23.05.2014 12:03

«Հարցազրույց Հայաստանի հետ». Լևոն Եպիսկոպոսյան. Գիտությունը շատ լավ զբաղմունք է, որից հրճվում ես

«Հարցազրույց Հայաստանի հետ». Լևոն Եպիսկոպոսյան. Գիտությունը շատ լավ զբաղմունք է, որից հրճվում ես

Հայկական գենոֆոնդի գիտական ուսումնասիրության, հայերի կազմավորման վարկածների, այլ ժողովուրդների հետ գենետիկական կապերի, իգրեկ-քրոմոսոմ Ադամի, միտոքոնդրիալ Եվայի, հայկական գանգի և գիտությամբ զբաղվելու հրճվանքի մասին կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆ. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոցենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը




Հատված 1.Գենետիկայի բազային գիտելիքներ այսօր պիտի ունենան բոլորը
 

Պարո՛ն Եպիսկոպոսյան, պոպուլյացիոն գենետիկան վերջին մեկ-երկու տասնամյակում հսկայական առաջընթաց է ապրել, սակայն Հայաստանում կարծես թե շատ քչերն են ծանոթ նոր տվյալներին: Արդյո՞ք կան նշանակալի ձեռքբերումներ այս ասպարեզում:

Սա հպարտությամբ եմ ասում, որովհետև մենք ենք սկսել այդ աշխատանքը, և հիմնականում այն կատարվել է մեր լաբորատորիայի աշխատակիցների ջանքերի շնորհիվ: Սա կարևոր է, որովհետև ժամանակին մենք բոլորս հուսով էինք, որ մեր պատմությունը կարող ենք վերականգնել՝ օգտագործելով պատմական տվյալներ՝ վավերագրություն, պեղումների ժամանակ հայտնաբերված նյութեր և այլն: Յուրաքանչյուր ոլորտ, սակայն, ունի իր նեղ ուղղվածությունը և սահմանափակ հնարավորությունները: Այսօր մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ ցանկացած ոլորտ չի կարող ուսումնասիրվել կամ լավ հաջողությունների հասնել՝ օգտագործելով միայն իր մոտեցումները կամ տեսությունները. պետք է օգնության գան հարակից և ոչ հարակից գիտությունները: Գենետիկան թույլ տվեց բնականորեն առկա այդ բացերը ինչ-որ ձևով փակել և լրացնել:

Գենետիկան հիմնականում կարելի է բաժանել երկու ուղղության՝ բժշկական և էվոլյուցիոն: Մեր աշխատանքում մենք կիրառում ենք էվոլյուցիոն գենետիկայի մոտեցումները: Եվ այս մեթոդները օգտագործելով՝ տարբեր ժողովուրդներ կարող են վերականգնել իրենց գենետիկական պատմությունը: Պատմական կամ լեզվաբանական մեթոդները թույլ չեն տալիս պեղել ավելին, քան տասը հազար տարի առաջ, այնինչ մարդն ապրում է այս տարածաշրջանում ավելի քան վաթսուն հազար տարի, իսկ թե ովքեր են եղել վաթսուն հազար տարի առաջ՝ դժվար է վերականգնել պատմական, լեզվաբանական կամ հնագիտական մեթոդներով. այսօր դա թույլ է տալիս միայն գենետիկան: Մենք հնարավորություն ունենք պեղելու այնքան խոր, ինչքան ցանկանում ենք, ինչի շնորհիվ հասել ենք որոշակի արդյունքների:

Կարո՞ղ եք ավելի մանրամասնել ստացված արդյունքները:

Պարզ է, որ այստեղ պետք է հակահարված հասցնել ոչ միայն պատմական գործիքներով, այլև այս շատ ավելի օբյեկտիվ ձևով, որից է, անկասկած, գենետիկականը: Սույն գիտությունը օգտագործում է այն տեղեկությունը, որը, անկախ մեր կամքից և թելադրանքից, գրված է մեր բջիջներում, այսինքն` ԴՆԹ-ում, և այս դեպքում անհնարին է պատմաբանների պես ընտրել այս կամ այն քաղաքականությանը համապատասխան ինֆորմացիայի մաս և համապատասխան ձևով մեկնաբանել: Սույն մոտեցման կիրառումը նշանակում է, որ մենք ձգտում ենք զերծ մնալ քաղաքական ազդեցություններից. դրանք միշտ խանգարում են ցանկացած գիտական աշխատանքի: Պատվերի շրջանակներում աշխատելու դեպքում մեր ոլորտի մասնագետների աշխատանքի արդյունքները դատապարտված են: Այդ պատճառով մեզ մոտ առաջանում է խնդիր, թե արդյո՞ք  մեր բոլոր տվյալները համապատասխանում են մեր այսօրվա դրությանը, թե ոչ: Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է ճշմարտությունը ասել, քան քողարկել այդ ճշմարտությունը. վաղը մեր հակառակորդը այդ ճշմարտությունը կհայտնաբերի և ի վնաս մեզ կօգտագործի: Դա շատ նման է ախտորոշմանը. եթե ախտորոշումը ճիշտ է կատարված, հիվանդին կարելի է բուժել: Ավելի լավ է՝ մենք իմանանք՝ ինչ է եղել մեր տարածաշրջանում, քան թե վաղը մեկ ուրիշը հայտնաբերի իրական պատկերը և օգտագործի ի վնաս մեզ: Ես կողմնակից եմ օբյեկտիվությանը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ ժամանակակից գենետիկայում ինչպես կեղծելն է անհնարին, այնպես էլ օբյեկտիվ պատկերը թաքցնելը: Երբեմն հարցնում են, թե այդ գենետիկական ուսումնասիրության տվյալները չե՞ն կարող հայերի դեմ օգտագործել: Ես համոզված եմ, որ ոչ: Երբեմն ոմանք կարծում են, որ եթե հայերի գենետիկական առանձնահատկությունն ենք ուսումնասիրում, ապա ինչ-որ մեկը մի գենետիկական զենք կստեղծի հայերի դեմ, ինչն, իհարկե, անհեթեթություն է, քանի որ ամբողջ մարդկությունը այնքան նման է, որ դժվար է ստեղծել հատուկ հայերին ուղղված որևէ կենսաբանական զենք: Մենք չունենք հատուկ հայկական մի պիտակ, որին՝ որպես թիրախի, հատուկ կրակեն:

Այսօր Հայաստանում շատ են գործածում «գեն», «հայկական գեն», «ազգային գեն» և նման արտահայտություններ՝ վերագրելով դրանց հատուկ մի զորություն և լավ պատկերացում չունենալով դրանց իրական էության մասին: Ի՞նչ է պետք անել, որպեսզի մարդիկ գիտականին մոտ պատկերացումներ ունենան գենետիկայի վերաբերյալ:

Իհարկե անհեթեթություն է. երբ ոչ մասնագետները սկսում են խոսել մի երևույթի մասին, այդպիսի բան է ստացվում: «Գեն», «գենետիկական» բառերը այսօր շատերն են օգտագործում: Հայաստանում գուցե մի քիչ ավելի զուսպ է, բայց եթե դիտեք ամերիկահայկական հաղորդումները, կմտածեք, թե մեր այսօրվա գիտելիքները մնացել են միջնադարյան մակարդակի վրա. գենետիկայի մասին խոսում են բոլորը՝ դերասանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, տնտեսագետը: Ես առիթ եմ ունեցել խոսելու այդ մարդկանց հետ, որոնք ասում են, որ մեր գեներում գրված է մեր սերը դեպի Արարատ, դեպի գիտելիք և այլն:

Այս ընկալումը նրանից է, որ գենետիկան շատ քիչ է դասավանդվում: Լավագույնը համալսարանն է, բժշկական համալսարանը, բայց գենետիկան պետք է նաև լավ դասավանդվի դպրոցում: Գենետիկան բժշկության, կենսաբանության հիմքն է և անգամ մեր առօրյա կյանքում դեր ունի, բայց հանրությունը, ցավոք, իրազեկ չէ ժամանակակից գենետիկայի նվաճումներին և նրանց դերին կյանքի տարբեր ոլորտներում: Գենետիկայի բազային գիտելիքներ այսօր պիտի ունենան համարյա բոլորը, որպեսզի քննադատաբար մոտենան ոչ մասնագետների պնդումներին:
 

Հատված 2. Վերջին երեք-չորս հազար տարվա ընթացքում մեր գենոֆոնդը էական ազդեցություն այլ ժողովուրդներից չի կրել
 

Կպատմե՞ք  Y քրոմոսոմային Ադամի և միտոքոնդրիումային Եվայի, ապա՝ հապլոխմբերի առաջացման, բաժանման, մոտավոր տարածման և ժամանակագրության մասին:

Մեր կենսաբանական պատմության վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա, նյութ գրված է մեր ԴՆԹ-ում: Դա պահպանվում է և փոխանցվում սերնդեսերունդ: Եթե ինչ-որ բան գրված է նույնիսկ քողարկված ձևով, ուրեմն մենք կարող ենք նաև դա կարդալ: 1953 թ. պարզվեց, թե ինչպես է կազմված ԴՆԹ-ն, և այսօր մենք արդեն կարող ենք կարդալ (թեպետ ոչ ամբողջությամբ, բայց զարգացումն այդ ուղղությամբ է գնում) և վերականգնել, թե ինչ է տեղի ունեցել: Մեր գենետիկական պատմությունը  կարող ենք բաժանել երկու մասի. հայրական գծով ժառանգված` Y քրոմոսոմի միջոցով, և մայրական գծով` միտոքոնդրիումային ԴՆԹ-ի ժառանգման ճանապարհով: Տղամարդը չի փոխանցում միտոքոնդրիումները, ուրեմն՝ տղամարդը չի կարող շարունակել իր մայրական միտոքոնդրիումը: Ստացվեց, որ ժողովուրդների գենետիկական պատմությունը կարելի է վերականգնել և՛ հայրական գծով, և՛ մայրական. երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: Ինչ վերաբերում է համատեղ` երկու ծնողներից ժառանգված պատմությանը, ապա այդ դեպքում գործ ունենք այն քրոմոսոմների հետ, որ ժառանգում են և՛ հայրական, և՛ մայրական գծով: Ուսումնասիրելով այսօրվա երկրագնդի բնակչությունը` մասնագետներն ի վիճակի են նաև վերականգնել մեր նախահոր` Ադամի, և նախամոր` Եվայի տարիքը և ծննդյան վայրը: Այս տեղեկությունը, կարծում եմ, շատերին հայտնի է. ժամանակակից մարդը ծագել է մոտավորապես 200-250 հազար տարի առաջ` Աֆրիկայում:

Հայերի ուսումնասիրությունների արդյունքները ի՞նչ տվյալներ են տալիս ըստ Y քրոմոսոմի և միտոքոնդրիումային հատկանիշների:

Եթե անգամ առօրյա բացատրությունը տեսնենք, ապա ամուսնանալիս կինը գնում է իր ամուսնու վայրը, իսկ տղամարդիկ սովորաբար բերում են իրենց կանանց: Սրանց հետ կապված հատուկ տերմիններ կան՝ patrilocality և matrilocality: Այդ պատճառով կանանց խճանկարը ավելի համասեռ է, իսկ տղամարդիկ ավելի դիսկրետ են բաշխված: Դա նշանակում է, որ մենք կարող ենք վերականգնել մեր առանձին գավառների գենետիկական պատմությունը, հասկանալ, օրինակ, թե Արցախի կամ Վասպուրականի հայությունը ինչպես է կազմավորվել և ինչ շփումներ է ունեցել հարակից խմբերի հետ:

Կարծեմ՝ որոշակի տարբերություն կա հայերի տարբեր տարածաշրջանային խմբերի միջև: Ընդհանրապես՝ հայերի ո՞ր խմբերում են անցակցվել հետազոտություններ, և ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ են դրանք տվել:

Հայերը բավական երկար ժամանակաշրջան են ապրում այս տարածքում, ինչի մասին, բացի պատմականից, կան նաև այլ վկայություններ, որ բոլորն են ի վիճակի տեսնել: Տեսեք՝ ինչքան բարբառներ ունենք մենք: Սա նշանակում է, որ նրանց բաժանումը, անջատումը տեղի է ունեցել երկար ժամանակի ընթացքում, և արդեն բարբառների հիման վրա կարելի է ասել, որ երկար ժամանակ է, որ ապրում ենք այստեղ և բաժանված ենք տարբեր խմբերի: Բարբառները մեկը մյուսից անջատվում են և տարբեր ճյուղեր դառնում  իրենց ունեցած տարբեր օրինաչափությունների, տարբեր միտումների հաշվին: Կարող ենք հասկանալ՝ տարբեր գավառներում տարբեր ազդեցությունների տակ բառերը ինչ արագությամբ են փոխվել: Կան բառեր, որ ունեն փոփոխման կայուն արագություն: Նույնն է նաև գենետիկայում. ԴՆԹ-ի մի մասն ունի փոփոխման մեկ արագություն, մյուսն՝ այլ, և արդեն այսօր գիտությունը հենց դրանով է զբաղվում՝ չափել բոլոր կետերի արագությունը և դրանց փոփոխման արագությունը ևս: Ստանալով այդ տարբերությունը՝ մենք հանգում ենք այն եզրակացությանը, թե երբ է գոյություն ունեցել այն ակունքային խումբը, որից ծագել են հայերը: Այս առումով գենետիկայի և լեզվաբանության տվյալները գրեթե համընկնում են. այսօրվա գիտելիքների, հնարավորությունների սահմաններում և՛ գենետիկան, և՛ լեզվաբանությունը հանգել են մի կետի, որ մոտ հինգուկես հազար տարի առաջ է այդ ժամանակը, երբ հայերենը՝ որպես առանձին ճյուղ, առանձնացել է հնդեվրոպական ծառից, և հայերը սկսել են զարգանալ, մեկուսանալ, հետագայում ստեղծել պետություն և այլն: Մեծ առավելություն է, երբ տարբեր գիտությունների արդյունքները մի կետում հատվում են:  Այսօրվա գիտությունն այս է փաստում, բայց, միաժամանակ, գիտությունը չի կարող պնդել, որ դա վերջնական ճշմարտություն է:

Նոր տվյալների լույսի ներքո ի՞նչ կարող եք ասել հայերի ծագման վարկածների մասին, օրինակ՝ ակադեմիական պատմագիտական շրջանում տարածված բալկանյան ծագման վարկածի վերաբերյալ: Եթե Բալկանյան վարկածը հերքվում է, ապա ի՞նչ այլ նոր ուղղություն կարող է առաջարկել պատմաբաններին պոպույացիոն գենետիկան:

Հենց վերջերս հոդված ենք ուղարկել՝ միջազգային հանդեսներից մեկում հրատարակելու համար, և երկխոսության մեջ ենք մեր ընդդիմախոսների հետ, բայց հիմնականում ոչ ոք չի ասում, որ մեր ստացած արդյունքը սխալ է, իսկ այն հետևյալն է. մեր ստացած տվյալները հակառակն են ցույց տալիս, որ բալկանյան ժողովրդի նախնիները եկել են այդ տարածաշրջան Մերձավոր Արևելքից` հատելով Հայկական բարձրավանդակը: Իհարկե, մենք չենք կարող ժխտել, որ միգրացիաներ են տեղի ունեցել տարբեր ուղղություններով, բայց այնուամենայնիվ՝ 

Ուղղակի կարդացեք, թե որն է պատմաբանների այդ տեսության սկզբնաղբյուրը. ընդամենը երեք տող Հերոդոտոսից, որ հայերը կանգնած են եղել փռյուգացիների հետ միասին և կրել են նույն ռազմազգեստը, և դրա հիման վրա բոլորը սկսում են պնդել, որ հայերը փռյուգացիներ են, քանի որ դրա մասին շատ հստակ գրել է Հերոդոտոսը: Երեք տողի հիման վրա այսպիսի խոր հետևություններ անելը, կարծում եմ, համոզիչ չէ:

Խոսենք ավելի կոնկրետ տվյալներից: Հայերի արական գծում առավել տարածված են R1b և J2 հապլոխմբերը: R1b-ի գերակայության և ծագման շրջանների առումով կարծես մի փոքր ավելի բարդ պատկեր է: Այն առավելապես տարածված է Եվրոպայի ծայր արևմուտքում՝ Իսպանիա, Բրիտանիա, և այլ՝   հատկապես կելտական պատմություն ունեցող տարածքներում. դեպի արևելք աստիճանաբար նվազում է, հետո բավականին բարձր տոկոս է կազմում հայերի, թուրքմենների, առանձին՝ նաև բաշկիների մեջ, ինչպես նաև անսպասելիորեն շատ է Կամերունում և Չադում: Այս պահին որո՞նք են այս խմբի հետ կապված առավել տարածված վարկածները՝ ծագման, առանձնացման, տարածման, ժամանակագրության վերաբերյալ, և ինչպիսի՞ փաստարկներով են դրանք հիմնավորվում:

Հայկական բարձրավանդակը եղել է անցումային մի տարածաշրջան, որի տարածքով տեղի են ունեցել տարբեր տեղաշարժեր: R1b-ն Միջերկրածովյան ափով գնացել է դեպի Բալկաններ և հասել է Հյուսիսային Եվրոպա, մյուսը` J2-ը, հասել է Հյուսիսային Կովկաս: Այսօր չեչեններն ունեն ինչ-որ առանձնահատկություն, որ նման է հայերին, բայց դա չի նշանակում, որ չեչենները հայ են, ուղղակի նրանց նախնիները, մի քանի հազարամյակ առաջ հատելով մեր տարածաշրջանը, շարժվել են դեպի Հյուսիսային Կովկաս, այնտեղ հիմնավորվել ու բազմացել:

Հայերի մեջ R1b-ի ո՞ր ենթախմբերն են տարածված. դրանք ինչպիսի՞ կապերի մեջ են աշխարհում տարածված նույն խմբի մյուս ենթախմբերի հետ, որո՞նց են առավել մոտիկ, և ո՞րն է մոտավոր ժամանակագրությունն ու ճյուղավորումը:

Քանի որ այդ խումբը տարածվել է դեպի Եվրոպա ծովափնյա ճանապարհով, պարզ է, որ այն մասը, որ գնացել է այդ ուղղությամբ, ավելի շատ է ներկայացված Արևմտյան Հայաստանի մասով, իսկ Արևելյան Հայաստանում ավելի հաճախ են հանդիպում դեպի Կովկաս գնացած խմբերը: Այս բոլոր տարբերությունները ոչ մի առավելություն չունեն և ոչ մի առավելությամբ չեն օժտում ո՛չ Եվրոպայում, ո՛չ այստեղ ապրողին, ոչ էլ խառնամուսնություններից ծնված մարդկանց: Չիմացության պատճառով են նման մտքեր առաջանում, որ գենետիկայի տեսանկյունից որևէ մի ժողովուրդ ավելի բարձր է մյուսներից: Չպետք է մոռանալ, որ այս տեսակետը ընկած է ռասիստական և ֆաշիստական տեսությունների հիմքում:

Հայերի մեջ առավել տարածված մյուս հապլոխմբերի՝ J 2-ի և G – ի հարցը կարծես թե ավելի պարզ է. դրանք վկայում են հայերի մերձավորարևելյան ու կովկասյան ուժեղ կապերի մասին: Ի՞նչ կասեք դրանց մասին:

Քանի որ հայերը գենետիկորեն բազմազան են՝ տարբեր խմբերով, մեզ մոտ նույն G-ն հանդիպում է մի քանի տոկոսից մինչև տասնյակ տոկոսների հաճախականությամբ: Տասներեք տարի առաջ մեր բավականին լուրջ հոդվածում պարզեցինք, որ
 

Դա խոսում է այն մասին, որ մենք և՛ հին ենք, և՛ ժամանակին առանձնացել ենք շատ ավելի շուտ, քան ձևավորվել են պետությունները Եվրոպայում: Եվ  ես ուղղակի չեմ գրել, որ հայերը հին են. լավ է այն, որ ես եղել եմ այս հոդվածի երկրորդ հեղինակը, իսկ առաջինը եղել է անգլիացի: Վատ է այն, որ այս լավ, համոզիչ տվյալները, ըստ որոնց՝ հայերը սկսել են ձևավորվել որպես առանձին ժողովուրդ մոտ հինգ հազար տարի առաջ, նեղ պրոֆեսիոնալ մակարդակում են միայն շրջանառվում: Երբ արտասահմանում ինչ-որ աշխատանք է լույս տեսնում, որը  միջազգային հնչեղություն ունի կամ կարևոր է ինչ-որ ասպարեզի համար, միանգամից սկսում են դրա մասին գրել, բայց գրում է գիտության մեջ հմտացած լրագրողը, իսկ մեզ մոտ հաճախ գալիս են հարցազրույցի՝ առանց որևէ բան կարդացած լինելու: Փորձում եմ ես դա անել՝ երբեմն հանրամատչելի հոդվածներ գրելով, բայց դա ես չպետք է անեմ. ես պետք է զբաղվեմ իմ մասնագիտությամբ, իսկ լրագրողը գրի այդ մասին: Լրագրողը պիտի լինի այդ երկու բևեռների միջև. նյութ ստանա գիտնականից, մշակի դա և փոխանցի ընթերցողին: Այդ փոխանցող օղակը Հայաստանում բացակայում է, Ռուսաստանում գրեթե չկա, բայց Եվրոպայում կա: Շատ լավ կլինի, որ կարողանանք ստեղծել և զարգացնել այդ կամուրջը:   

Արական գծի տվյալների ընդհանրացումից թվում է, թե, մի կողմից՝ բավականին մոտիկ ենք հարևանների՝ վրացիների, թուրքերի, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների, կովկասցիների հետ, բայց մյուս կողմից՝ կան շեշտված առանձնահատկություններ և նմանություն Արևմտյան Եվրոպայի հետ: Ինչպե՞ս կմենաբանեք սա. կմանրամասնե՞ք թվարկված հարևանների հետ հայերի հարաբերությունն ըստ Y քրոմոսոմի:

Ընդհանրապես՝ ցանկացած ժողովուրդ իր էվոլյուցիայի ճանապարհին թե՛ շփումներ, թե՛ ներթափանցումներ է ունենում: Այսօր մենք ունենք բավական հետաքրքիր և համոզիչ տվյալ, որ հայերի կազմավորումը հիմնականում արդեն ավարտվել է մոտ երեք-չորս հազար տարի առաջ: Այդ արդյունքները վերջերս հրապարակվել են “Science” ամսագրում, ընդ որում` օգտագործելով նաև մեր կողմից հավաքված հայկական ԴՆԹ-ի նմուշները: Այդ հոդվածից բխում է նաև, որ վերջին երեք-չորս հազար տարվա ընթացքում մեր գենոֆոնդը էական ազդեցություն այլ ժողովուրդներից չի կրել:

Պետք է ավելացնել նաև, որ մեր հավաքական գենետիկական պատկերը համարյա ոչ մի ազդակ չի պարունակում միջնադարյան թյուրքական, մոնղոլական և արաբական նվաճողներից: Մեր գենոֆոնդում այդ ժողովուրդների գենետիկական ազդեցությունը հասնում է ընդամենը 0.5 տոկոսի, որն անհամեմատ ավելի փոքր է, քան մեզ շրջապատող Ադրբեջանում, Իրանական Ատրպատականում և Թուրքիայում: Այս արդյունքի հիմնական պատճառն է մեր վառ արտահայտված էթնիկական ինքնությունը, հազարամյակերի պատմություն ունեցող պետականությունը և, իհարկե, կրոնը:

Հատված 3. Գենետիկական հիշողության լինել-չլինելը խնդիր է, որ կարիք ունի ուսումնասիրման

Նախորդ դարասկզբում առավել տարածված էին գանգաբանական և առհասարակ՝ ֆիզիկական մարդաբանական ուսումնասիրությունները: Հետագայում դրանք կարծես կորցրին իրենց հմայքը, այդ թվում՝ նացիզմի հետ կապվելու պատճառով: ԽՍՀՄ-ում, սակայն, շարունակվեցին այդ ուղղությամբ աշխատանքներ: Այսօր ակտուա՞լ է այդ ուղղությունը: Եթե այո, ի՞նչ  փոխկապակցություններ կարող են լինել դրա և գենետիկ նոր տվյալների միջև:

Իհարկե, այդ ուղղությունը այժմ էլ գործում է, և այս ասպարեզում շատ արդյունավետ է աշխատում իմ գործընկեր` հմուտ և ճանաչված հնէամարդաբան Ռուզան Մկրտչյանը:

Գանգաբանության միջոցով մենք կարող ենք պարզել նաև, թե մարդաբանական ինչ շերտերով են ներկայացված տարբեր տարածքներ և ժամանակներ: Ընդհանուր միտումն այն է, որ բարձրագույն գոտիներում ապրող ժողովուրդների գանգը ավելի կլոր է՝ բրախիկեֆալ է,  և ոչ թե հայ են՝ դրա համար է այդպիսին: Ուղղակի մենք հիմնականում բարձրադիր գոտու ժողովուրդ ենք, ինչի պատճառով էլ մեր գանգն այդպիսին է: Ընդհանուր առմամբ՝ հնէամարդաբանությունը և գենետիկան,  կարելի է ասել, լրացնում են մեկը մյուսին:

Հայկական գանգաբանական նյութի առումով դասական է, թեև բավականին հնացած՝ Բունակի «Crania Armenica» աշխատությունը: Այդտեղ հեղինակը հարց է դնում հայկական գանգի հակասության վերաբերյալ. գերկարճ գանգը հակասության մեջ է մտնում նեղ դեմքի հետ: Հեղինակն իր դարի գիտելիքներին համապատասխան լուծում է տալիս: Հետագայում այդ հարցին ինչ-որ այլ լուծում տալու փորձ արվե՞լ է:

Բունակի գիրքը լույս է տեսել երեսունականներին: Նա ուսումնասիրել է հայկական գանգերը. այդ հավաքածուն այսօր գտնվում է Մոսկվայում: Ուղղակի՝ երբ ինքը ուսումնասիրել է այդ նմուշները, պարզվել է, որ հայկական տվյալները շատ դասական բնույթ են կրում, այսինքն՝ մենք միջինացված եվրոպական տվյալներն ենք, և ինքը մտցրել է այս տերմինը՝ արմենոիդ: Այս եզրը ունի զուտ պայմանական նշանակություն և, ըստ էության, ոչ մի գենետիկական առանձնահատկություն չի արտացոլում:

Իսկ հնագիտական նոր նյութով, այդպես կոչված՝ արմենոիդ գանգի որոշակի էվոլյուցիա՝ բրախիկեֆալիզացիա հաստատվո՞ւմ է, թե՞ ոչ:

Գանգի ձևի փոփոխությունը հիմնականում կախված է կլիմայական, այսինքն՝ արտաքին գործոնի ազդեցությունից:

Մենք սովորաբար միտում ունենք փոքրացնելու արտաքին գործոնների կարևորությունը, իսկ իրականում դրանք շատ ավելի էական են:

Իրականում՝ ի՞նչը կարող է և ի՞նչը չի կարող փոխանցվել գեներով, ումի՞ց ում կարող է փոխանցվել: Այս պահին գիտությունն ի՞նչ կարող է ասել դրա մասին:

Փոխանցվում են հիվանդությունները, բայց դա բժշկական գենետիկան է ուսումնասիրում: Այս ասպարեզի մասնագետները փորձում են հայտնաբերել գեներ, որոնց մուտացիաները պատասխանատու են այս կամ այն հիվանդության համար: Երկրորդ, փորձում են պարզել, թե տարբեր գեներ տարբեր պայմաններում ինչպես են իրենց դրսևորում: Երրորդը ևս շատ կարևոր է և նախորդի հետ է կապված. արդյո՞ք արտաքին ազդեցությունը ինչ-որ ձևով թողնում է իր ազդակը, և արդյո՞ք այն կարելի է հայտնաբերել հաջորդ սերունդներում: Հուսով եմ, որ շուտով այս հարցի պատասխանը գոնե անուղղակի կերպով կստանանք նաև մարդու վերաբերյալ: Գենետիկական հիշողության լինել-չլինելն այսօր խնդիր է, որ կարիք ունի ուսումնասիրման. նրանք, ովքեր պնդում են, որ կա նման բան, ապացույց չունեն, բայց ժխտելու համար բավարար փաստեր ևս չկան:

Մեզ հետ զրուցած գիտնականները սովորաբար դժգոհ են Հայաստանում գիտության ոլորտում տիրող վիճակից:  Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

1997 թվականին, երբ սկսեցինք, դեռ նոր սկսվեց մեր համագործակցությունը Լոնդոնի Թագավորական քոլեջի հետ, իսկ հետո ավելի ընդլայնեցինք մեր համագործակցությունը: Պատճառն այն է, որ Հայաստանն այսօր ի վիճակի չէ այդ ուսումնասիրությունները ամբողջությամբ իրագործելու Հայաստանում, որովհետև դրանց համար անհրաժեշտ են թանկարժեք գործիքներ, սարքավորումներ, լաբորատորիաներ:  Այդ գումարը ոչ գրանտների միջոցով կարող ես ստանալ, ոչ էլ հովանավորների: Նման մակարդակի հասած բոլոր լաբորատորիաներին օգնել են պետությունները: Մեր հարևան Պարսկաստանում տասը տարի առաջ արդեն կար շատ լավ կահավորված կենսաբանական կենտրոն:

Մենք այստեղ հավաքում ենք նմուշները, անջատում ԴՆԹ-ն, ուղարկում այլ տեղ, որտեղ էլ գնում են մեր աշխատակիցները և վերլուծության ենթարկում: Դա է հիմնական պատճառը, որ մենք համագործակցում ենք ոչ միայն նյութի փոխանակման, այլև աշխատանքի կատարման ձևով: Այսօր փորձարարական գիտության մեջ Հայաստանում հիմնականում զարգանում են այն ասպարեզները, որ կարողանում են համագործակցել դրսի հետ:

Թող մարդիկ չընկճվեն այն մտքից, որ գիտությունը պրեստիժային չէ կամ քիչ  փողաբեր է. պրեստիժային չէ այսօրվա պայմաններում՝ այստեղ, բայց ձեզ լավ եք զգում դրսում, երբ հմուտ մասնագետ եք, և ձեզ գնահատում են, իսկ ամենամեծ գնահատումը գիտելիքների, հմտությունների գնահատումն է, ոչ թե փողը: Բոլոր պետություններում գիտությունը, հատկապես` հիմնարարը, այն ասպարեզը չէ, որ փող է բերում, բայց եզակի հրճվանք է պատճառում, որից, կարծում եմ, զուրկ են մարդու զբաղվածության շատ ոլորտներ:

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ վերջին չորս-հինգ տարվա ընթացքում մեր գիտության ոլորտում կարելի է արձանագրել դրական փոփոխություններ, որոնք իրականացնում է գիտության պետական կոմիտեն: Այն հիմնականում ուղղված է երիտասարդ գիտնականներին աջակցելուն, մեր Հանրապետության համար կարևորագույն ուղղությունների զարգացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Այս աշխատանքն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տալիս, ինչն, իհարկե, առանձին քննարկման նյութ է:

Գիտությունը այն ասպարեզն է, որը մնայուն արժեքներ է ստեղծում, և եթե մենք հպարտանում ենք մեր նախնիներով` Անանիա Շիրակացի, Դավիթ Անհաղթ, ապա եկեք  մեր ապագա սերունդների համար հպարտանալու հնարավորություն ստեղծենք մեր այսօրվա նվաճումներով: