20.05.2014 15:55

Ո՞վ է նախաձեռնողը. Ստաս Նամինը երբեք չէր խնդրի տեղադրել Միկոյանի արձանը

Ո՞վ է նախաձեռնողը. Ստաս Նամինը երբեք չէր խնդրի տեղադրել Միկոյանի արձանը
Լուսանկարում՝ Վահան Վարդապետյանն է

Թեպետ Երևանի իշխանությունները մտադիր են ցանկացած գնով Երևանի կենտրոնում տեղադրել խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը, սակայն այս թեմայի շուրջ հասարակական բուռն քննարկումները, ընդվզումը չի դադարում։ Իշխանությունները պնդում են, թե արձանը տեղադրվում է Միկոյանի ժառանգների խնդրանքով, որոնց թվում նշվում է նաև մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը, որը Միկոյանի թոռն է։ Մեզ հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, բժիշկ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ, ով բավական մտերիմ է Նամինի և նրա ընտանիքի հետ, անդրադարձավ թե՛ արձանի տեղադրման հարցին և թե՛ դրան Ստաս Նամինի հնարավոր առնչությանը։
- Ինչպե՞ս կգնահատեիք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման երևույթը, նախ` քաղաքական տեսանկյունից, հետո` մշակութային։ Այն տեղավորվո՞ւմ է արձանների տեղադրման մեր պատկերացրած մշակույթի շրջանակներում։
- Արձանի տեղադրումը ինքնանպատակ չպետք է լինի։ Հայաստանում հաճախ արձանները ինքնանպատակ են տեղադրվում։ Չեմ հասկանում, այսօր ի՞նչ հրատապ հարց է լուծվում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմամբ։ Եվ նորից գալիս եմ այն եզրակացության, որ ուղղակի նպատակ է դրվել մեր հասարակության ուշադրությունը շեղել հիմնական կենսախնդիրներից։ Իմ գնահատմամբ, եթե Հայաստանում արդեն այսպիսի հարց է քննարկվում, ուրեմն մեր հասարակությունը հիվանդ է։ Միայն հիվանդ հասարակության մեջ կարող են այսպիսի քննարկումներ լինել. սովետական, թեկուզ ականավոր, պետական քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը։ Ի՞նչ են ցանկանում սրանով լուծել, ո՞ւմ են ուզում դուր գալ` ինձ համար անհասկանալի է։ Ես նաև տհաճությամբ եմ ընկալում բոլոր այն պեղումները, որ արխիվներ են վերհանում, Միկոյանի բացասական գործերն են հրապարակում։ Միգուցե անհրաժեշտություն է առաջացել` դրա համար են արխիվները սկսել պեղել։ Եվ եթե Միկոյանը նաև դրական գործեր է արել, դա մոռացության է տրված։ Քննարկում են միայն բացասական կողմերը։ Ես այն քաղաքացիներից եմ, որ անհրաժեշտ չեմ համարում պատմության այն դժնդակ, մութ, ինչ-որ տեղ հանցավոր էջերը նորից քրքրել ու վերհանել։ Պարզապես պետք է պատմությունը հանգիստ թողնել, նույնքան անթույլատրելի է այսօր այս իրականության մեջ այդ արձանի տեղադրումը։
- Իսկ միգուցե այս ամենի դրական կողմն էլ ա՞յն էր, որ հասարակությունը կարողացավ նորովի գնահատել և ճանաչել իր երբեմնի հերոսներին, ավելի տեղեկացված դարձավ։
- Եթե արձանի տեղադրման հարց չքննարկվեր, մենք Միկոյանին ավելի շատ կհիշեինք արված դրական գործերով։ Իսկ այդպիսի գործեր նա արել է։ Բայց երբ քննարկվում է արձան տեղադրելու հարցը, արդեն քննարկվում է ամեն ինչ և ամբողջության մեջ։ Այդ թվում` Միկոյանի բացասական դերակատարությունը Ղարաբաղի հարցում, ստալինյան ռեպրեսիաներում և այլն։ Ու բանը հասել է նրան, որ Լեհաստանի դեսպանը Հայաստանում անբարոյականություն է համարել արձանի տեղադրումը` հիշելով Միկոյանի առնչությունը Կատինի ողբերգությանը։ Նորից եմ ասում. Հայաստանում այդ հարցը բացարձակապես հրատապ չէր, և այն քննարկման նյութ չպետք է դառնար։ Ես հասարակական տարբեր շերտերի հետ եմ շփվում, ու հաճելի չէ, որ մարդկանց մեջ կա նույնիսկ ագրեսիա, ատելություն, ուստի պատմությունը պետք է հանգիստ թողնել, որ բացասական, տհաճ էմոցիաները նորից չարթնանան։
- Երևանի իշխանությունները, մասնավորապես` գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, որպես արձանի տեղադրման հիմնավորում՝ միայն մի բան էին նշել. որ սա Անաստաս Միկոյանի շառավիղների, ժառանգների ցանկությունն է։ Թեպետ ոչ մի անուն չեն ասում։ Այդ ժառանգների թվում, մասնավորապես, շրջանառվում է նաև հայտնի ռուսաստանցի կոմպոզիտոր, մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը։ Որքանո՞վ է դա հավանական` հաշվի առնելով, որ Նամինն ի վերջո համաշխարհային համբավ ունեցող մշակութային գործիչ է, արվեստի ոլորտի ականավոր գործիչներից մեկը։
- Հայաստանում ամեն տեսակ լուրեր կարող են շրջանառվել։ Անգամ` ծայրահեղ բամբասանքի հասնող։ Ես չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, թե այդ հայտնի գերդաստանի որ շառավիղը ինչ չափով մասնակցություն ունի։ Ես այդ գերդաստանից մոտիկից ճանաչում եմ Անաստաս Միկոյանի հարսին` Նամի Միկոյանին, և թոռանը` Ստաս Նամինին, որը հենց Անաստաս Միկոյան անունն է կրում։ Դուք լավ բնութագրեցիք. Ստաս Նամինը վառ անհատականություն է, բացառիկ դեմք ոչ միայն խորհրդային, ռուսական, այլ նաև` միջազգային մասշտաբով։ Բազմաթիվ անգամ ես անձնական շփումներ եմ ունեցել` ընդհուպ մինչև ընկերական հարաբերություններ։ Ստաս Նամինը բազմակողմանի, մեծ ընդգրկում ունեցող գործիչ է, եթե ծանոթանաք նրա մշակութային գործունեությանը, կհասկանաք, որ ինքը խորհրդային մշակույթում իրոք հեղափոխություն իրականացրած գործիչ է եղել։ Նամինին կարելի է համարել և արվեստագետ, և արվեստաբան, երաժիշտ, կոմպոզիտոր, լուսանկարիչ, ճանապարհորդ։ Նա այնպիսի գեղանկարներ է արել, որ ուղղակի ցնցող է։ Հրաշալի գծանկարներ ունի, իր գործերից մի քանիսը նա ինձ է նվիրել։ Անգամ Օհան Դուրյանի թանգարանում կա նրա գծանկարը, որտեղ Նամինը այնքան բնորոշ է մաեստրոյին նկարել։ Նամինը սիմֆոնիկ երաժշտության այնպիսի կտորներ է ստեղծել, որ շատ տաղանդավոր կոմպոզիտորների համար դժվար կլիներ։ Նամինը կազմակերպչական, մենեջերական ունակություններով գրեթե հավասարը չունի։ Օրինակ, նա կարող է կազմակերպել Ռուսաստանի մշակույթի օրեր Չինաստանում, ԱՄՆ-ում։ Ես նրան ընդհանուր բնութագրեցի։ Բայց Ստաս Նամինը իմ համար շատ նվիրական մի անուն է, որ բացառիկ գործ արեց մեր երաժշտական արվեստի համար։ Երբ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը (Ռոբերտ Քոչարյանի – Մ.Ղ.) ուղղակի ոճրագործություն կատարեց մշակույթում, իսկ Օհան Դուրյանի դեմ արվածը ոճրագործություն էր, Ստաս Նամինը ոչ մի բանի առջև կանգ չառավ։ Լայն ասպարեզ բացեց և այնպիսի բարձր մակարդակի համերգներ կազմակերպեց, ու Մաեստրոն իր ողջ հզորությամբ կարողացավ փայլել ռուս հանդիսատեսի առջև։ Դրանք փառապանծ համերգներ էին։ Ես Նամինին ամբողջ կյանքում երախտապարտ եմ Մաեստրոյի համար այդպիսի համերգներ կազմակերպելու և Մաեստրոյի արվեստին նվիրված ֆիլմ նկարահանելու համար։ Երբ Հայաստանում Մաեստրոն իշխանությունների կողմից չէր գնահատվում, Նամինը Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում ամենաբարձր հյուրերի ներկայությամբ կազմակերպում էր Մաեստրոյի ծննդյան 80-ամյակը։ Մաեստրոյին նվիրված ֆիլմում Նամինն ասաց, որ Օհան Դուրյանը բացարձակ այլ իրականության գործիչ է, և դա արտահայտվում է նրա արվեստում։ Նույն խոսքերով կարող եմ բնութագրել Ստաս Նամինին։ Նա ծնվել, ապրել և մեծացել է սովետական ռեժիմի կիզակետում, հայտնի գերդաստանների շառավիղ է։ Բայց նա իր էությամբ, չեմ ուզում ասել, թե հակախորհրդային, բայց խորհրդային ոչինչ չէր կրում. ազատամիտ, անկաշկանդ անհատականություն։
- Այսինքն, նրա առնչությունը Միկոյանի արձանի տեղադրմանը այնքան է՞լ հավանական չեք համարում։
- Անկեղծ ասած, առիթ չի եղել, որ ճշտեմ նրա առնչությունը արձանի տեղադրման հետ։ Մի բան կարող եմ վստահաբար ասել. երբեք ինքը չի խնդրի, դիմի. դա անհնարին բան է։ Կարող է՝ իրեն դուր գալու, հաճոյանալու համար դիմեն և ներկայացնեն, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, ոչ թե կառավարության, քաղաքապետարանի, և նա պարզապես մերժած չլինի։ Ես այդպես եմ կարծում, և ճիշտն ասած, ցանկանում եմ, որ այդպես եղած լինի։
- Իսկ Նամի Միկոյա՞նը։
- Շարունակ շփվում եմ նաև Նամի Միկոյանի հետ։ Վերջինս շատ մեծ գործ է անում Մոսկվայում։ Նա այնտեղ կարծես փոքրիկ մի Հայաստան ներկայացնի։ Ինչ որ կարող է, արել է, օգնել է Հայաստանին, և դա արել է մեծ հայրենասիրությամբ։ Նամին շատ բարձր էր գնահատում իր հոգևոր հորը` Գրիգոր Հարությունյանին (Խորհրդային Հայաստանի ԿԿ 1-ին քարտուղարը 1937-1953թթ.) և մտահոգված էր նրա անունով փողոց անվանելու, գրքեր հրատարակելու խնդրով։ Իր հոր հանդեպ պաշտամունքը կարող եք նրա հուշերում կարդալ։ Նույնը` Ստաս Նամինը։ Երբ տարիներ առաջ «Շանթին» հարցազրույց էր տալիս, Միկոյանի մասին հարցը Ստասը շատ սահուն կերպով շրջանցում է և անդրադառնում Գրիգոր Հարությունյանի գործունեությանը։ Դե, Գ. Հարությունյանին «մեծ շինարար» էին անվանում։ Չգիտեմ, արդյոք այժմ Ստաս Նամինը տեղյակ է, թե ինչ աղմուկ է բարձրացել Միկոյանի արձանի շուրջ։ Ինչ բուռն քննարկումներ են ընթանում, անգամ ատելության հասնող։ Միգուցե նաև դա իմ բացթողումն է, որ ես նախապես իրեն տեղյակ չեմ պահել։ Ինձ համար շատ դժվար է, որ իմ մտերիմ ընկերը համարելով, անձամբ ինքս եմ մերժում այդ արձանի տեղադրումը, բայց կարծում եմ, որ նա ինձ կհասկանա, քանի որ գիտի, որ ես նույնպես ազատամիտ, պայքարող անհատականություն եմ։
Լրատվամիջոցներում նշվեց, թե Ստաս Նամինը վերջին տարիների Հայաստանում չի էլ եղել։ Ուզում եմ պարզաբանել, որ իմ անձնական հրավերով 2008թ. հունվարի 25-ին Ստաս Նամինը այցելեց Երևան, երբ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ իր կենտրոնի կողմից նկարահանված` Օհան Դուրյանի մասին ֆիլմի շնորհանդեսը։ Նա այդ շնորհանդեսի ժամանակ նույնիսկ ելույթ ունեցավ։ Երբ որ շատերը դիմում էին Նամինին, թե դուք օգնեցիք Դուրյանին, ինքը պատասխանում էր. ես չեմ օգնել Օհան Դուրյանին։ Մենք օգնել ենք միմյանց` Օհան Դուրյանի արվեստը ներկայացնելու համար։ Ես Ստասին տեսել եմ Օհան Դուրյանի փորձերի և համերգների ժամանակ։ Միայն նրբանկատ, արվեստը խորությամբ ընկալող մարդը կարող էր խանդավառվել և ոգևորվել Մաեստրոյի հանճարով։ Արձանի տեղադրումը և առհասարակ արվեստի որևէ կոթող ստեղծելու անհրաժեշտությունը պետք է լինի ակնածանքի, սիրո արդյունք, սակայն այս արձանի տեղադրումը, որն ինձ խիստ մտահոգում է, դառնալու է անարգանքի օբյեկտ, քաղաքի կենտրոնում տեղակայված վերք և խոց հասարակության համար, ինչը հաճելի չի լինելու նաև Միկոյանների գերդաստանի համար:

Զրուցեց Մհեր Ղալեչյանը

«Չորրորդ իշխանություն» 20.05.2014