29.04.2014 11:53

«Հայաստանի օգտին լրտեսության» գործով հարցաքննել են ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին

«Հայաստանի օգտին լրտեսության» գործով հարցաքննել են ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին

Ադրբեջանցի հայտնի հասարակական գործիչ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն  Լեյլա Յունուսը հարցաքնության է կանչվել դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. նրա հետ միասին բերման ենթարկված նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը նախակաթվածային վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: 

Նրանք բերման են ենթարկվել օդանավակայանում՝ դեպի Դոհա, այնտեղից էլ՝ Փարիզ՝ ԵՄ հովանու ներքո անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու նպատակով մեկնումից առաջ:

Ամուսիններին օդանավակայանից տեղափոխել են բնակարան՝ խուզարկւթյան նպատակով: Լեյլա Յունուսը հրաժարվել է բացել բնակարանը՝ պնդելով, որ խուզարկությանը ներկա գտնվեն հասարակական ակտիվիստները: Իրավապաշտպանը հայտարարել է, թե չի վստահում իրավապահներին, որ նրանք կարող են բնակարանում «մի բան թողնել»:

Իրավապահները սպառնացել են կոտրել դուռը, ապա՝ փորձել են համոզել տանտերերին բացել դուռը՝ նշելով, թե դա «զուտ ձեւական գործընթաց է»: Այն բանից հետո, երբ Արիֆ Յունուսի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, Լեյլա Յունուսը կտրականապես հրաժարվել է բանակցել ոստիկանների հետ:

Իրավապաշտպանին հրավիրել են քննչական վարչություն իր փաստաբանի ուղեկցությամբ: Վարչությունում Յունուսը հայտարարել է, թե իրեն ուղեկցող ոստիկաններն իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել:

Ենթադրվում է, որ Յունուս ամուսինների հարցաքննությունը կապ ունի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործի հետ, որը կալանավորվել է Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Միրկադիրովը մասնակցել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպած նախագծերին: