14.05.2014 22:39

Իրանի նախագահը այց կկատարի Չինաստան, որտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Իրանի նախագահը այց կկատարի Չինաստան, որտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Իրանի նախագահն իր չինացի գործընկերոջ հրավերով հաջորդ շաբաթ պաշտոնական այց կկատարի Չինաստան:

Հասան Ռոուհանին մասնակցելու է Ասիայում վստահության միջոցառումների և փոխգործակցության հարցերով խորհրդակցության չորրորդ գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսի  20-21-ին Շանհայում, այսօր հաղորդել է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Չինաստանի կառավարությունը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:

Չինաստան կատարելիք այցի ընթացքում Ռոուհանին կհանդիպի գագաթնաժողովի մասնակից երկրների  ներկայացուցիչների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի հետ:

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցությունը միջազգային ֆորում է, որը միավորում է ասիական մայրցամաքի պետություններին և իր առջև խնդիր է դնում ասիական պետությունների փոխհարաբերությունների և համագործակցության ամրապնդումը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով:
Խորհրդակցությու հրավիրելու գաղափարն առաջին անգամ ներկայացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 1992 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանում: Առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2002 թ., փոխանցում է trend-ը: