14.05.2014 16:16

Լ.Սարգսյան. Պետք է ամեն օր աշխատենք ու մոբիլիզացնենք ուժերը

Լ.Սարգսյան. Պետք է ամեն օր աշխատենք ու մոբիլիզացնենք ուժերը

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

- Տիկին Սարգսյան, արդեն ձեւավորվել է նոր կառավարությունը, որը հաջորդ շաբաթ ԱԺ կներկայացնի իր ծրագիրը: Ձեր կարծիքով՝ այս կառավարությունից կարելի՞ է ինչ-որ ակնկալիքներ ունենալ:

- Իհարկե՝ ոչ: Իհարկե՝ այս նոր կառավարությունից չի կարելի որեւէ ակնկալիք ունենալ: Այսօր Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ամենափայլուն մասնագետն անգամ դառնում է հասարակ կամակատար, կամազուրկ պաշտոնյա, որն ընդամենը փորձում է գոհացնել Սերժ Սարգսյանին: Անգամ վարչապետը մեր երկրում ոչինչ չի կարող փոխել՝ անկախ նրանից, թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը: Այնպես որ, եթե այս համակարգը պահպանվում է, եթե իշխանության ճյուղերը հստակ տարանջատված չեն ու անկախ չեն, եթե ամեն ինչ ուղղորդվում է Բաղրամյան 26-ից, մեր երկրում ոչինչ փոխվել չի կարող: Սա միանշանակ է:

- Այս դեպքում՝ ո՞րն եք համարում լուծում:

- Լուծումը մեկն է՝ պետք է պայքարել Հայաստանում այդ համակարգը քանդելու, իշխանափոխության համար: Երբեք չի կարելի հիասթափվել ու դադարեցնել պայքարը: Պետք է պայքարել ու փորձել հնարավորինս թուլացնել իշխանությանը: Այս դեպքում, երբ մյուս քաղաքական ուժերն էլ իշխանափոխության «հոտն առնեն», կմիավորվեն:

- Այդ «հոտը» դեռ չի՞ գալիս. ՀՀԿ-ն այլեւս մնացել է միայնակ,  եւ անգամ իր մշտական կոալիցիոն գործընկերն իր կողքին չէ:

- Մենք քաղաքական պրոցեսների զարգացումների արդյունքում տեսնում ենք՝ իշխանությունն օր օրի թուլանում է: Այլեւս չկա քաղաքական ուժ, որը ցանկություն ունենա ՀՀԿ-ի հետ կիսել պատասխանատվություն՝ շատ լավ հասկանալով, թե դա ինչ նսեմացնող պատասխանատվություն է, շատ լավ հասկանալով, թե ինչ ապազգային քաղաքականություն է վարում ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանն ամեն օր կարող է կորցնել իշխանությունը, պարզապես պետք է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել՝ պրոցեսներն արագացնելու համար: Իսկ որպեսզի մենք կարողանանք իրավիճակին ադեկվատ վերաբերվել, պետք է ամեն օր աշխատենք ու մոբիլիզացնենք ուժերը: Մենք չպետք է բացառենք նորանոր համախմբումները ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ ԱԺ-ից դուրս: Ես կողմ եմ իշխանության մաս չկազմող ուժերի միջեւ լայն համագործակցությանը: Բայց, միաժամանակ, մեզ պետք են այնպիսի համախոհներ, այնպիսի գործընկերներ, որոնք անհրաժեշտ պահի կկարողանան մեզ հետ միասին լուծել իշխանափոխության խնդիրը:

- Այս առումով՝ ինչպե՞ս եք գնահատում քառյակի գործունեությունը:

-Քառյակը տարբեր քաղաքական ուժերից է կազմված: Եվ բնական է, որ քառյակի անդամները տարբեր հարցերի, այդ թվում իշխանափոխության վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն: Եթե մենք կողմ ենք ամբողջական իշխանափոխության՝ շատ լավ հասկանալով, որ դա հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում, ապա Քառյակի կազմում կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են՝ փուլային տարբերակով կարող ենք հասնել այդ նպատակին: Այդ ճանապարհին տարբեր խնդիրներ են լինում, տարբեր տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ: Բայց դա չպետք է պատճառ հանդիսանա՝ Քառյակի համագործակցության դադարեցման համար: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մեր բոլորի համախմբումը խիստ անհրաժեշտ, կենաց-մահու խնդիր լինի: Հետեւաբար, մենք ի սկզբանե պետք է պատրաստ լինենք նման զարգացումների: Իսկ դրա համար հարկավոր է պահպանել համագործակցությունն ու նպաստել իշխանափոխության իրականացմանը:

- Ձեր նշած տարբեր մոտեցումները չե՞ն խանգարում արդյոք Քառյակի առաջ շարժվելուն:

- Բնականաբար, մենք կցանկանայինք, որ բոլորը մեզ նման մտածեին: Բայց մենք նաեւ իրատես ենք ու հասկանում ենք, որ նման բան չի կարող լինել: Ուստի՝ պետք է հանգիստ նայել այդ ամենին, պետք է պահպանել ու շարունակել համագործակցությունը: Միգուցե կգա այն պայծառ օրը, որ մենք կարողանանք ամբողջական իշխանափոխություն իրականացնել:

Արման Գալոյան