25.04.2014 18:48

Այսօր «կնքահայր» Ալ Պաչինոյի ծննդյան օրն է

Այսօր «կնքահայր» Ալ Պաչինոյի ծննդյան օրն է

Այսօր ամերիկյան կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան, ռեժիսոր Ալ Պաչինոյի (Ալֆրեդո Ջեյմս Պաչինո) ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1940թ–ի ապրիլի 25-ին Նյու Յորքում: Ալ Պաչինոյի ծնողները բաժանվել են, երբ նա ընդամենը 2 տարեկան էր: Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվել է հարավային Բրոնքս և բնակվել մոր ծնողների հետ: Իր հուշերում Ալ Պաչինոն գրել է. «Չնայած նրան, որ մայրս շատ էր աշխատում, նա ժամանակ էր գտնում ինձ կինո տանել։ Իսկ հաջորդ օրը մնալով տանը մենակ՝ ես խաղում էի այդ ֆիլմը սկզբից մինչև վերջ՝ խաղալով ֆիլմի բոլոր հերոսներին»։

Ալ Պաչինոն կինոյում առաջին անգամ խաղացել է 1969թ–ին «Ես, Նատալի» ֆիլմում: 1971թ–ին նկարահանվել է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրել նրան խաղալու հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություններ։

Ալ Պաչինոն մարմնավորել է 50 դեր, 7 անգամ ներկայացվել է «Օսկարի» և ստացել մեկ մրցանակ («Կնոջ բույրը» ֆիլմում կույր գնդապետի դերի համար)։

Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է: