05.05.2014 21:03

«Շփոթվում եմ, երբ խոսում են Պուտինի մերկ մարմնի մասին»

«Շփոթվում եմ, երբ խոսում են Պուտինի մերկ մարմնի մասին»

Մայիսի սկզբին ԱՄՆ մայրաքաղաքում ամեն տարի  արդեն ավանդաբար տեղի է ունենում հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան: Դա այն եզակի միջոցառումն է, որտեղ քաղաքական գործիչները կարող են իրենց հոլիվուդյան աստղ զգալ: Նրանք մայիսի առաջին շաբաթ օրը Վաշինգտոն են հրավիրում դերասանների, նշանավոր մարդկանց, մարզիկների: Ընդունելությունը սովորաբար փորձում են բաց չթողնել Հոլիվուդի այն աստղերը, ովքեր զբաղված են քաղաքական թրիլլերներում կամ Կոլումբիա շրջանի բարքերի մասին պատմող սերիալներում:

Սպիտակ տան թղթակիցների ընկերության ամենամյա հանդիսավոր ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ավանդական երգիծական մենախոսությամբ: Նա ծաղրել է ինքն իրեն, իր քաղաքական հակառակորդներին ու հիշել է նույնիսկ Վլադիմիր Պուտինին:

Օբաման կատակել է, որ առաղջապահության բարեփոխումների առաջին փուլում համապատասխան ինտերնետ-կայքը խափանված է եղել: Այնուհետև նա մի քիչ քննադատել է լրատվամիջոցներում իր ընդդիմախոսներին՝ ծաղրելով Fox News հեռուստատեսությանը, որին դեմոկրատները մեղադրում են հանրապետականներին համակերլու համար: «Դուք կտխրեք, երբ ես հեռանամ Սպիտակ տնից: Ամերիկացիներին դժվար կլինի համոզել, որ Հիլարին ծնվել է Քենիայում» (Հիլարի Քլինթոնը գալիք ընտրություններում համարվում է դեմոկրատների հիմնական թեկնածուն: Մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Բարաք Օբաման իրավունք չունի լինելու ԱՄՆ նախագահ, քանի որ ծնվել է Քենիայում, թեպետ Սպիտակ տունը ներկայացրել է նրա ծննդյան վկայականը, որտեղ նշված է որ նա լույս աշխարհ է եկել Հավայան կղզիներում):

Իր քաղաքական ընդդիմախոսներին Օբաման ձեռ է առել նաև Ռուսաստանի ղեկավարի հասցեին հաճոյախոսություններ շռայլելու համար: «Իմ քննադատներն ինձ համեմատում են կայսեր հետ…Չէ՞ որ ամերիկյան պահպանողականների նոր կուռքը ոչ այլ ոք է, քան Վլադիմիր Պուտինը: Անցյալ տարի Փեթ Բյուքենենը ( ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն) հայտարարեց, թե Պուտինը խաղաղության Նոբելյան մրցանակի է գնում: Ճիշտն ասած՝ այդ մրցանակը հիմա հանձնում են ում պատահի»,- կատակել է այդ մրցանակի դափնեկիր Օբաման: «Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ասել է, թե Պուտինը նա է, ում առաջնորդ են անվանում,- շարունակել է Օբաման:- Մայք Հաքաբին (նախագահի նախկին հանրապետական թեկնածուն) և Շոն Հեննիթին (FoxNews-ի հաղորդավարը) չեն հոգնում խոսել Պուտինի մերկ իրանի մասին, ինչը, ճիշտն ասած՝ անհանգստացնում է ինձ…»:  Այդտեղ էկրանին հայտնվել է Ռուսաստանի նախագահի հայտնի լուսանկարը՝ որսի ժամանակ: Փոխանցում է gazeta.ru-ն: