19.05.2014 14:40

Որոտանի հիդրոկասկադի վաճառքը ՀՀ և ԱՄՆ միջև միջկառավարական մակարդակի կոռուպցիոն գործարք է

Որոտանի հիդրոկասկադի վաճառքը ՀՀ և ԱՄՆ միջև միջկառավարական մակարդակի կոռուպցիոն գործարք է

Հոդվածի վերնագրում արտահայտված պնդումը հիմնավորելու համար շատ հակիրճ անդրադառնանք «կոռուպցիա» եզրույթի իրավական բնորոշմանը և դրա պոտենցիալ սուբյեկտներին: Այսպես, կոռուպցիայի և փողերի լվացման վերաբերյալ միջազգային պայմանագրերը թեև իրավաբանորեն չեն սահմանում «կոռուպցիա» եզրույթը, սակայն բավական հստակ ներկայացնում են այն հատկանիշները, որոնց առկայության պարագայում կարող ենք արձանագրել որևէ գործարքում կոռուպցիայի առկայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային սուբյեկտների ցանկը, որոնք իրենց գործառույթներով կարող են մաս կազմել կոռուպցիոն գործարքների:

Զուգահեռաբար, Համաշխարհային բանկը ևս մշակել է խնդրո առարկային առնչվող կարգավորումներ, որոնց համաձայն՝ կոռուպցիան իշխանության չարաշահմամբ և այլ անձանց հաշվին մասնավոր անձանց համար օգուտներ ապահովելն է (abuse of public power for private benefit): Եթե ընդհանրացնենք, միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն՝ որևէ գործարքում կոռուպցիայի առկայության անմիջական ցուցիչներն են պաշտոնյաների գործողությունների հայեցողականությունը, գաղտնիությունը,  հանրության առջև հաշվետվողականության բացակայությունը և իհարկե՝ անօրինականությունը: Միևնույն ժամանակ, «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իմաստով, պետական պաշտոնյաներից բացի՝ կոռուպցիոն գործարքների պոտենցիալ սուբյեկտներ են հանդիսանում նաև հանրային նշանակություն ունեցող այնպիսի գործակալությունների կամ ձեռնարկությունների ներկայացուցիչները, որոնք օտարերկրյա պետության համար իրականացնում են հանրային նշանակության գործառույթներ (... any person exercising a public function for a foreign country, including for a public agency or public enterprise).

Հիմա եկեք կետ առ կետ վերլուծենք և գնահատենք Որոտանի հիդրոկասկադի վաճառքի ընթացքում վերը նշված բաղադրիչների առկայության փաստերը և գնահատական տանք գործարքում կոռուպցիայի առկայության և այդ կոռուպցիայի մեջ տեղական և միջազգային սուբյեկտների ներգրավվածության հանգամանքին: Միաժամանակ, որպեսզի այս ծավալուն նյութը հնարավոր լինի մարսել, այն պայմանականորեն բաժանենք երկու մասի՝ կոռուպցիայի ներքին՝ գավառական, և արտաքին՝ «քաղաքակիրթ» դրսևորումներով:

Նույն հիմնահարցի վերաբերյալ հրապարակված նախորդ հոդվածով փորձել եմ հիմնավորել գործարքի անօրինականությունը, իսկ առաջիկա երկու հոդվածներով հիմնավորելու եմ կոռուպցիայի առկայությունը՝ ներկայացնելով այնպիսի փաստեր, որոնց տրամաբանական համադրումն ու վերլուծությունն ապացուցում են երկկողմանի կոռուպցիոն գործարքի առկայությունը՝ կնքված, ըստ էության, Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև: Դուք չե՛ք տարընթերցել՝ սա միջկառավարական մակարդակի անթաքույց կոռուպցիա է՝ ժանրի ամենաբազմազան և ինովացիոն դրսևորումներով, որի հիմնական նպատակն ու, միաժամանակ, աքիլեսյան գարշապարը՝ հիդրոկասկադի հետ միասին չորս ջրամբարների վաճառքն է, որոնք կազմում են Հայաստանի ամբարվող ջրային պաշարների ուղիղ կեսը:

Այս գործարքում կան միջազգային կոռուպցիոն բուրգի գրեթե բոլոր օղակները՝ օֆշորային լաբիրինթոսներում ճյուղավորված և ԱՄՆ կառավարությունից ուղղակիորեն ֆինանսավորվող առեղծվածային ընկերություն, միջազգային կոռուպցիոն բուրգի համակարգող՝ Համաշխարհային բանկի մասնակցություն (IFC-ի միջոցով), ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար «պայքարող»՝ ամերիկյան USAID կազմակերպություն, վերը թվարկված սուբյեկտների «բնականոն» գործունեությունը համակարգող՝ ԱՄՆ պաշտոնական դիվանագիտական հաստատություն և իհարկե՝ այս բոլորի կողմից սնուցվող ու վերարտադրվող՝ տեղական կոռումպացված, անհայրենիք խառնակույտ: Ինչպես ընկերներիցս մեկը կասեր՝ ամեն ինչ այնքան է «խուրդվել», որ գռեհիկ ցինիզմն ու պրիմիտիվ ֆինանսական մախինացիաները հասել են միջկառավարական մակարդակների:

Իսկ հիմա՝ հերթով, շարքով, կարգով: Սկսենք «մեր ոչխարներից»:

Օրենքի և իրավունքի գերակայության միջակայքերում

Ներկայումս ընթացող սահմանադրական բարեփոխումների «դարակազմիկ» նորամուծություններից է իրավունքի գերակայության սկզբունքի ներդրումը. իբր ներկայիս՝ օրենքի գերակայության սկզբունքն է բոլոր անօրինականությունների ու մնացած չարիքների պատճառը: Հիմա եկեք տեսնենք՝ Որոտանի մախինացիայում ո՞ր սկզբունքն է մեղավոր:

Այս տարվա մարտ ամսին Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը արդարադատության արդեն նախկին նախարար, ներկայումս՝ իրավունքի գերակայության առաջամարտիկ Հրայր Թովմասյանին պաշտոնական հարցում է արել առ այն, թե ի՞նչ իրավական հիմքերով են մասնավոր ընկերության հաշվեկշռի մեջ մտցվել վերը նշված չորս ջրամբարները, որոնք օրենքի ուժով արգելված է մասնավորեցնել: Հիմա ուշադիր. բանից պարզվում է՝ մեջբերում եմ՝ «... գրությունում նշված Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի և Շամբի ջրամբարները Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 29.09.1961թ. թիվ 639, 29.09.1962թ. թիվ 181 և 20.01.1971թ. թիվ 25 որոշումների համաձայն՝ հանդիսացել են «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ սեփականությունը: Հետևաբար ... պետական գույքի մասնավորեցում տեղի չի ունեցել ... լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացվել է «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը»: Երկար տարիներ արդարադատության նախարար հանդիսացած, ներկայումս «սահմանադրական բարեփոխումներ» իրականացնող  մարդու պնդումը, որ սովետական տարիներից ի վեր ջրամբարները հանդիսացել են մասնավոր՝ փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը, առաջին իսկ հայացքից հեգնական ժպիտ է առաջացնում, բայց եկեք չշտապենք ու հիմնովին վերլուծենք:

Խնդրո առարկայի վերաբերյալ նախորդ հոդվածում մեջբերել եմ ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնց համաձայն՝ առնվազն Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները «... պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»: Այսինքն, անկախ Հայաստանի Հանրապետության օրենքներով՝ անուն առ անուն թվարկված են մասնավորեցված ջրամբարները և ուղղակիորեն ամրագրված են երկու իմպերատիվ կետեր՝ ա/ դրանք պետական սեփականություն են և բ/ մասնավորեցման ենթակա չեն: Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության խախտումն արձանագրելու համար, բայց էլի չշտապենք:

Չենք զլացել, գնացել ու Հայաստանի ազգային արխիվից գտել ենք նախարարի հիշատակած՝ Մինիստրների խորհրդի երեք որոշումները: Մեջբերում եմ Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի երեք որոշումների համապատասխան գրառումները՝ «... հավանություն տալ Սիսիանի և Գորիսի շրջանների մի շարք կոլտնտեսությունների ընդհանուր ժողովների ու շրջսովետների գործադիր կոմիտեների որոշումներին և Տաթևհէկ-ի շինարարության ու Որոտանի կասկադի արտադրական բազայի կառուցման համար Հայկական ՍՍՌ ժողկոմխորհի էներգետիկ վարչությանը հատկացնել (X) հեկտար տարածություն: ... բավարարել էներգետիկայի և էլեկտրաֆիկացման գլխավոր վարչության խնդրանքը և հաշվի առնելով աշխատավորների դեպուտատների Սիսիանի շրջանի գործկոմի Շաղաթ գյուղի կոլտնտեսության համաձայնությունը, … ջրամբարների կառուցման համար նշված վարչությանը հատկացնել (X) հեկտար հողեր ...»:  

Ինչպես և ի սկզբանե պարզ էր, խորհրդային տարիներին ոչ մի ՓԲԸ էլ չի եղել, իսկ ջրամբարների համար հատկացված հողերը եղել և մնում են ստրատեգիական նշանակության և պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներ: Իսկ «բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացումը» ոչ այլ ինչ է, քան բովանդակազուրկ բառախաղ՝ եթե այդ գույքն ի սկզբանե եղել է ՓԲԸ-ի սեփականությունը, էլ ի՞նչ կարիք կար կառավարության առանձին որոշմամբ դրանց արժեքը ներառել կանոնադրական կապիտալի մեջ, էլ չասած օրենքի իմպերատիվ ու հստակ իրավակարգավորումները՝ ջրամբարների սեփականության իրավունքի վերաբերյալ: 

Իրավիճակն այն աստիճանի ցինիկ ու անհեթեթ է, որ անհարմար ես զգում նույնիսկ իրավաբանորեն վերլուծել, բայց փաստերը մեխելու համար եկեք, այնուհանդերձ, մի քանի բան արձանագրենք. նախ, նշված ջրամբարները երբեք չեն եղել «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ սեփականությունը, քանի որ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը երբեք այդպիսի որոշում չի կայացրել: Երկրորդ՝ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները օրենքով անվանական թվարկված և ուղղակիորեն ամրագրված են որպես պետական սեփականություն, որոնք մասնավորեցման ենթակա չեն: Երրորդ՝ օրենքի համաձայն՝ «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ն մասնավոր ընկերություն է, և օրենքի ուժով ուղղակի չի կարող լինել թվարկված ջրամբարների սեփականատերը:

Դժվար է ասել, թե ի՞նչ որակի կրթություն է ստացել Հրայր Թովմասյանը իր ուսանած «Գլաձոր» համալսարանում, բայց այսքան պարզ իրավական հարցադրմանը այսպիսի ծիծաղելի պատասխան տալը խոսում է ոչ այնքան գիտելիքի, որքան ասելիքի բացակայության մասին և անուղղակի ապացույց է գործարքի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ: Դե, հո չէր ասելու՝ ինչ արել ենք, լավ ենք արել: Մնում է հասկանալ՝ հանրային ունեցվածքի այս բացահայտ կողոպուտը օրենքի՞, թե՞ իրավունքի գերակայության սկզբունքի խախտում է...

Իրականում՝ ի՞նչ արժե Որոտանի համալիրի գույքը

Չգիտեմ, դա թող տնտեսագետները հաշվեն: Փաստն այն է, որ ամբողջ հիդրոկասկադն իր ՀԷԿ-երով, ջրամբարներով ու մնացած ամեն ինչով վաճառվել է 180 մլն. դոլարով:  Ես ընդամենը փորձեմ մեկ-երկու ելակետային տվյալների հիման վրա մոտավոր թիվ ստանալ: Այսպես, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի պաշտոնական հայտարարության համաձայն՝ մեկ միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի պատվարն արժե 1.5-ից մինչև 5 դոլար: Օտարված ջրամբարների ընդհանուր տարողությունը մոտ 375 միլիոն խորանարդ մետր է: Եթե որպես ելակետային ընդունենք միջին՝ 3 դոլարը, ապա միայն օտարված ջրամբարների պատվարների արժեքը կազմում է մեկ միլիարդ դոլարից ավելի: Տնտեսագետ պետք չէ լինել՝ հաշվելու համար, թե որքան են մեզանից՝ այդ գույքի սեփականատերերից գողացել, և հասկանալ, թե ի՞նչ ծավալի կոռուպցիոն դրսևորման հետ գործ ունենք:

Եվ սա՝ այն դեպքում, երբ տասնամյակներ շարունակ չեն կարողանում ավարտին հասցնել՝ ներկայիս ծրագրով ընդամենը 90 միլիոն խորանարդ մետր տարողություն ունեցող և խորհրդային տարիներին գրեթե ավարտված Եղվարդի ջրամբարի կառուցումը, որպեսզի Արարատյան դաշտին ոռոգման ջրով ապահովելու համար ստիպված չլինենք պարբերաբար Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնել: Իրավական և տնտեսական այսպիսի հետագիծ ունեցող նախագիծն իր բացառիկ ցինիզմով արդեն իսկ բավարար է, որ իրեն հարգող որևէ ժողովրդավարական կառույց դրան անգամ մոտ չգա: Բայց ինչպես կտեսնենք հաջորդիվ, հենց կոռուպցիայի դեմ պայքարող ու հանուն ժողովրդավարության աղաղակող՝ մեծապատիվ կառույցներն էլ նախաձեռնել են այս մախինացիան...

Այսպիսով, Որոտանի հիդրոկասկադի վաճառքի գինը կազմում է օտարվող գույքի իրական արժեքի չնչին տոկոսը: Կարելի է ասել՝ պաշտոնական տվյալներով միայն օտարված ջրամբարների արժեքը բազմակի գերազանցում է այն գումարի արժեքին, որն իբր կազմում է գործարքի գինը:

Ինչպե՞ս են օգտագործվել KFW բանկի կողմից Որոտանի վերազինման համար տված փողերը

Եկեք հիշենք, թե պաշտոնապես ի՞նչ հիմնավորում էր ներկայացվում հիդրոկասկադի վաճառքն արդարացնելու համար: Ըստ էության՝ միայն մեկ ընկերությունը պատրաստ է կատարել մոտ 70 միլիոն դոլարի ներդրում՝ համալիրի տեխնիկական վերազինման համար, որը տեխնիկապես մաշված է և արդիականացման խիստ կարիք ունի: Ու կրկին անցնենք կարծես թե բոլորին հայտնի փաստերին:

Դեռևս 2010-ին կառավարությունը նույն նպատակով գերմանական KFW բանկի հետ կնքել է 51  միլիոն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր՝ 40 տարի ժամկետով և շատ արտոնյալ պայմաններով՝ տարեկան 2 % տոկոսադրույքով: Այսինքն՝ տրված վարկը գրեթե հավասար է այն գումարին, որը պետք է նույն նպատակներով ներդրվի ինչ-որ ամերիկյան օֆշորային ընկերության կողմից: Բայց սա դեռ այս պատմության սկիզբն է: Այս անպատասխանատու վարքագծի հետևանքով մեր հաշվին կառավարությունը KFW-ին է վճարել հսկայական գումարներ՝ չօգտագործված վարկի դիմաց, և դեռ էլի է վճարելու՝ ժամկետից շուտ գործարքը դադարեցնելու համար: Գերմանական բանկի մեր բարեկամների հավաստմամբ՝ KFW-ի պես ազդեցիկ և կարծիք ձևավորող բանկում Հայաստանի կառավարության վարկը հասել է շուլլեր խաղամոլ մակարդակի:

Հիմա մանրամասնեմ. տրված վարկը այս 4 տարվա ընթացքում այդպես էլ չի օգտագործվել, ինչի հետևանքով KFW-ն տարեկան հաշվարկել է մոտ 800 հազար եվրոյի չափով սպասարկման վճար. այս վճարը գանձվում է այն ժամանակ, երբ գումարը չի օգտագործվում, և չի գանձվում տոկոսագումար: Հետևապես, այս տարին չհաշված՝ 2 միլիոն 400 հազար եվրո արդեն իսկ պետք է պետական բյուջեից գանձված լինի՝ չօգտագործված վարկի դիմաց: Միևնույն ժամանակ, կառավարությունը և ՓԲԸ-ը նույնիսկ չեն բարեհաճել գոնե մեկ անգամ հանդիպել բանկի ներկայացուցիչներին այս հսկայական վարկի չօգտագործման պատճառները քննարկելու համար՝ չնայած գերմանացիների հետևողական խնդրանքներին, իսկ համալիրի վաճառքի մասին լուրը նրանց համար ընդհանրապես սառը ցնցուղ է եղել: Գերմանական բանկը հայտնվել է տհաճ իրավիճակում, քանի որ իրենց տրամադրած գումարը անհասկանալի պատճառներով քնեցվել է շատ ցածր տոկոսադրույքով, մինչդեռ իրենք այն կարող էին ներդնել այլ՝ ավելի շահութաբեր ծրագրերի մեջ:

Եվ սա էլ դեռ վերջը չէ: Այսօրինակ անպատասխանատու գործելաոճից զայրացած՝ գերմանական բանկը պահանջելու է ևս 5 միլիոն եվրո, որը գանձվում է ժամկետից շուտ վարկային գործարքը դադարեցնելու կամ վարկն իր նպատակին չծառայեցնելու համար: Արդյունքում՝ հանրային միջոցներից առնվազն 2 միլիոն 400 հազար եվրո արդեն իսկ վճարվել է, ու ևս 5 միլիոն եվրո դեռ պետք է վճարվի: Այս գործելաոճը աննախադեպ է նման միջազգային գործարքների համար, և գերմանացիների մոտ տպավորություն կա, որ Հայաստանի կառավարության անդամները, մեջբերում եմ՝ “experienced gamblers” (փորձառու խաղամոլներ) են:

Մենք էլ՝ մեր հերթին, չենք պատրաստվում բավարարվել ներքին աղբյուրների տված տեղեկատվությամբ և կառավարությունից պահանջել ենք այս վարկային գործարքի ողջ փաթեթը՝ վարկի բանակցություններին վերաբերող նամակագրությունը, տարեկան հաշվետվությունները, աուդիտորի եզրակացությունը և մնացած բոլոր անհրաժեշտ նյութերը:

«Մեր ոչխարներին» նվիրված մասի ամփոփում

Ինչպես արդարադատության պաշտոնաթող նախարարի մտքի պայծառացումները՝ Որոտանի հիդրոհամալիրի վաճառքի օրինականություն վերաբերյալ, այնպես էլ դրա գնի և վարկային պատմությանն առնչվող փաստերի համադրումը և տրամաբանական վերլուծությունը բերում են եզրահանգման, որ տեղի է ունեցել մի «օրինակելի» կոռուպցիոն գործարք՝ իր բոլոր բաղադրիչներով, որն առնվազն՝

  • բացահայտ կերպով հակասում է մի քանի ֆունդամենտալ օրենքների, ինչպիսիք են ջրային օրենսդրությունը և պետական գույքի մասնավորեցման մասին օրենքը.
  • կնքվել է ոչ թափանցիկ, կամայական որոշումներ ընդունելով և անհասկանալի տրամաբանությամբ.
  • տարիներ շարունակ համալիրի արդիականացման համար ստացված բավարար վարկային միջոցները անհասկանալի պատճառներով չեն օգտագործվալ իրենց նպատակով, և հսկայական հանրային միջոցներ պարզապես փոշիացվել են այդ վարկային սպասարկումների և տուգանքների համար:

Իսկ թե ինչ փաստերով է հինավորվում միջազգայինների անմիջական ներգրավվածությունն այս ամենի մեջ՝ կներկայացնենք հաջորդ հոդվածով:

Արթուր Գրիգորյան