02.06.2014 17:02

Լևիկ Խաչատրյան. Պայքարի շարունակությունը կախված է նրանից, թե իրականում ինչ ես ուզում ստանալ

Լևիկ Խաչատրյան. Պայքարի շարունակությունը կախված է նրանից, թե իրականում ինչ ես ուզում ստանալ

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Լևիկ Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, Դուք մասնակցել եք անկախության պայքարին և պետության կայացմանը 80-90-ական թվականներին: Ղարաբաղյան շարժումից հետո ինչպե՞ս հասունացավ անկախության գաղափարը:

Ղարաբաղյան շարժումը իր ստեղծման ժամանակ, այսինքն՝ ամենասկզբում, համենայնդեպս, իր առջև անկախության խնդիր չէր դրել: Դեռևս 90-ական թվականներից այդ գաղափարը մթնոլորտում պտտվում էր, սակայն ընդհանրական բոլորի մոտ տարածված չէր, այսինքն՝ մասսայական բնույթ չէր կրում, որն էլ տևեց բավական երկար ժամանակ: Ղարաբաղյան շարժումը զուտ Ղարաբաղի խնդիրների հետ կապված շարժում էր, որն էլ, կարելի է ասել, հենց խթան հանդիսացավ: Իմ կարծիքով՝ շարժման հակազդեցությունը բերեց նաև այդ գաղափարի ընդհանրականությանը պետության կողմից, և այն մասսայական ընկալում ձեռք բերեց, որն էլ հետագայում դարձավ պայքարի հիմքը: Այսինքն՝ պայքարն սկսվել էր ընդամենը Ղարաբաղի համար:

Այն ժամանակ մի շատ հետաքրքիր բան գոյություն ուներ. ամբողջ Սովետական Միության մթնոլորտում փոփոխությունների անհրաժեշտության մեծ խնդիր կար, բոլորս էլ ունեինք դրա կարիքը և հատկապես՝  մարդկանց ընթերցող, մտածող հատվածը: Հենց այդ պատճառով էլ շարժումը միանգամից մասսայականություն ստացավ: Հասկանալի դարձավ, որ պետության հետ հարաբերվելու ազդեցիկ ձևը նաև այս շարժումներն են:

Իսկ անկախության խնդիրը դրվել է շատ ավելի ուշ, երբ արդեն ձևավորվում էին շարժման հետագա հիմքերը հաստատելու հարցերը: Պետության խնդիրն այն էր, թե ի՞նչ պետք է արվի պետության անկախացումից հետո, որտեղ ամբողջ մեխը առկա տարբեր քաղաքական ուժերի տարբեր մոտեցումներն էին:

* * *

Պայքարի շարունակությունը կախված է նրանից, թե դու ի՞նչ ես իրականում ուզում ստանալ: Հենց այս հարցի վրա հիմնվելով էլ մշակվում են պայքարի ձևը, մեթոդիկան , գործողությունները, մատուցումը և այլն: Այսինքն՝ նախևառաջ պետք է դրվի հասնելիք գաղափարը, հետո նոր՝ դրան համապատասխան կառուցվի շարժման ճանապարհը, պրոցեսը:

Այս ամենը, իմ կարծիքով, ավելի շատ պրոցես է, քան պայքար, և թե՛90-ական թվականներին, թե՛ հիմա, դրված է պրոցեսի աստիճանական զարգացման խնդիրը: Մեր բոլոր գործողությունները եղել են այն ժամանակ գործող Սահմանադրության սահմաններում: Այդ էվոլյուցիոն զարգացումը հենց պայքարի պրոցես է, այսինքն՝ գիտենք մեր վերջնական կետը, գիտենք՝ ինչ ենք ուզում և դրան համապատասխան՝ պետք է մեր գործողությունները այնպես կազմակերպենք, որ հասնենք դրան: Իսկ այդ գործողությունները պետք է լինեն ոչ միայն մերը, այլև անհրաժեշտ է դրանք հնարավորինս մասսայականացնել, ավելի շատ խմբեր ներգրավել:

Իմ ընկալումը այս հարցում հետևյալն է՝ պետք է իմանալ՝ ի՞նչ և ի՞նչ քայլեր անել դրան համապատասխան, իսկ մնացածը ընդամենը մեթոդիկա է՝ ինչպե՞ս անել, ինչպե՞ս մատուցել: Իմ կարծիքով՝ Հայ ազգային կոնգրեսի այսօրվա քայլերը բխում են մեկը մյուսից:

Այն ժամանակ տարածված էր նաև անկախության գաղափարի նկատմամբ սկեպտիցիզմը: Ըստ Ձեզ՝ հիմնականում ո՞ր շերտերն էին դեմ անկախությանը և ինչո՞ւ:

Ես անկախության գաղափարի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունք չեմ տեսնում: Անկախության գաղափարին կողմ է քվեարկել  2.5 մլն քվեարկողների 90-ից ավելի տոկոսը, իսկ դեմ՝ ընդամենը 10.000 մարդ: Դա չի նշանակում, որ սկեպտիցիզմը ընդհանրական է եղել, ոչ մի փաստ չկա, որ վկայի այդ մասին: Ես այսօր էլ համաձայն չեմ, որ գոյություն ունի անկախության նկատմամբ սկեպտիցիզմ:

Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե հիմնականում ո՞ր շերտի մարդկանց մոտ է առկա այդ սկեպտիցիզմը, քանի որ հստակ չեմ կարող ասել, թե այդ 10 հազար մարդը որ շերտին են պատկանում: Տրամաբանորեն՝ սովետմիության կողմնակիցները, ովքեր, հնարավոր է, որ այժմ շատացել են, այն մարդիկ են, ովքեր չեն պատկերացնում, թե իրականում այն ինչ է: Այդ մարդկանց շարքերում զգալի տեղ են զբաղեցնում նաև երիտասարդները, իսկ այդ սկեպտիցիզմը նրանց մոտ փոխանցվում է ընտանիքներից:

Օրինակ՝ մի ընտանիք, որտեղ պապը սովետմիության ժամանակ եղել է իր շրջապատում բավականին հայտնի կամ ընդունված մարդ: Իսկ քանի որ պապերի մտքերը հիմնականում առաջ են տանում թոռները, նրանց մոտ այդ պապի պատմած մտքերը դառնում են ընդունելի: Հենց այս է պատճառը, որ երիտասարդների մոտ ավելի շատ կարող են լինել այդ կարգի հակաանկախական մոտեցումներ, բայց, ընդհանուր առմամբ՝ ես համոզված եմ, որ այդպես չէ:

Այստեղ խոսքը ոչ թե գենի մասին է, այլ մշակույթի, որի մեջ մտնում է մեր ազգային, տնտեսական, քաղաքական մշակույթը: Դա ավելի շուտ փոխանցվում է ընտանիքից, քան ինֆորմացիայի այլ աղբյուրներից՝ հեռուստատեսությունից, թերթերից, գրքերից:

Եթե այդ ընտանիքում կա ինչ-որ մեկը, ով դեմ է անկախությանը , ապա դա իր ազդեցությունն է ունենում նաև ընտանիքի մյուս անդամների վրա: Մանավանդ որ այս տարիների ընթացքում ապրելու պայմանները վատացել են: Սա նույնպես պրոցես է, չնայած՝  ռեգրես է: Ես այստեղ օբյեկտիվ հիմքեր եմ տեսնում:

Նշեմ, որ սրանք միայն իմ ընկալումներն են:

90-ական թվականներին եկած քաղաքական թիմի ո՞ր ֆունադամենտալ գործողութունները կառանձնացնեք՝ որպես անկախության կայացման սկզբնական փուլ:

Ընդհանուր առմամբ՝ ոչ մի գործողություն անկախության հռչակագրից ի վեր ոչ ֆունդամենտալ չի եղել: Ես կարծում եմ, որ ոչ ֆունդամենտալ գործողություն այն ժամանակ, երբ սկզբունքորեն փոխվեց զարգացման ուղղությունը, պետությունը, կառույցները, օրենքները՝ հնարավոր չէր ուղղակի կատարել:
Բոլոր պրոցեսները, հատկապես՝ առաջին մի քանի տարիներին, երբ դրվում էին հիմքերը, ֆունդամենտալ էին, որոնց մասին կարելի է երկար խոսել: Հիմնական գործընթացների իրականացումից հետո նոր սկսվեցին մյուսները՝  սեփականաշնորհման գործընթացը, գործող ինստիտուտների վերափոխումը և այլն, որոնք բոլորն էլ համարվում են ֆունդամենտալ: Բայց այստեղ ամենակարևորը այն է, որ ֆունդամենտալ հիմքերը դրվեցին այդ ժամանակ, օրինակ՝ ճիշտ օրենքների կիրառումը, որոնք արդեն այլ գաղափարախոսության կրողներն էին: Հենց այդ գաղափարախոսության փոփոխությունը իրականացվում էր հստակ գործողություններով:

Այդ ժամանակ պետությունը գտնվում էր շատ հետաքրքիր մի իրավիճակում: Պատերազմի ընթացքում կատարվում էր սեփականաշնորհման պրոցես, որի հետ միաժամանակ անհրաժեշտ էր հոգալ բանակի կարիքները, փակ սահմանների պայմաններում էլեկտրաէներգիա արտադրել, ժողովրդին կերակրել: Եվ այդ ամեն ինչին զուգահեռ՝ պետք էր վերը նշված չորս հիմնական գործողություններն իրականացնել, որովհետև առանց դրանց իրականացման՝ հետագայում կընկնեինք մի մեծ փոսի մեջ:

Հետագայում՝ պատերազմի ավարտից հետո, երբ այս ֆունդամենտալ գործողությունները կատարվել էին, 1-2 տարում արդեն կային աշխուժության երևույթներ՝ գրանցվեց տնտեսական աճ, որի մասին վկայում են առկա թվային տվյալները: Պատերազմից հետո սովորաբար տնտեսական անկումը պետք է որ ավելի խորանար, բայց Հայաստանում եղավ ճիշտ հակառակը՝ այն աճեց, քանի որ հիմքը նախապես ճիշտ էր դրվել:

Անկախությունից 20 տարի անց ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանը, և արդյո՞ք հասարակությունը, դժգոհ լինելով առկա խնդիրներից, պետք է ինքն իրենց մեղադրի, թե՞ անկախության գաղափարն էր սխալ:

Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը  Սահմանադրությամբ նախատեսված նորմերի իրականացումն է: Եթե բոլորս ընդունենք, որ այս օրենքը բոլորիս համար է, ապա մենք դժվար թե ուրիշ խնդիրներ ունենանք: Կարծում եմ, որ ամենադժվարը հենց սա է: Բոլորը համարում են, որ իրենք օրենքից դուրս են, իրենք օրենք թելադրող են, ընդ որում՝ օրենքի խախտումը մեր հասարակության մոտ դարձել է առաջնային:

Մենք իշխանափոխություն ուզում ենք այն պատճառով, որ օրենքները, Սահմանադրությունը գործեն: Թեև ես վերջին օրենքների հետ խնդիրներ ունեմ, քանի որ, ինչպես ցույց է տալիս մեր փորձը, դրանցից շատերը հաճախ չեն համապատասխանում Սահմանադրությանը, այսինքն՝ գաղափարախոսական լուրջ խնդիրներ են առաջանում: Բայց դա հնարավոր է փոխել այն ժամանակ, երբ Սահմանադրական նորմերի գործողությունների իրականացումը ընդունվի որպես երկրի զարգացման առաջնահերթ խնդիր:

Սովետմիության Սահմանադրությունը աշխարհի ամենադեմոկրատական  Սահմանադրությունն էր. շատ քիչ Սահմանադրություններ կան, որոնք ունեն այդ սահմանադրական դրույթները: Մենք 90-91 թվականներին հաղթել ենք հենց այդ Սահմանադրությամբ, իսկ օրենքներն այդ ժամանակի օրենքներն էին: Դրանք գործում էին, քանի որ գործողություն իրականացնողը մտածում էր այդ օրենքների սահմաններում: Տարիների ընթացքում մշակույթը, գաղափարախոսությունը փոխվում է, իսկ մենք ավելի շատ ենք հետ գնացել: Այժմ օրենքը գործողության հիմք չէ,իսկ որպես գործողության հիմք՝ համարվում է անհասկանալի, ադաթային նորմը:

Անկախությունը սրա հետ ընդհանրապես կապ չունի: Անկախության գաղափարը կապ չունի, թե դու օրենքը չես պահի անկախ Հայաստանում, թե Սովետմիությունում: Օրենք ասելով՝ ես հասկանում եմ այն, ինչ որ ընդունվել է, գրված է բոլորիս համար, այլ ոչ թե «օրենք» իրավական տերմինը, որը կարող է նաև գրված չլինել: Իսկ օրենքի առաջ հավասար ենք բոլորս:

Զրուցեց Մարիամ Մուրադյանը