02.05.2014 15:11

Սերժ Սարգսյանի օգտին աշխատող կրկնադհոլները. 7or.am

Սերժ Սարգսյանի օգտին աշխատող կրկնադհոլները. 7or.am

Սերժ Սարգսյանի ձևավորած «նոր»կառավարությունը նախորդից տարբերվում է միայն «տիեզերական» և«նյուվասյուկիստական» ծրագրերով։ Ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ։

Նոր վարչապետը «մասշտաբային» հեքիաթներ չի պատմում, բայց իր դեմագոգիկ ելույթներով ու շոումենությամբ չի զիջում Տիգրան Սարգսյանին։

«Հայկական աշխարհի» ռահվիրայի իրականացրած կուրսի շարունակականությունն ապահովելու հրահանգ ստացած Հովիկ Աբրահամյանին հիմա այլ բան չի մնում անել, քան լավամարդ երևալ և կոնկրետություն պահանջող հարցերը լղոզել։ Հենց դրանով էլ նա զբաղված է։ Ձգտում է լավամարդ լինել հանրության, Սերժ Սարգսյանի, ոչիշխանական ուժերի, ՀՀԿ–ականների համար։ Բայց արդյունքում հայտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան Տիգրան Սարգսյանի դեպքում ունեինք։

Թող զարմանալի չթվա, բայց Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրն այս «նոր» կառավարության ձախողումն է՝ ելնելով ինչ–ինչ հաշվարկներից։ Ինչպես կյանքն է ցույց տվել, Հայաստանի ու Սարգսյանի շահերը մշտական հակադրության մեջ են։ Նրա խնդիրը ոչ թե երկրում վիճակը լավացնելն է, այլ սեփական իշխանությունը պահպանելն ու վերարտադրվելը։ Տիգրանի հեռացմամբ և Հովիկի նշանակմամբ բան չի փոխվել։

ՀՀԿ ղեկավարն ուզում է իշխել, բայց ունենալ զրո պատասխանատվություն։ Այդ իսկ նպատակով«Գեբելսյան» քարոզչամեքենան լծվել է Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությունը նույն Սերժ Սարգսյանից տարանջատելու գործին։

Քաղաքականապես անմեղսունակների ու պատվերով համերգ տվող սազանդարներիշուրթերով տարածում են, թե, իբր, խեղճ Ս. Սարգսյանը զիջել է իր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին։ Որպես հիմնավորում է ներկայացվում այն, թե, իբր, քոչարյանական կադրեր են բերում կառավարություն։ Կարծես Սերժ Սարգսյանը Կոմկուսը ներկայացնող Սուրեն Հարությունյանի կամ Վլադիմիր Մովսիսյանի կադրն էր Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ ահա Կարեն Ճշմարիտյանը կամ Հովիկ Աբրահամյանը՝ Քոչարյանինը։

Եթե «կադրային» տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Քոչարյանի ամենակարկառուն կադրերը Սերժ և Տիգրան Սարգսյաններն են (նկատենք՝ անհաջող կադրերը)։ Այնպես որ, առնվազն անհեթեթ է պատասխանատվությունից խուսափելու և «մուտիլովկաներ» տարածելու նպատակով առաջ քաշել սրա կամ նրա «մարդու» գաղափարը։

«Գեբելսյան» քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել նաև մեկ այլ «մուտիլովկա»։

«Սմբակներ և կոտոշներ» կանտորան հիշեցնող Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը իշխանամետ «news.am»–ին տված հարցազրույցում նշել է, թե, իբր, ԲՀԿ–ն իր «մարդկանց» է նշանակել Հովիկ Աբրահամյանի կառավարությունում։

«Այսօր ձեւավորված կառավարությունում հենց Բարգավաճի մարդիկ են, դրա համար էր այս ուժը Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջում»,– ասել է երիտօլիգարխիայի մոտ «նոքյարություն» անող Ենոքյանը։

Նմանատիպ պնդումները նույն՝ «Քոչարյանական կադրերն են վերադառնում» դհոլական շարքից են, բայց բարգավաճական տարբերակով։ ԲՀԿ–ին կարելի է քննադատել ԱԺ նախագահի ընտրության ժամանակ թույլ տված սխալի համար, բայց ասել, որ ԲՀԿ–ի «մարդիկ» են նշանակվում կառավարությունում, առնվազն դհոլություն է։ Իսկ Աղասին նորվա դհոլը չէ։ Նա մշտապես աշխատել է իշխանությունների հետ գովազդային շուկայում, բայց հանրությանը փորձել է ներկայանալ որպես անկախ քաղաքագետ, մինչդեռ շարքային «դյուքանչի» է։

Ուշագրավն այն է, որ «թունդ ընդդիմադիր» և «սաստիկ արևմտամետ» ներկայանալ սիրողԱղասի Ենոքյանը աշխատում է դեպի Մաքսային միություն սլացող Կառավարությունում։ Սույն քաղաքական քամելեոնը և Արտաշես Գեղամյանի հոգեզավակը, փաստորեն, խոսում է այս կամ այն սուբյեկտի՝ իբր քաղաքական խաղեր տալու մասին, բայց ինքն «ափաշքարա» խաղեր է տալիս՝ աշխատանքային ժամերին պաշտոնապես սնվելով ռեժիմից ու ինտեգրվելով ՄՄ–ին, իսկ ահա աշխատանքից ազատ ժամերին ներկայանում «Սմբակներ և կոտոշներ» կանտորայի տնօրեն ու «արևմտամետ» դիրքերից դհոլություն անում և՛ իր անմիջական շեֆ Հովիկ Աբրահամյանի, և՛ ԲՀԿ–ի դեմ։

Թե քանի ախմախի կհամոզեն աղասիենոքյաններն ու նրա կոլեգաները, որ քոչարյանական կադրերին է հանձնվել կառավարությունը, կամ որ այս կառավարությունում ԲՀԿ–ի մարդիկ են նշանակվել, զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում։ Պարզապես հետաքրքիր կլինի իմանալ, թե քանի մանր եղջերավոր կա Հայաստանում, որոնք քայլում են երկու ոտքի վրա։

Մեկ բան ակնհայտ է` «Գեբելսյան» քարոզչամեքենայի «պտուտակները» ուզում են սպասվող ձախողումները կապել վեց տարի նախագահական պոստից հեռացած Ռ. Քոչարյանի կամ ԲՀԿ–ի հետ ու անմեղ հրեշտակի տեղ ներկայացնել Ս. Սարգսյանին, ով ուղղակի պատասխանատվություն է կրում անցած վեց տարիներին արձանագրված հետընթացի համար, և շարունակելու է պատասխանատու լինել այնքան ժամանակ, որքան որ կնստի նախագահի աթոռին։

«Սա Սերժի կառավարությունը չէ» էժանագին «ատմազկան» չի անցնում։

Սերժ Սարգսյանին այս կառավարությունից տարանջատելը կրկնադհոլություն է, քանզի մի կողմից փորձ է արվում մաքրել նրան, իսկ մյուս կողմից փորձ է արվում Սարգսյանի ձախողումները բարդել այլոց վրա։

Բա էլ կրկնադհոլությունն ինչպե՞ս է լինում։ Հո պոզ ու պոչ չի՞ ունենում։

Կրկնադհոլություն է Աղասի Ենոքյանի և նրա նմանների պահվածքը նաև այն պատճառով, որ սրանք սնվում են ՄՄ–ից, բայց հանրությանը ներկայանում են որպես արևմտամետներ։

Ու զարմանալի չէ, որ այս տեսակը հայտնվել է Սերժ Սարգսյանի շրջապատում։ «Ռիբակ ռիբակա վիդետ իզ դալեկա» (ձկնորսը ձկնորսին հեռվից է տեսնում), ինչպես ասում են Սերժ Սարգսյանի սիրած ՄՄ–ում։

Սևակ Մինասյան

www.7or.am