02.05.2014 12:05

Ն. Զոհրաբյան. Պարտավոր ենք հարգել մեծամասնության ձայնի իրավունքը

Ն. Զոհրաբյան. Պարտավոր ենք հարգել մեծամասնության ձայնի իրավունքը

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը

-Տիկին Զոհրաբյան, Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը շարունակում է համարվել վերջին օրերի ամենասկանդալային հայտարարությունը։ Չե՞ք կարծում, որ նման հայտարարությունից հետո ՀՀԿ-ն պետք է հստակ պարզաբանում տա։

-Լինեմ անկեղծ. առաջին պահին ինձ թվաց, թե դա հերթական ինքնագործունեությունն է, սխալ հաշվարկված եւ արված հայտարարություն։ Սակայն, տեսնելով այն էնտուզիազմը, որով այդ հայտարարությունը իշխանական թիվ մեկ քարոզչամեքենան սկսեց  սփռել՝ ակնհայտ դարձավ, որ սա հստակ մեսիջ էր իշխող կուսակցության կողմից։ Հայտարարության կոդը հետեւյալն էր՝ ՀՀԿ-ն այլես  ՍՄԿԿ է, եւ բոլոր ճանապարհներն այսուհետ պետք է անցնեն ՍՄԿԿ գլխավոր քարտուղարությունով՝ Մելիք Ադամյանով։ Ժամանակին ֆաշիզմի կարկառուն դեմքերի հայտարարությունները եւս ոչնչով չէին տարբերվում այսօրինակ հայտարարությունից։ Եւ, ի դեպ, սահմանադրական փոփոխությունների ներկայացրած փաթեթը այս հայտարարության սահմանադրա-իրավական հենքն է ապահովում՝ մեկ կուսակցության իշխանություն։ Շատ կցանկանայի այս հայտարարության վերաբերյալ լսել Եվրոպայի ամենախոշոր կուսակցական ընտանիքի՝ ԵԺԿ-ի դիրքորոշումը՝ իր դիտորդ անդամ կուսակցության մենաշնորհային ամբիցիաների  վերաբերյալ։ Եթե, իհարկե, ԵԺԿ-ն ինքը վաղուց արդեն չի վերածվել եվրոպական օլիգարխ-կուսակցություների ընտանիքի։

-Տիկին Զոհրաբյան, չնայած դուք քանիցս պարզաբանել եք, սակայն ԱԺ նախագահի ընտրության հարցում ԲՀԿ-ի մոտեցումը լուրջ հարցեր է առաջացրել հանրության եւ լրագրողական շրջանակներում։ Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարեց, որ կառավարության ծրագրի քվեարկությունը ԲՀԿ-ի համար, այսպես ասենք, վերջին ստուգողականն է լինելու։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

-Կարծում եմ, բոլորը վաղուց պիտի համոզված լինեին, որ ԲՀԿ-ի հետ ուլտիմատիվ կերպով  խոսելը որեւէ պոզիտիվ տեղ չտանող ճանապարհ է։ Ինչեւէ, կրկնում եմ միլիոներորդ անգամ. եթե անգամ երեք միլիոն քվեարկություն լինի, եւ մեր խմբակցության մեծամասնությունը որոշի, որ յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր քվեարկության մեջ, կամ պիտի քվեարկի այս կամ այն կերպ, դա լինելու է այդպես։ Սա է ժողովրդավարությունը, եւ եթե անգամ ինձ կամ իմ որեւէ այլ գործընկերոջ դուր չի  գալիս այս կամ այն  որոշումը, մենք բոլորս պարտավոր ենք հարգել մեծամասնության ձայնի իրավունքը։ Քառյակում չի եղել միասնական թենկածուով հանդես գալու որոշում։ Ավելին, քառյակում կա հստակ պայմանավորվածություն, որ միասնական որոշում չունենալու դեպքում յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր որոշման մեջ, եթե անգամ դա տրամագծորեն հակառակ է քառյակի մնացյալ կուսակցությունների որոշմանը։ Օրինակ, նույն քառյակում տրամագծորեն  հակառակ կարծիքներ կան սահմանադրական փոփոխությունների այս փուլում անհրաժեշտության վերաբերյալ, եւ մենք դրանից որեւէ ողբերգություն չենք սարքում։ Ինչեւէ, դառնամ քվեարկությանը. այլ հարց է, որ, այո, ես, Վահե Հովհաննիսյանը եւ իմ մի քանի գործընկեր գտնում էինք, որ եթե մեր պատգամավորները ազատ են իրենց մասնակցության մեջ, ապա տրամաբանական կլինի, որ ԲՀԿ ներկայացուցիչը մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Սակայն, խմբակցության մեծամասնությունը որոշեց, որ պետք է պահպանել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների բոյկոտը, եւ արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։

դեպ, Վահե Հովհաննիսյանի անունը տվեցիք, որը երեկ մամուլում ասել էր, թե որոշ կենտրոններից հստակ միտում կա ձեր եւ իր  հարաբերություններում կոնֆլիկտ առաջացնելու։ Իրապես կա՞ նման խոսակցություն։

-Դե, եթե ինչ-որ մարդիկ թե՛ ինձ, եւ թե՛ Վահեին պարբերաբար նման լուրեր են հասցնում, ուրեմն ինչ-որ մարդիկ խիստ շահագրգիռ են այդ հարցում։ Նախապես ասեմ՝ զուր էներգիա եւ ռեսուրս  են վատնելու։ Ես եւ Վահեն նույն արժեհամակարգի մարդիկ ենք, ում համար արժանապատվությունը,  սկզբունքները, ընկերությունը վեր են ցանկացած պաշտոնից եւ մանդատից։ Կարծում եմ՝ ասացի շատ հստակ եւ ընկալելի բոլորի համար։