22.05.2014 15:02

Արամ Մանուկյան. Մեր թիրախը Սերժ Սարգսյանն է

Արամ Մանուկյան. Մեր թիրախը Սերժ Սարգսյանն է

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

- Պարոն Մանուկյան, Քառյակը որոշել է բոյկոտել կառավարության ծրագրի քվեարկությունը: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը:

- Մեր մոտեցումն ավելի ռադիկալ է՝ մենք կողմ ենք «դեմ» քվեարկելուն, որովհետև բազմիցս ասել ենք՝ հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարողանան ներկայացնել բարեփոխումների ծրագիր, բարեփոխող կառավարություն: Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի որևէ նախաձեռնություն: Մենք գնացել ենք այն տարբերակին, որով կոնսենսուս ապահովվեց: Քառյակի որոշումը հետևյալն է՝ մենք չենք ընդունում այդ ծրագիրը, սակայն տակտիկական նկատառումներով՝ ավելի նպատակահարմար ենք համարում չմասնակցել քվեարկությանը: Մենք կարծում ենք, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի կառավարության ծրագիրը երկու անգամ մերժելու միջոցով հասնենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Թեպետ սա շատ ռեալ չէ, բայց շատ էլ հեռու չէ ռեալությունից: Այսինքն՝ մեզ համար այս պահին կարևոր է Քառյակի համատեղ գործունեությունը:

- Չքվեարկելը ի՞նչ կտա Քառյակին, եթե նկատի ունենանք, որ ցանկացած դեպքում ՀՀԿ-ն ունի կոճակային մեծամասնություն:

- Այո, իրենք ունեն կոճակային մեծամասնություն, բայց դա ոչինչ չարժե մեր միասնության դիմաց: Ի վերջո, կոճակային մեծամասնությունը փլուզվելու է, բայց մեր միասնականությունը հանգեցնելու է հաջողության:

- Իսկ Քառյակի՝ միասին չգործելու վտանգ կա՞:

- Ոչ, նման վտանգ չկա: Բայց և ամեն ինչ չէ, որ հեշտ է ստացվում: Կան մոտեցումների տարբերություններ, ինչը բնական եմ համարում՝ հաշվի առնելով, որ չորս տարբեր կուսակցություններ ենք: Անգամ մեկ կուսակցության ներսում կան մոտեցումների տարբերություններ, բայց ես այս խնդրի մեջ կարևորում եմ հասարակական պատվերը, ինչը մեզ պարտադրում է միասնական լինել:

- Քառյակից առաջիկայում սպասե՞նք նոր միասնական գործողություններ, թե՞ ոչ:

- Մի քանի օրից կլինի Քառյակի հաջորդ նիստը, և կքննարկվեն համատեղ իրականացվող քայլերը:

- Պարոն Մանուկյան, կարծես թե՝ այս կառավարության ծրագրի քննարկումներում քննադատության դոզան այն չէր, ինչ Տիգրան Սարգսյանի կառավարության դեպքում: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Ձեր ասածը չի վերաբերում մեր խմբակցությանը: Ես ինչ սրությամբ քննադատել եմ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, նույն սրությամբ քննադատում եմ նաև Հովիկ Աբրահամյանին, որովհետև ակնհայտ է՝ Հովիկ Աբրահամյանը հավաքել է բիզնեսմենների, հավաքել է վարկաբեկված մարդկանց: Իմ հարցին, թե ո՞վ է այդ կադրային նշանակումների նախաձեռնողը, նա պատասխանեց՝ ինքը: Այսինքն՝ այդ մարդկանց մեղքը վերցրեց իր վրա: Ես վստահ եմ, որ այս կառավարությունը շատ մեծ արագությամբ գնալու է ձախողման, և Սերժ Սարգսյանը շատ արագ քավության նոխազ կդարձնի Հովիկ Աբրահամյանին:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Հնարավոր չէ դեմ դուրս գալ կամ պայքարել այն համակարգի դեմ, որ ստեղծել է Սերժ Սարգսյանը: Այդ համակարգը կկլանի ցանկացածին, ինչպես եղավ նախորդ կառավարության դեպքում: Խաղի կանոնները թելադրողը Սերժ Սարգսյանն է, որն այդ իրավունքը երբեք որևէ մեկին չի տա: Մեր թիրախը Սերժ Սարգսյանն է: Եվ Հովիկ Աբրահամյանը կարող է կա՛մ արագացնել, կա՛մ դանդաղեցնել այդ պրոցեսները:

Արման Գալոյան