08.05.2014 21:01

ԱՄՆ-ի մասնագետները Նիգերիայում կօգնեն գտնել առևանգված աշակերտուհիներին

ԱՄՆ-ի մասնագետները Նիգերիայում կօգնեն գտնել առևանգված աշակերտուհիներին

ԱՄՆ-ն Նիգերիա է ուղարկել մի խումբ փորձագետների, որոնք կօգնեն իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման կողմից առևանգված ավելի քան 200 աշակերտուհիների որոնողական աշխատանքներում: Փորձագետների խմբում ընդգրկված են զինվորականներ և պատանդների ազատագրման բանակցությունների մասնագետներ, հաղորդում է BBC-ն:  Reuters-ն ընդգծում է, որ ամերիկացի զինվորականները փրկարարական գործողություններ չեն նախատեսում, այլ միայն խորհրդատվություն նիգերիական հատուկ ծառայություններին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աղջիկների առևանգումը «վրդովեցուցիչ» է անվանել: Նրա խոսքով՝ հնարավոր է՝ «կատարվածը միջազգային հանրությանն ի վերջո ստիպի մի բան անել՝ կասեցնելու այդ սարսափելի կազմակերպությունը»:  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի վաղ հայտարարել էր, որ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում ամերիկյան դեսպանատանը բացվում է առևանգված աշակերտուհիների որոնման համակարգող կենտրոն, որտեղ ներկա կլինեն ամերիկացի տասը զինվորականներ:

Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը ողջունել է ԱՄՆ-ի առաջարկը, ընդ որում՝ ամերիկյան նախկին դիվանագետ Ջոնի Քարսոնը Reuters-ին հայտնել է, որ Նիգերիան նախկինում ոչ միշտ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկները: «Դա հպարտ երկիր է՝ արհեստավարժ զինվորականներով և հետախույզներով: Նրանք երբեմն ընդունում են խորհուրդները, երբեմն՝ ոչ»,- ասել է նա:

«Գործնական օգնություն» ցուցաբերելու նույնպիսի առաջարկով հանդես են եկել նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ «երեխաներին որպես ավար օգտագործող գրոհայինների գործողություններն անբարոյական են ու զզվելի»: Կանադան խոստացել է Նիգերիա ուղարկել հսկող սարքեր, իսկ այդ երկրի արտգործնախարար Ջոն Բրեդը գրոհայինների գործողությունները համարել է «անազնիվ» և հավելել, որ դրանք միայն ուժեղացնում են «միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու» ցանկությունը, հաղորդում է РИА Новости-ն: