21.05.2014 15:10

Նիգերիայում երկու հզոր պայթյունների հետևանքով կան հարյուրից ավելի զոհեր

Նիգերիայում երկու հզոր պայթյունների հետևանքով կան հարյուրից ավելի զոհեր

Նիգերիայում՝ Ջոս քաղաքում, երկու հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 118 մարդ, 50-ից ավելին վիրավորվել են, հաղորդել են երկրի իշխանությունները: Փրկարարները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կաճի, քանի որ շատերը կարող են մնացած լինել հզոր պայթյունից փլված շենքերի փլատակների տակ:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական շուկայում, երկրորդը՝ հիվանդանոցի մոտ: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերի մեծ մասը կանայք են: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկության պատասխանատվությունը, սակայն իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները նախկինում մի քանի անգամ հարձակումներ են գործել քաղաքի վրա:

Վերջին մի քանի տարիներին Ջոսում արյունալի բախումներ են տեղի ունենում նաև մուսուլմանների ու քրիստոնյաների միջև:

Մի լրագրող BBC-ին հայտնել է, որ քաղաքում այժմ լարված իրավիճակ է, երիտասարդները արգելափակում են որոշ ճանապարհներ: Բոլոր դավանանքների հոգևորականները հանդարտության կոչեր են անում: Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը դատապարտել է ահաբեկչական հարձակումը և հայտարարել, որ շարունակելու է պայքարը ահաբեկչության դեմ, հաղորդում է BBC-ն: