29.05.2014 18:10

ՀՀԿ-ական պատգամավոր. Սուրեն Խաչատրյանը խի ո՞վ ա, որ իրենից վախենան

ՀՀԿ-ական պատգամավոր. Սուրեն Խաչատրյանը խի ո՞վ ա, որ իրենից վախենան
Լուսանկարը՝ Aravot.am-ից

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, ձեր մարզում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ: Վերջին միջադեպը Սուրիկ Խաչատյանի եղբորորդիների անվան հետ է կապվում, որոնք մարդ են ծեծել, ահաբեկել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

- Ոչ ոքի համար էլ հաճելի չի այդպիսի լուրեր լսելը: Եթե նմանատիպ խնդիրներ կան, իրավապահ մարմինները զբաղվում են: Եթե օրենքի խախտում լինի իրականում, ապացույց լինի, պարզ է, որ օրենքը գործելու է: Բայց ես ոչ մի տեղից չեմ լսել իրականությունը: Տարբեր բաներ են ասում՝ եղել է, չի եղել: Էդ երեխաներն էլ ասել են, որ էդպիսի դեպք չի եղել:

- Գուցե Սուրիկ Խաչատրյանի՞ց են վախենում, որ չեն ասում:

- Սուրեն Խաչատրյանին ի՞նչ է եղել, որ վախենան: Սյունեցիները շատ ուժեղ ժողովուրդ են, ոչ մեկից չեն վախեցել: Ժողովուրդը թուրքից չի վախեցել, Սուրեն Խաչատրյանը խի ո՞վ ա, որ իրենից վախենան: Նման բան չկա: Ես, իմիջիայլոց, լրագրողներից էդ հարցը շատ-շատ եմ լսել, որ Սուրեն Խաչատրյանից վախենում են: Ասեմ, որ էդպիսի բան չկա:

-Ուղղակի նրա քայլերից տպավորություն է ստեղծվում, որ Խաչատրյանն ահուսարսափ է տարածում ձեր մարզում, ով էլ իր դեմ դուրս գա, գործի է դնում զենքը:

- Էդ մարդն ընդհանրապես ոչ մի բան էլ չի կարող տարածել: Էդ մարդը սովորական մարդ ա, սովորական ապրում ա: Սյունեցիներն էլ այնպիսի ժողովուրդ են, որ ոչ մեկից էլ չեն վախենում: Սատանան այնքան վախենալու չէ, որքան իրա մասին լուրեր են տարածում:

-Բայց Բուդաղյանների դեպքը եղավ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահների մասնակցությամբ, եղավ նաեւ նրա եղբոր հետ կապված դեպքը: Նրանք միշտ նման պատմությունների մեջ են հայտնվում:

- Նմանատիպ խնդիրներով իրավապահները զբաղվում են, եւ չի եղել մի դեպք, որ իրավապահները զերծ մնային դրանով զբաղվելուց: Ես պիտի խնդրեմ լրագրողներին, որ էլ չասեն՝ սյունեցիները իրենից վախենում են, ինքը ճնշում է գործադրում: Ես ուզում եմ դա հանվի ընդհանրապես ու հայտարարվի՝ ոչ մեկը չի վախենում նրանից: Սյունեցիները, դուք գիտեք` ինչպիսի պատմություն է ունեցել, պատերազմներ է հաղթել, Նժդեհ է ունեցել: Էդ սարերն ու ձորերը պահել են: Ի՞նչ ա նշանակում, որ Սուրեն Խաչատրյանից վախենում են: Նման բան չկա:

- Վերջին դեպքերից հետո արդեն ասում են՝ ձեր մարզը, Գորիսը կրիմինալ մայրաքաղաք կոչվելու իրավունք է վաստակել Սուրիկ Խաչատրյանի շնորհիվ:

- Եթե նայեք մեր մարզում կրիմինալի ցուցանիշները տարբեր մարզերի համեմատությամբ, կտեսնեք, որ այդպես չի: Սյունիքի մարզը կրիմինալով չի ճանաչված: Ուղղակի Սյունիքի մարզը որ հեռու է, լուրերը տարբեր ձեւերի են հասնում, մինչեւ հասնում է Երեւան, ձեւափոխվում է: Այ սա է, որ էդ խնդիրը գոյություն ունի:

- Առանց կրակ ծուխ լինո՞ւմ է:

- Ես ասեմ՝ էդպես չի: Ինքը պաշտոնյա է աշխատել՝ պատգամավոր է եղել, քաղաքապետ է եղել, մարզպետ է եղել: Միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Թիրախային, խոցելի պաշտոններ է զբաղեցրել, ու միշտ խոսում են: Իրենց ազգն էլ բավական մեծ ա, ով ինչ անում է, իրեն են վերագրում:

Արման Գալոյան