25.04.2014 19:38

Անտոնիո Գաուդի. hետաքրքիր փաստեր նրա կյանքից

Անտոնիո Գաուդի.  hետաքրքիր փաստեր նրա կյանքից

Կատալոնացի աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ճարտարապետական ժառանգությունը տասնութ կառույցներ են, և բոլորը  գտնվում են Իսպանիայում: Ճարտարապետի՝ Բարսելոնայում և նրա արվարձաններում գտնվող յոթ աշխատանքներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Նրա ճարտարապետական կառույցներում միավորված են տեսանելին ու անտեսանելին: Գաուդիի երազանքը մարդուն բնության մեջ ներդաշնակ տեսնելն է. նա կերտում էր իր երազանքը: Ստորև ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր մեծ ճարտարապետի կյանքից:

Նա ուզում էր կառուցել այնպես, ինչպես կառուցում է բնությունը

 Գաուդիի մանկությունն անցել է ծովի  ափին: Առաջին ճարտարապետական փորձերի մասին տպավորությունները նա  իր մեջ կրում էր ողջ կյանքի ընթացքում:  Այդ պատճառով էլ  նրա տունը հիշեցնում է ավազե ամրոց: 

Ռևմատիզմի պատճառով տղան չէր կարողանում խաղալ երեխաների հետ և հաճախ էր մնում միայնության մեջ: Նա ժամերով ուշադիր հետևում էր ամպերին, ծաղիկներին…Անտոնիոն երազում էր ճարտարապետ դառնալ, բայց, միաժամանակ, չէր ուզում որեւէ բան հայտնագործել: Ուզում էր կառուցել այնպես, ինչպես կառուցում է բնությունը, և լավագույն ինտերյեր էր համարում երկինքը և ծովը, իսկ կատարյալ քանդակագործական կերտվածքներ` ծառն ու ամպը:

Երբ մի անգամ դպրոցի ուսուցիչն ասաց, որ թռչունները կարող են թռչել թևերի շնորհիվ, դեռահաս Անտոնիոն ընդդիմացավ` թևեր ունեն նաև տնային հավերը, բայց թռչել չգիտեն, սակայն դրանց շնորհիվ նրանք արագ են վազում: Նա ավելացրեց, որ թևեր ունի նաև մարդուն, պարզապես միշտ չէ, որ գիտի դրա մասին:

Երբ Անտոնիոն Բարսելոնայի համալսարանի ճարտարապետական սեմինարի ուսանող էր, նրա ղեկավարը չէր կողմնորոշվում, թե ում հետ գործ ունի՝ հանճարի՞, թե՞ խելագարի: 

Գաուդին ուսումնական նախագծի թեմա էր ընտրել գերեզմանի դարպասը: Դա այն ամրոցի դարպասն է, որը բաժանում է մեռածներին ու ողջերին, եւ ասես վկայում է, որ հավերժական հանգիստը լոկ պարգև է ապրած արժանավոր կյանքի համար: 

Գաուդին աչքերը միմյանցից տարբերվում էին. մեկը հեռատես էր, մյուսը`կարճատես: Սակայն, նա չէր սիրում ակնոց կրել, ասում էր. «Հույները ակնոց չեն կրել»: 

«Խելագարություն է փորձել պատկերել գոյություն չունեցող оբյեկտը»- գրել է նա իր պատանեկան  оրագրում: 

Նա ատում էր փակ և երկրաչափորեն ճիշտ, ընդարձակ տարածքները, իսկ պատերն ուղղակի խելագարության էին հասցնում նրան: Խուսափում էր ուղիղ գծերից: Գաուդիի կարծիքով՝ ուղիղ գիծը մարդու ստեղծածն է, իսկ շրջանը` Աստծու: Ավելի ուշ նա կասի. «…Կանհետանան անկյունները, և մատերիան շռայլորեն հանդես կգա իր աստրալ միջավայրում. Արևն այստեղ կթափանցի բոլոր կողմերից, և կհառնի դրախտի կերպարը. այսպես իմ ստեղծագործությունըը կդառնա լույսից էլ լուսավոր»: 

Որպեսզի կացարանը «չբաժանի» մասերի, նա ստեղծեց սեփական համակարգը` առանց ծածկի: 100 տարի հետո միայն հայտնվեցին համակարգչային ծրագրեր, որոնք կարող են կատարել նման հաշվարկներ: 

Նա կատարելության оրինակ էր համարում հավի ձուն, և  որպես ապացույց բնության այդ հրաշքի` մի ժամանակ միշտ իր մոտ պահում էր հավի հում ձվեր: Դրանք նա վերցնում էր նախաճաշի համար և պահում գրպանում: 

Անտոնիո Գաուդիի տաղանդը, բնականաբար, լայնորեն հայտնի էր Կատալոնիայում: Նրա նկարները կարելի է գտնել ճանապարհորդական ալբոմի ծալած թղթերի վրա: Սակայն, իրականում Գաուդիին «բացահայտեցին» միայն 1952 թվականին, նրա մահվանից  26 տարի հետո, երբ տեղի ունեցավ նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը:

Հանրաճանաչ ճարտարապետն ունի բոլոր շանսերը՝ դառնալու «ամենաավանգարդ» սուրբը կատալոնական եկեղեցու պատմության մեջ; Իսպանացի  կաթոլիկները մեկ անգամ չէ, որ դիմել են  Հռոմի պապին՝ Գաուդիին սրբադասելու համար: