30.04.2014 13:26

Վահե Հովհաննիսյան. ԲՀԿ-ն պարտավոր է ձեւակերպել հստակ մոտեցումներ

Վահե Հովհաննիսյան. ԲՀԿ-ն պարտավոր է ձեւակերպել  հստակ մոտեցումներ

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը

-Պրն Հովհաննիսյան, նոր քաղաքական իրավիճակի պայմաններում տպավորություն  է ստեղծվում, թե ԲՀԿ-ն կարծես թե չի կարողանում ձեւակերպել իր հետագա գործունեության սկզբունքները: Այդ են վկայում են նաեւ ԱԺ-ում որոշ քվեարկություններ եւ որոշ նախագծերի հանդեպ կուսակցության քառյակից տարբերվող դիրքորոշումները:

-Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է նոր քաղաքական պայմաններ: Ըստ իս՝  ունենք երկու նորույթ.  առաջինը՝ նոր կառավարությունն է, երկրորդը՝ Սահմանադրական հանրաքվեի գաղափարը: Մնացած ամեն ինչը նույնն է՝ տնտեսական ծայրահեղ վատ ցուցանիշները, մարդկանց խիստ ցածր բարեկեցությունը, արտագաղթի վտանգավոր միտումները, փոքր ու միջին բիզնեսի կոլապսային վիճակը,  գաղջ մթնոլորտը եւ այլն: Կարծում եմ կհամաձայնվեք, որ այս հարցերում որեւէ փոփոխություն չի եղել:

Նման  պայմաններում ԲՀԿ-ի տեսակետները չեն կարող  էապես փոխվել: Եվ չի կարող փոխվել այն օրակարգը, որը քաղաքական ուժը ձեւակերպել է եւ ներկայացրել հանրությանը: Ինչ վերաբերում է նոր կառավարությանը եւ Սահմանադրական հանրաքվեի գաղափարին, ապա այս հարցերում ԲՀԿ-ն պարտավոր է ձեւակերպել  հստակ մոտեցումներ, լինել հասկանալի եւ հիմնավորված:

-Կա տեսակետ, որ ԲՀԿ-ում  նկատվում են անկումային տրամադրություններ՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ տեսակետների տարամիտում  ամենակարեւոր խնդիրների շուրջ:

-Սա նորմալ քաղաքական ցիկլ է: ԲՀԿ-ն խնդիր էր դրել հասնել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականին: Սա դժվար լուծելի խնդիր էր, որին շատ շատերը չէին հավատում:  Սակայն մեզ, մեր գործընկերների հետ համատեղ,  գրագետ քայլերի եւ հասարակության մեծ աջակցության շնորհիվ հաջողվեց լուծել խնդիրը:  Երբ դնում ես դժվար խնդիր ու հասնում ես դրա լուծմանը , բնականաբար մի պահ առաջանում է լարվածության անկում: Սա բնական երեւույթ է:  Սա կարող է լինել շատ կարճ մի փուլ, բայց կարող է նաեւ ձգձգվել, ինչն արդեն վտանգավոր կլինի քաղաքական ուժի համար:

Ո՞րն է լուծումը: Ես կարծում եմ, որ  մի փոքր դադարից հետո, եւս մի փոքր համբերելուց հետո  Գագիկ Ծառուկյանը պետք  է թիմի համար եւ առաջին հերթին հասարակության համար հստակ ձեւակերպի ստեղծված նոր պայմաններում եւ շարունակվող հին խնդիրների պարագայում իր տեսակետները, գործունեության քաղաքական օրակարգը՝ առանց խուսափելու որեւէ սուր  հարցադրումից: Վստահ եմ, միայն այսպես հնարավոր կլինի վերջակետ դնել անորոշությունների փուլին:

-Կա տեսակետ, որ ԲՀԿ-ում քաղաքական թիմի եւ գործարարների միջեւ կան  լուրջ տարաձայնություններ:

-Ես տարբեր առիթներով ասել եմ եւ հիմա մեկ անգամ եւս հավաստիացնում եմ՝ չկա նման բան: Անձամբ ես շատ հարգում եմ մեր գործարար թեւի շատ ներկայացուցիչների, նրանցից ոմանց հետ ունեմ լավ ընկերական հարաբերություններ: Ես ցավում եմ, որ մեր հասարակության մեջ արհեստականորեն ձեւակերպվել է գործարարի վատ իմիջ: Իրականում գործարար խավը, բիզնես համայնքը երկրի կարեւորագույն շարժիչներից մեկն է: Եվ նրանց մեղքը չէ, որ հայտնվել են կիսասնանկացած վիճակում եւ ենթակա են որոշակի ճնշումների:  Իհարկե, կարող են լինել  պատգամավորներ, կան ցանկացած այլ մարդիկ, որոնց հետ կլինեն ե՛ւ տարաձայնություններ, ե՛ւ նույնիսկ տեսակային անհամատեղելիություն, բայց դա ոչ մի կապ չունի մարդը գործարար է, ատամնաբույժ, թե երաժիշտ:

-Պրն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք պատկերացնում քառյակի հետագա գործունեությունը: Այստեղ նույնպես տեսակետ կա, որ մոտ ապագայում քառյակի գործունեությունը կարող է անիմաստ դառնալ:

-Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի քառյակը շարունակի էֆեկտիվ գործել: Ի դեպ, դրա համար կան բոլոր նախադրյալները: Քառյակի գործունեության դադարումը կամ նույնիսկ պասիվությունը ձեռնտու չէ քառյակի անդամներից որեւէ մեկի: Ավելի խորը վերլուծելու դեպքում, կհասկանանք, որ քառյակի գործունեության դադարումը ձեռնտու չէ նաեւ նոր կառավարությանը: Կհասնե՞ն քաղաքական ուժերը եւ ազդեցիկ անհատները՝ ես արդեն չգիտեմ:

Գիտեք, բացի կարճաժամկետ խնդիրներից կան նաեւ ավելի ռազմավարական խնդիրներ: Ի վերջո, ինչպե՞ս են պատկերացնում  քաղաքական ուժերը երկրի ապագա կամ հաջորդ քաղաքական վերնախավը, ի՞նչ կառուցվածք , ինչու չէ. Ի՞նչ անհատական կազմ է  այն ունենալու, հակակշիռների ի՞նչ մեխանիզմներով է աշխատելու: Կամաց-կամաց մոտենում է այս հարցերին անդրադառնալու եւ պատասխաններ կամ գոնե պատասխանների տարբերակներ ձեւակերպելու փուլը:

Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ Ծառուկյանի հետ, մշտապես շփվում եմ ՀԱԿ-ի իմ գործընկերների հետ, Ժառանգության իմ գործընկերների  հետ, Դաշնակցության իմ գործընկերների եւ ընկերների հետ, ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանի հետ, մշտապես շփվում եմ  քաղաքական, հասարարական ազդեցիկ դեմքերի հետ, երկրի տնտեսական էլիտայի ներկայացուցիչների հետ, հեղինակություն ունեցող, բայց ապաքաղաքական այլ խմբերի հետ, բայց իմ բարձրացած հարցի պատասխանը չի ձեւակերպվում: Ասեմ ավելին, ապագայի տեսլականի հարցը նոր հարցեր է ծնում, փոխարենը՝ պատասխաններ ուրվագծվի:

Սա ոչ մի լավ բանի չի բերի: Սա ռացիոնալ մոտեցում չէ: Սա նույնիսկ էմոցինոալ մոտեցում չէ: Սա երկրի քաղաքական եւ այլ համակարգերի թերզարգացվածության մասին է խոսում: ԵՎ վերջապես, սա ազնիվ մոտեցում չէ  ժողովրդի եւ հասարակության առաջ: Միլիոնավոր մարդիկ սպասում են իրենց կյանքի որակի եւ բարեկեցության բարձացմանը, երկրում արդարության վերականգնմանը, սպասում են իրենց տանջող հարցերի լուծմանը եւ ոչ թե կուսակցական կամ քաղաքական էլիտաների հասունության եւ պատասխանատվության ավարտական հանդեսին:

-Եվ վերջին  հարցը. Կառավարության նոր կազմը ժողովրդի մոտ  հիասթափության նոր ալիք բարձրացրեց՝ նկատի ունեմ մի շարք նախարարների վերանշանակումը: Օրինակ` ԿԳՆ Արմեն Աշոտյան եւ այլն:

-Բայց ինչո՞ւ եք սեւեռվել հենց Ա. Աշոտյանի վրա: Իսկ ու՞մ է նա զիջում: Ի տարբերություն շատերի, նա  տեսակետ է ձեւակերպում  եւ պաշտպանում այն: Գուցե  Հայաստանում այսօր ամենաշահեկան կարգավիճակը տեսակետ չունենալն  է. չգիտեմ:  Իսկ կառավարության անհատական կազմը, ընդհանրապես, ինձ քիչ է հետաքրքրում: Ավելի կարեւոր են ծրագիրը եւ իրական քայլերը:   

Արման Գալոյան