08.05.2014 16:05

ՀՀԿ-ական պատգամավոր. Կարեւորը ԱԺ-ն ղեկավարելն է

ՀՀԿ-ական պատգամավոր. Կարեւորը ԱԺ-ն ղեկավարելն է

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը

-ՀՀԿ-ն խորհրդարանում միայնակ է մնացել՝ ԱԺ 6 խմբակցություններից 5-ը ձեր դեմ են: Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը:

- Շատ նորմալ: Ի՞նչ պրոբլեմ ունենք: ՀՀԿ-ն քվորումի պրոբլեմ չունի, որեւէ այլ պրոբլեմ չունի, միակ խնդիրը՝ մենք ցանկանում ենք հնարավորինս բազմակարծություն ապահովել, ու այսպես այդ բազմակարծությունը կապահովվի:

- Խորհրդարանական ճգնաժամի նախանշաններ են կարծես նկատվում:

- Ես նման բան չեմ տեսնում:

- Ձեր ֆրակցիան եթե քվեարկությունների ժամանակ չկարողանա միայնակ քվորում ապահովել, ի՞նչ եք անելու:

- Մեր ֆրակցիան միշտ էլ կարողանում է քվորում ապահովել:

- Դե ինչ-ինչ պատճառներով՝ եթե մի շատ մարդիկ բացակայեն ԱԺ նիստից:

- Ինչ-ինչ պատճառներ, ինչ էլ որ լինեն, մենք քվորումի խնդիրը կլուծենք:

- Ուրիշի փոխարեն քվեարկելո՞վ եք լուծելու:

- Մենք նման բան չենք անում:

- Մեկ-մեկ անում եք:

- Չենք անում:

- Անձամբ դուք՝ միգուցե չեք անում, բայց ուրիշներն անում են, տեսախցիկները ֆիքսել են բազմիցս:

- Մյուսներն էլ չեն անում:

- Բայց խորհրդարանական ճգնաժամի առաջին նախանշանը եղավ այն, երբ 5 խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, ու ՀՀԿ-ն ստիպված էր հանձնաժողովի կազմը փոխել, ընդլայնել:

- Այո, ճիշտ ենք արել, որովհետեւ երբեւէ թույլ չենք տալու, որպես խորհրդարանական մեծամասնություն, որ բոյկոտի պատճառով ԱԺ բնականոն աշխատանքային գործընթացը խանգարել:

- Հաշվիչ հանձնաժողովի հասցեին ԱԺ նախագահի ընտրություններից հետո եղան կարծիքներ, որ հերթական անգամ կեղծել եք ընտրությունների արդյունքները: Ո՞նց է ստացվում, որ ձեր ղեկավարած հանձնաժողովը միշտ նման պատմության մեջ է հայտնվում:

- Չգիտեմ՝ ոնց է ստացվում: Մարդիկ փորձում են իրար մեջ պայմանավորվածություններ ունենալ, հետո չեն կարող այդ պայմանավորվածությունները պահպանել, փորձում են բոլորը մեղադրել հաշվիչ հանձնաժողովին:

- Ձեր կարծիքով՝ Գալուստ Սահակյանը կկարողանա՞ նորմալ ղեկավարել ԱԺ-ն:

- Իսկ ինչո՞ւ եք կասկածում:

- Չեմ կասկածում, հարցնում եմ: Հետաքրքիր է՝ Աբրահամյա՞նն էր ավելի լավ ԱԺ նախագահ, թե՞ Գալուստ Սահակյանը:

- Լավ ու վատ չկա: Կարեւորը թիմը ղեկավարելն է, ԱԺ ղեկավարելն է: Իսկ դա ընթացքում կերեւա:

Արման Գալոյան