վիճեցի գրականության պրոֆեսորների հետ: Նրանք ասում էին՝ «Մենության հարյուր տարին» անսովոր գիրք է, բայց այն լուծումներ չի առաջարկում: Ինձ համար դա կարծրատիպ է: Իմ գրքերը նկարագրում են իրադրություններ և պարտավոր չեն լուծումներ առաջարկելու»:

«Ես մանրբուրժուական գրող եմ, և իմ տեսակետը միշտ եղել է մանրբուրժուական: Դա իմ չափանիշն է, իմ տեսանկյունը»:

«Եթե ես գրող չդառնայի, կուզենայի դաշնակահար լինել բարում: Այնտեղ ես կоգնեի սիրահարներին ավելի ուժգին սիրել միմյանց»:

«Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն: Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ կա ինչ-որ մեկը, որ ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ այս հարցազրույցից հետո նա ինձ սիրի»:

«Ի՞նչ է դրախտը: Խաղաղ եղանակ, ոչ մի խցանում և ոչ մի պարտականություն»: