05.11.2012 18:29

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ

«Իվանաշվիլին իդեալական տարբերակ չէր Վրաստանի համար, ամենևին, բայց նա թիմ հավաքեց, և ժողովուրդը գնաց նրա հետևից: Իշխանության նկատմամբ քաղաքացիական հասարակության վստահության մակարդակը և հավատը մարդկանց պահում է երկրում, իսկ երբ քաղաքացին իր քվեաթերթիկը պատգամավոր կամ նախագահ դարձնելու հույս չունի, այդ քաղաքացին արտագաղթում է»:  iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ արտագաղթը աղետալի չափերի է հասել, և օրեցօր Հայաստանը սպառվում է:

Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը, ժողովրդի աջակցությամբ, պարտավոր են իրականացնել իշխանափոխություն, դա անհրաժեշտություն է: Վերջինս օրինակ բերեց, թե ինչպես Վրաստանում վերջին զարգացումներից հետո Սաակաշվիլի թիմակիցներն անցան «Վրացական երազանքի»  կողմը, և հույս հայտնեց, որ Հայաստանում ևս ՀՀԿ-ից մարդիկ կանցնեն ժողովրդի և ընդդիմադիր միասնականության կողմը:

«Իմ խնդիրը կուսակցական չէ, իմ խնդիրը Հայաստանի առջև դրված մեծագույն պրոբլեմի լուծումն է», - նշեց Ա. Մանուկյանը՝ արտագաղթը համարելով այդ խնդիրը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին որպես միասնական թեկնածու առաջադրելուն՝ Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը տեսնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները այդ խնդիրները լուծելու դաշտում:

Հնարավոր ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին Արամ Մանուկյանն ասաց.

«Քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացիայի կարիքը կա, ուզում եք՝ առանձին կրկնեմ, ՀԱԿ-ԲՀԿ՝ համաձայն եմ, ՀԱԿ-ՀՅԴ՝  համաձայն եմ, ՀԱԿ- «Ժառանգություն»՝ համաձայն եմ, ՀԱԿ-ՀՀԿ-ի թևեր, որոնք կգտնեն, որ արտագաղթի խնդիրը սպառում է Հայաստանը՝ համաձայն եմ, միայն այսպես՝ կոնսոլիդացիոն միջոցներով կարող ենք լուծել այս խնդիրը: Կարծում եմ՝ պառլամենտում գոնե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կգտնվեն միջոցներ, դաշտեր, խնդիրներ, որոնց շուրջ կամրագրվի համագործակցության հնարավորությունը»:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ինքը տեսնում է, որ ԲՀԿ-ում  քաղաքական հզոր գործընթացներ են տեղի ունենում, քանի որ, ըստ բանախոսի, ԲՀԿ-ն կայանալու, իրեն ներկայացնելու, ասելիքն ասելու խնդիր է դրել ու կոշտ առաջ է շարժվում, ինչն իր համար ուրախալի է:

«Ես նույն բանը տեսնում եմ ՀՅԴ-ի մեջ, այս պրոբլեմի զգացողությունը հասարակությունում այնքան շատ է, որ ուզես թե չուզես՝ փոխանցվում է քաղաքական ուժերին: ՀԱԿ-ը պատրաստ է բոլորի հետ համագործակցել, տեսնում եմ համագործակցություն քաղաքական բոլոր ուժերի հետ և համարում եմ անհրաժեշտ»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը,  և, պատասխանելով ՕԵԿ-ի հետ հնարավոր գործակցության հնարավորության մասին, կատակեց, թե վախենում է այդ «հզոր» ուժի անունը տալ:

«ՕԵԿ-ը մեր խայտառակությունն է ու մեր քաղաքական ամոթը», - եզրափակեց Արամ Մանուկյանը: