07.05.2014 22:47

Նիգերիան $300 հազար է խոստանում առևանգված աշակերտուհիների մասին տեղեկատվության համար

Նիգերիան $300 հազար է խոստանում առևանգված աշակերտուհիների մասին տեղեկատվության համար

Նիգերիայի ոստիկանությունը 300 հազար դոլար պարգևավճար է խոստացել այն տեղեկության համար, որը կօգնի ազատել երեք շաբաթ առաջ երկրի հյուսիսում առևանգված 230 աշակերտուհիներին:

Ապրիլի 16-ին նիգերիական Բորնո նահանգի դպրոցներից մեկից առևանգվել են մի քանի աղջիկներ: Նրանց ուղարկել են Կամերուն և ստիպողաբար ամուսնացրել: Մի քանի աշակերտուհիներ Չադ լճով են տեղափոխվել Կամերուն և այնտեղ վաճառվել յուրաքանչյուրը 15 դոլարով:

Ականատեսների վկայությամբ՝ գրոհայինները, որոնք, ամենայն հավանականությամբ, իսլամիստական «Բոկո Հարամ» (թարգմանաբար նշանակում է՝ «Արևմտյան կրթությունն արգելվում է») զինված խմբավորման անդամներ են, ժամանել են ուշ գիշերով, բեռնատար մեքենաներով, և հանրակացարանի բոլոր աղջիկներին հրամայել են բարձրանալ մեքենան:

«Բոկո Հարամը» զինված պայքար է մղում Նիգերիայի հյուսիսում իսլամական պետություն ստեղծելու համար: Փոխանցում է BBC-ն: