12.05.2014 23:12

Նիգերիա. Նահանգապետը գիտի՝ որտեղ են առևանգված աշակերտուհիները

Նիգերիա. Նահանգապետը գիտի՝ որտեղ են առևանգված աշակերտուհիները

Նիգերիայի Բոռնո նահանգի ղեկավար Քաշիմ Շեթիման BBC-ին հայտնել է, որ ինքը տեղեկություն ունի ապրիլին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինների կողմից առևանգված 200 աշակերտուհիների գտնվելու վայրի մասին: Սակայն նահանգապետը նրանց տեղը չի հայտնել, միայն տեղեկացրել է, որ այդ ինֆորմացիան փոխանցել է զինվորականներին՝ այն ստուգելու համար: Շեթեման նշել է, որ կասկածում է, թե աղջիկներին տեղափոխել են Չադ կամ Կամերուն:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր հատուկ գագաթնաժողով հրավիրել «Բոկո Հարամի» դեմ ձեռնարկվող միջոցները քննարկելու նպատակով: «Մենք Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանի հետ որոշել ենք Նիգերիայի հարևան երկրների ներկայացուցիչների  մասնակցությամբ հանդիպում կազմակերպել: Եթե բոլոր կողմերը համաձայնեն, այդ հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ»,- ասել է Օլանդը: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Չադի, Կամերունի և Նիգերի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Եվրամիության ներկայացուցիչները:

 ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանություններն արդեն Նիգերիայի կառավարությանը խոստացել են  տեխնիկական աջակցություն ցուցաբերել: Նիգերիայի նախագահը հայտարարել է, որ առևանգված աղջիկների որոնման նպատակով երկիր է ժամանելու հակաահաբեկչական խումբ Իսրայելից: