05.11.2012 18:22

Էդվարդ Նալբանդյան. Փարիզում հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն էր

Էդվարդ Նալբանդյան. Փարիզում հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն էր

Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն էր: Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում, 2013 թվականի պետական բյուջեի քննարկամն ժամանակ, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին:

«Կազանում Ադրբեջանը հետքայլ արեց: Ոչ միայն Կազանում, դրանից առաջ՝ Սոչիում, դրանից առաջ՝ Աստրախանում, հետո՝ Սանկտ Պետերբուրգում՝ մերժելով եռանախագահների առաջարկները: Ստեղծվել էր այն իրավիճակը, որ Ադրբեջանը գնում էր բանակցային գործընթացի տապալման: Սաֆարովի արտահանձնումը ևս մեկ հարված եղավ բանակցային գործընթացին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ պետք է արվեր հնարավորը, որ բանակցությունները շարունակվեին:

Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը, ինչպես և եռանախագահող երկրները, հայտարարել են, որ տրամադրված ու վճռական են շարունակելու բանակցությունները: Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը՝ արտգործնախարարն ասաց, որ այս երկու ամսվա ընթացքում որոշ փոփոխություն է տեղի ունեցել:

«Միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր, կառույց, որը խստորեն չքննադատեց, չարտահայտեց իր վրդովմունքը այդ քայլի վերաբերյալ»,- նշեց Նալբանդյանը: