31.05.2014 14:14

Ժամանակակից թատրոնի խնդիրը մութ սենյակում սև կատու գտնելու փորձերն են

Ժամանակակից թատրոնի խնդիրը մութ սենյակում սև կատու գտնելու փորձերն են

Ժամանակակից թատրոնի խնդիրը մութ սենյակում սև կատու գտնելու փորձերն են, հատկապես, երբ այնտեղ կատու չկա: Այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, նման իրավիճակ է ստեղծվում այն ժամանակ, երբ խեղաթյուրվում է դասական ստեղծագործությունը. արտաքին պլան է դուրս գալիս այն, ինչ հակասում է հեղինակի մտահղացմանը, կամ էլ գործող անձանց միջև ի հայտ են գալիս այլ փոխհարաբերություններ: «Դա այն է, ինչն արտադրում է խտացված թթու, որը քայքայում և ոչնչացնում է ռուսական դրամատիկական թատրոնի գոյության երկար տարիներին ստեղծված կապերը», - նշել է Վորոբյովը:

Նրա խոքով, չի կարելի մշտապես կախված լինել հանդիսատեսից: «Այո, հանդիսատեսի համար հետաքրքիր և հասկանալի պետք է լինի այն ներկայացումը, որ ստեղծում ես: Սակայն երբեք չի կարելի հանդիսատեսին հարցնել, թե ինչպիսի ներկայացում պետք է բեմադրել, որպեսզի նա հաճույք ստանա: Թատրոնում հանդիսատեսը հաճույք չպետք է ստանա: Նա թատրոնում պետք է աշխատի սրտով ու հոգով», - ասել է նա: «Հանդիսատեսը թատրոն է գալիս` լսելու իրեն հուզող հարցերի պատասխանները, որպեսզի թատրոնն իրեն հետ պահի այնպիսի արարքներից, որոնք հետագայում կկործանեն իր կյանքը, հոգին, ներքին գիտակցությունը; Այդ իմաստով թատրոնն ու եկեղեցին շատ մոտ երկու ինստիտուտներ են, որոնք կոչված են օգնելու մարդուն», - հավելել է Վորոբյովը:

Խոսելով ժանրերի մրցակցության մասին` թատրոնի տնօրենը խոստովանել է, որ հանդիսատեսը կատակերգության շատ ավելի մեծ հաճույքով է գալիս, քան` ողբերգության: «Միշտ էլ մարդ ավելի շատ ուզում է ծիծաղել, քան` լալ: Սակայն փորձված հանդիսատեսը հասկանում է, որ ողբերգությունը նույնպես դյութում է, թողնում  չափազանց ուժեղ տպավորություն և հետազդեցություն», - նշել է նա:

Նրա խոսքով, հանդիսատեսների շրջանում առավել պահանջված թեմաներ են բարեկամների և ազգականների, ծնողների ու երեխաների փոխհարաբերությունները, հոգում առաջին սիրո ծնունդը, առաջին կորուստ: «Ամենապահանջվածն այն է, ինչը հասկանալի ու մոտ է մարդկանց, չէ որ թատրոնը` կյանքի հայելին է», - ասել է Վորոբյովը:

1993 թվականին հիմնադրված «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» թատերախմբում այսօր  կա 50 դերասան և 4 ռեժիսոր: Գոյության ողջ ընթացքում թատրոնը բեմադրել է 46 ներկայացում, որոնք բազմից արժանացել են տարբեր թատերական մրցանակների, մասնավորապես` «Ոսկե դիմակը» և «Ճայը»: