25.04.2014 19:47

Անտոնիո Բանդերասը կխաղա Պաբլո Պիկասո

Անտոնիո Բանդերասը կխաղա Պաբլո Պիկասո

Իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան, որ ավելի քան 30 ֆիլմերի հեղինակ է, որոնցից մի քանիսն արժանացել են Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակների, տեղեկացրել է, որ այս տարի մտադիր է սկսել իր նոր՝ «33» ֆիլմի նկարահանումները, որը կպատմի Պաբլո Պիկասոյի աշխատանքի մասին «Գերնիկա» կտավի վրա:

Ֆիլմի գործողության հիմնական մասը տեղի է ունենում նկարչի արվեստանոցում: Նկարահանումների համար ստեղծվել է Ֆրանսիայում Պիկասոյի արվեստանոցի ճշգրիտ նմանակը, որտեղ տառացիորեն մեկ ամսում Պիկասոն ստեղծել է իր նշանավոր կտավը: Պիկասոյի դերի համար ռեժիսորը հրավիրել է Անտոնիո Բանդերասին: Դերասանը, ինչպես և Պիկասոն, ծնվել է Մալագայում:

Բանդերասն արդեն հաստատել է, որ ցանկանում է նկարահանվել այդ դերում՝ նշելով, որ իրեն հատկապես գրավում է նկարչի ստեղծագործելու ընտրված ժամանակաշրջանը: «Կարծում եմ՝ ես արդեն հասունացել եմ այդ դերի համար»,- ասել է դերասանը:

Կինոնկարում կնոջ գլխավոր դերը կկատարի Գվինեթ Փելթրոուն, որը հայտարարել է, թե դա կանի «մեծ հաճույքով»:

Հաղորդում է ИТАР-ТАСС-ը: