14.05.2014 22:53

Բարդին. «Մենք խելացի կերպով ու ազնվորեն հրաժեշտ չտվեցինք անցյալին»

Բարդին. «Մենք խելացի կերպով ու ազնվորեն հրաժեշտ չտվեցինք անցյալին»

Համաշխարհային ճանաչում ունեցող ռուսաստանցի մուլտիպլիկատոր Գարի Բարդինը «Новая газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին իրադարձությունների ֆոնին ինքն սկսում է «կորցնել իր հանդիսատեսի կողմորոշիչները»:

«Չէ՞ որ ժողովուրդը բաղկացած է այդ թվում նաև իմ հանդիսատեսներից, և երբ նրանց 80 %-ը պաշտպանում է մեր իշխանությունների քաղաքականությունը, ես սկսում եմ չհասկանալ, թե ում համար եմ անում իմ մուլֆիլմերը»: Բարդինը նշում է, որ ինքը երբեք ցանկություն չի ունեցել այլ երկիր տեղափոխվել, թեև, օրինակ, 1992 թ. Walt Disney ստուդիան իրեն հրավիրել էր աշխատանքի: Սակայն հիմա նա տեսնում է, որ Ռուսաստանը վերադառնում է այն նույն ճահիճը, որից, թվում էր՝ դուրս է պրծել»: «Մենք հիմա այդ ամենը կուլ ենք տալիս նրա համար, որ անցյալին խելացի կերպով և ազնվորեն հրաժեշտ չտվեցինք: Անհրաժեշտ էր, որ ԿԳԲ-ն ապաշխարեր, ոչ թե վեր բարձրացներ իր հպարտ որդի Պուտինին: Ո՞նց է էդպես ստացվում. ԿԳԲ-ի կադրը դառնում է այն երկրի ղեկավարը, որը ճզմվել է նույն կառույցի կողմից, ծով արյուն թափել: Նա այդ պատմությամբ հպարտանում է, ես՝ ոչ: Մենք տարբեր մանկություններ ենք ունեցել, տարբեր գրքեր ենք կարդացել, մենք տարբեր դաստիարակություն ենք ստացել: Դրա համար էլ մենք երբեք հաշտ չենք լինի: Ու հիմա ինչ սերիալ նայես՝ հերոսը կագեբեշնիկ է: Պնակալեզ ռեժիսորներն ինքնամոռաց գովերգում են այդ մասնագիտությունը»,- ասել է Բարդինը:

«Անդրեյ Կոնչալովսկին ասել էր, թե ժողովուրդը դեռ ազատության համար չի հասունացել, և որ այս ժողովրդին՝ իր ստրկական հոգեբանությամբ՝ ազատություն պետք չէ: Եւ ես միշտ այս խոսքերին ինչ-որ հեգնանքով էի վերաբերվում, մտածում էի, որ Կոնչալովսկու մեջ քամահրանքն ու գոռոզամտությունն է խոսում: Բայց հիմա հասկանում եմ, որ նա բացարձակապես ճիշտ է ասում, և դա դաժան ճշմարտություն է»:

Գարի Բարդինը հայտնի է պլաստիլինային անիմացիայի ժանրում: Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են՝ «Թռչող նավը», «Գորշ գայը և Կարմիր գլխարկը», «Չուչա-1,2,3»: Նա Կաննի կինոփառատոնում  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակակիր է «Ձևահնարներ» («Выкрутасы») մուլֆիլմի համար: Բարդինը նաև ՌԴ պետական մրցանակի, «Նիկա», «Տրիումֆ» մրցանակների, բազմաթիվ պարգևների դափնեկիր է, որոնք «հավաքել է » ամբողջ աշխարհից, փոխանցում է newsru.com-ը: