16.05.2014 14:18

ԼՂ խաղաղ կարգավորում. Ի՞նչ են նշանակում հրապարակված կարգավորման 6 կետերը

ԼՂ խաղաղ կարգավորում. Ի՞նչ են նշանակում հրապարակված կարգավորման 6 կետերը

Կարնեգի կենտրոնում ունեցած իր ելույթում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ.Ուորլիքը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման այն 6 տարրերը, որոնց շուրջ այսօր ընթանում են բանակցությունները: Դրանք 2007թ. Մադրիդում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանին և Ադրբեջանին ներկայացված «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներ» (այսուհետև՝ Մադրիդյան) փաստաթղթից մասնակի մեջբերված տարրերն են:

Հարկ է նշել, որ կողմերից որևէ մեկը չհերքեց դրանք՝ համաձայնելով, որ բանակցություններն ընթանում են այդ տարրերի շուրջ: Հարկավոր է հասկանալ, թե ինչո՞ւ են հենց նման խմբագրմամբ ներկայացվել Մադրիդյանի դրույթները, և փաստաթղթի ո՞ր տարրերն են, որ դուրս են մնացել Ջ.Ուորլիքի ելույթից:

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը, փաստորեն, Մադրիդյան փաստաթղթից առանձնացել է այն տարրերը, որոնք, իր և, հավանաբար, մնացած համանախագահների կարծիքով, նվազ խնդրահարույց են և չեն առաջացնի փոթորիկ Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում: Հրապարակվածից մեկ բառ հանելով («գրավյալ»)՝ մենք կստանանք փաստաթղթի այն մասը, որը, սխալված չենք լինի պնդելով՝ համաձայնեցված է: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ հրապարակվածը Մադրիդյան փաստաթղթի միայն «կմախքն է»,  և այս կետերը ոչինչ են, եթե մնան չբացված: Հենց այստեղ էլ սկսվում են տարաձայնությունները: Հերթով անցնենք ԱՄՆ համանախագահի ներկայացրած բոլոր տարրերով.

1.«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:

Այս կետում կան տարաձայնություններ հետևյալ հարցերի վերաբերյալ. ո՞վ է մասնակցում «կամարտահայտությանը»: Ի՞նչ «կամարտահայտության» մասին է խոսքը: Նկատելի է, որ ԱՄՆ համանախագահը շրջանցել է այս հարցը և չի նշել, որ հե՛նց ԼՂ բնակչությունը պետք է իրականացնի կամարտահայտություն: Դա արվել է այն պայմաններում, երբ Մադրիդյանում նշված էր, որ «պլեբիսցիտին մասնակցելու է ԼՂ բնակչությունը»: Չկա կողմերի համաձայնությունը նաև «կամարտահայտության» ժամկետների վերաբերյալ, «կամարտահայտության» իրավական կարգավիճակի, ինչպես նաև այն հարցի, թե ով է պատասխանատու այդ գործողությունը (պլեբիսցիտը կամ հանրաքվեն) կազմակերպելու, ասել կուզի՝ հաշվելու քվեաթերթիկները: Կարելի է պնդել, որ այս հարցը ամենադժվարիններից է, և առայժմ չկա և ոչ մի նախադրյալ, որ հնարավոր լինի խոսել կողմերի դիրքորոշումների մոտ լինելու մասին: Առանց վերոհիշյալ հարցերը փաստաթղթում մանրամասն ներառելու՝ խոսել համաձայնությունների մասին անիմաստ է: Ավելին, այս կետով է սահմանվում ԼՂ ժողովրդի հիմնական ստանալիքը, և այդ կետը մանրամասնելուց, վերոնշյալ հարցերին հստակ պատասխանելուց հետո է, որ կարող է ստորագրվել որևէ փաստաթուղթ:

2. «Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում»:

Այս կետը ավելի քան մանրամասնորեն պետք է բացվի (որոշ չափով այն բացված է Մադրիդյանում): Մասնավորապես՝ մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ ուժերով է միջանկյալ կարգավիճակի ընթացքում ապահովվելու ԼՂ անվտանգությունը և ինքնակառավարումը: Արդյո՞ք անվտանգության երաշխավորը պետք է լինի ԼՂ բանակը, ինչպես դա նախատեսված էր 1997 թ. դեկտեմբերին բոլոր երեք կողմերին ներկայացված փուլային համաձայնագրի III հոդվածի  D կետով: Սա ավելի քան կարևոր է, որովհետև միջանկյալ կարգավիճակը ձգվելու է, մինչև իրականացվի այդ մշուշոտ «կամարտահայտությունը», հետևաբար՝ երաշխիքները պետք է լինեն երկաթյա: Պետք է մանրամասնվի, թե ի՞նչ կարգավիճակ են ունենալու միջանկյալ շրջանում ԼՂ իշխանությունները, արդյո՞ք նրանք կունենան ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր հարցերում որոշիչ՝ վետոյի իրավունքի հավասարազոր ձայն: Անհրաժեշտաբար պետք է սահմանվի միջանկյալ ժամանակահատվածում ԼՂ միջազգային կարգավիճակը՝ արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ԼՂ քաղաքացիների իրավունքները՝ ունենալու անձնագիր, ազատ տեղաշարժվելու, ընտրելու, ընտրվելու և այլ հարցերի վերաբերյալ: Այս կետը անբաժանելի կապված է առաջինի հետ՝ այն չի կարող սահմանվել այն պայմաններում, երբ չեն որոշված ԼՂ բնակչության կամարտահայտության ժամկետն ու մանրամասները: Այս առումով՝ միջանկյալ կարգավիճակի առավել քան մանրամասն նկարագրությունը կենսական նշանակություն ունի:

3. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի

Արդեն նշվել էր, որ ԼՂ շուրջ տարածքների վերաբերյալ դեսպան Ուորլիքի կողմից օգտագործած որակումները որևէ կապ չունեն փաստաթղթի հետ՝ դա քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն էր, որի նպատակը դեռ պետք է պարզել: Ինչ վերաբերում է բովանդակային խնդիրներին, ապա առաջացած հարցերը հետևյալն են. պարզ չէ, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու Հայաստանի եւ ԼՂ անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Քելբաջարը: Հիշեցնենք, որ 1997թ. հենց ԼՂ իշխանությունները մերժեցին ՀՀ նախագահի առաջարկությունը ներառարել փուլային փաստաթղթում՝ դրույթ, որով Քելբաջարի շրջանը, Լաչինի հետ միասի,ն մնում էր մեր վերահսկողության տակ: Մեր դիրքերի որոշակի ամրության մասին էր վկայում նաև 2006թ. ՀՀ ԱԳ նախարարի այն պնդումը, որ Հայաստանը պահանջում է, որ Քելբաջարը անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ միայն հանրաքվեից հետո: Իսկ ահա Մադրիդյան փաստաթղթում ասվում է. «Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը` մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը»: Այս կետի հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրել, թե ի՞նչ է լինելու Քելբաջարի ճակատագիրը, ինչո՞ւ դրա մասին ոչ մի բան չի ասում ԱՄՆ համանախագահը, ո՞րն է պատճառը, որ նա խոսում է բոլոր տարածքների վերադարձի մասին՝ այն պայմաններում, երբ մենք պետք է խիստ վերապահումներ ունենայինք, մասնավորապես, ռազմավարական նշանակության Քելբաջարի մասով: Հայտնի չէ, թե արդյո՞ք Հայաստանը պնդել է, որ 1997թ. փուլային փաստաթղթի (II և III հոդվածներ) օրինակով ստեղծվի ապառազմական, բուֆերային, անթռիչք գոտի: Անհայտ է մնում նաև Շահումյանի, Գետաշենի շրջանների կարգավիճակը:

4 «Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»:

Ըստ ԱՄՆ համանախագահի՝ Լաչինի շրջանը, բացառությամբ անհայտ լայնության միջանցքի, անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Կողմերը չեն համաձայնեցրել Լաչինի միջանցքի թե՛ լայնությունը, թե՛ կարգավիճակը: Իր նախընտրական ծրագրում, որպես ԼՂ հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկը Ս. Սարգսյանը խոստացել էր ապահովել Հայաստանի եւ ԼՂ միջեւ ընդհանուր սահման: Դա նշանակում է, որ Հայաստանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, որ ունի/ունենալու է  ԼՂ, ինչը նախատեսված էր Մադրիդյան փաստաթղթով: Սերժ Սարգսյանի՝ այլ առիթներով արված հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանը այդ պահանջից հետ է կանգնել: Դա երևում է նաև դեսպան Ջ. Ուորլիքի հայտարարությունից: Այնուամենայնիվ, այս հարցում նույնպես կողմերը հեռու են համաձայնվելուց: Հիշեցնենք, որ 1997թ. փուլային համաձայնագրով Լաչինի ողջ շրջանը մնում էր Հայաստանի վերահսկողության ներքո (II հդված B կետ):

5. «Տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը

Խնդրահարույց, չհամաձայնեցված հարցերից է վերադարձվելիք ադրբեջանցիների քանակը, վերադարձի վայրերը, ԼՂ տեղի ունենալիք «կամարտահայտությունում» նրանց մասնակցությունը: Չկա համաձայնություն նաև հայերի՝ իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու մասին: Համեմատության համար հիշեցնենք, որ 1997 թ. փուլային համաձայնագրի VIII հոդվածի համաձայն՝ ստեղծվելու էր Խառը հանձնաժողով, որի՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի՝ հավասար իրավունքներով օժտված փոխնախագահները պետք է վերահսկեին այդ թվում փախստականների վերադարձի գործընթացը:

6. «Կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»: Այս հարցը, թերևս, կողմերի պայմանավորվածության համար ամենադյուրինն է: Միևնույն ժամանակ՝ այն միակն է, որ կարող է խնդիրներ առաջացնել համանախագահների միջև: Այդ իսկ պատճառով կարող է հետաձգվել ողջ փաստաթղթի ընդունումը:

Բացի այս հիմնական՝ 6 կետից, կան այլ հարցեր, որոնք նույնպես պետք է համաձայնացնեն կողմերը: Սակայն հիմնականը` վերոնշյալ 6-են:

Պատահական չէ, որ դեսպան Ուորլիքի ձևակերպումների շուրջ չեղան հերքումներ հակամարտող կողմերի մայրաքաղաքներից: Նշված նախադասություններից ավելի՝ ինչ էլ բացահայտեր ԱՄՆ համանախագահը՝ աղմուկը մեծ էր լինելու (այլ հարց է, որ նույնիսկ այն տարրերը, որ հրապարակվեցին, գրանցում են Հայաստանի անդադար նահանջը բանակցություններում՝ այսօր արդեն նույնիսկ Մադրիդյան փաստաթղթի համեմատ): Միևնույն ժամանակ՝ փորձագետների, քաղաքական գործիչների համար պարզ է, որ կողմերի դիրքորոշումները իրարից շատ հեռու են՝ համաձայնեցված է փաստաթղթի թերևս միայն 20-30 տոկոսը: Կարող ենք նաև պնդել՝ կողմերը երբեք նման տարբեր դիրքերում չեն եղել, ինչ այսօր: Հիմնական հարցերի շուրջ կա խորը անհամաձայնություն, որը և պատճառ է բարձր մակարդակով հանդիպումների բացակայության: Կողմերը խոսելու առարկա չունեն, ինչի վկայությունը դարձավ այն, որ պաշտոնական Երևանը սկսեց խոսել ԼՂՀ-ի՝ բանակցություններին լիարժեք մասնակցելու անհրաժեշտության մասին: Մի կողմից՝ ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ Մադրիդյանը բանակցությունների հիմք է, մյուս կողմից՝ ցանկանում է վերադարձնել ԼՂՀ-ին բանակցությունների սեղան՝ մի բան, որ չկա հենց Մադրիդյանում: Գործընթացին ծանոթ մասնագետները գիտեն, որ այդ հայտարարությունների տակ չկա ռեալ գործողություն, այն ամրագրված չէ որևէ փաստաթղթով և արվում է միայն ներքին օգտագործման համար՝ սեփական դիրքերը ներսում փոքր-ինչ ամրապնդելու նպատակով: Բանակցություններում ստեղծված այս վիճակը նաև ուղերձ է, որ առաջիկայում պատշաճ մակարդակի հանդիպումներ, բանակցություններ չեն լինելու՝ առարկայական զրույցի անհնարին լինելու պատճառով: Հասկանալի է նաև Բաքվի դիրքորոշումը՝ առանց կրակոցների, զոհերի՝ նրանք հասնում են իրենց հակառակորդի տարածքների դատարկվելուն: Նման բարենպաստ պայմաններում, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը, փաստորեն, իրենց դաշնակիցն է (սա պնդում են Բաքվում)՝ Հայաստանում արտագաղթը ապահովելու, Հայաստանի հանրային ռեսուրսները յուրայինների գրպաններ ուղղելու մասով, սրանից ավելի ի՞նչ պետք է ստանար Ադրբեջանը: Որքա՞ն մարդկային, փողային, վարկանիշային ռեսուրս պետք է ծախսեին, որ տարեկան 40.000-ից մինչև 50.000 հայաստանցի «չեզոքացնեին», որքա՞ն հետախուզական հմտություններ պետք է անեին, որ Հայաստանի ղեկավարությունում հայտնվեր Ս.Սարգսյան, Գ. Սահակյան, Հ. Աբրահամյան «եռանախագահությունը»:

Քանի դեռ Սերժ Սարգսյանը իշխանության է՝ բանակցություններ (խոսքը իրական, ոչ իմիտացիոն բանակցությունների մասին է) չեն լինելու, Ադրբեջանը չի համաձայնելու Մադրիդյանի կարգի որևէ փաստաթղթի՝ սպասելով՝ մինչև արտագաղթը ավարտվի: Այդժամ էլ կլինեն առարկայական բանակցություններ:

Այս իշխանությունները ամենափակն են ԼՂ խաղաղ գործընթացը հանրությանը ներկայացնելու առումով: Նրանք չունեն ասելիք, քանի որ մսխել են նաև այն առավելությունները, որ կային նախկինում: Սերժ Սարգսյանի վարչակազմի հեռացումը հրամայական է նաև ԼՂ հակամարտության բանակցություններում մեր դիրքերի վերականգնման, վերահաս կորուստները թույլ չտալու համար:

Վ. Կարապետյան