04.06.2014 13:12

Արմեն Մարտիրոսյան. Սա ապտակ էր ՀՀ իշխանություններին

Արմեն Մարտիրոսյան. Սա ապտակ էր ՀՀ իշխանություններին

iLur.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

-Պարոն Մարտիրոսյան, քառյակը որոշել է 12 կետանոց առաջարկ ներկայացնել իշխանություններին: Թեեւ պահանջների ցանկը դեռ չի հրապարակվել, Ձեր կարծիքով՝ իշխանությունները կկատարե՞ն այդ կետերը:

- Չեմ կարծում, որ նրանք կգնան այդ քայլին: Չեմ կարծում, որովհետեւ այդ կետերի կատարումը որոշակիորեն հենց իրենց` իշխանություններին է հարվածելու: Նրանք մինչեւ հիմա այդ քայլերը չեն կենսագործել` իշխանությունը պահելու, հավելյալ եկամուտներ ստանալու համար: Ուստի, դժվար է պատկերացնել, որ ինքնակամ կգնան 12 կետերը կատարելու ճանապարհով:

- Այդ դեպքում՝ որո՞նք են լինելու Քառյակի հաջորդ քայլերը:

- Երբ քառյակի կողմից տրված ժամկետները սպառվեն, այդ ժամանակ էլ համապատասխան որոշումը կլինի: Հիմա չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել:

- Մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները 12 պահանջների կատարման նպատակով տրված ժամկետները կօգտագործեն սեփական դիրքերն ամրապնդելու համար:

- Դրա համար էլ, ես կարծում եմ` մեր երկրում օր առաջ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որպեսզի լեգիտիմ իշխանություն ձեւավորվի, եւ այդ իշխանությունը կարողանա արմատական բարեփոխումներ իրականացնել, Հայաստանից դուրս Հայաստանի շահը պաշտպանել: Մեր գործողություններն ուղղված են բացառապես դրան:

- Աստանայում տեղի ունեցածը ինչպե՞ս եք գնահատում:

- Գնահատում եմ խիստ բացասական: «Ժառանգություն»-ն այդ առնչությամբ ընդունել է հայտարարություն: Ես կարծում եմ` շատ վտանգավոր իրավիճակում է Հայաստանը հայտնվել: Աստանայում կատարվածը եւս մեկ անգամ ապացուցեց՝ Եվրասիական տնտեսական միություն կամ Մաքսային միություն կոչվածում Հայաստանը չունի որեւէ անելիք, քանի որ այն ոչ թե Հայաստանի շահերը սպասարկող մարմին է, այլ, դեռեւս չանդամակցած՝ սպասարկում է Ադրբեջանին: Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի ասածները խիստ վիրավորական են ու, ըստ էության, որոշակի անպատվություն՝ Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանին: Լուկաշենկոն հայտարարում է` ինչ ասենք, դա արեք, նոր հնարավորություն կտանք անդամակցելու Եվրասիական միությանը: Ասել է թե՝ մենք իրենց խաղի կանոններով պիտի խաղանք, իրենց ասածին պետք է ենթարկվենք, ասել է թե՝ դա ոչ թե երկկողմանի բանակցությունների արդյունքում է, այլ` միակողմանի թելադրանք: Էլ չեմ խոսում Նազարբաեւի հայտարարությունների մասին, երբ մեջբերեց Ալիեւի նամակը, թե Հայաստանը ՄՄ պետք է մտնի առանց Ղարաբաղի: Սա ապտակ էր ՀՀ իշխանություններին: Ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունում պաշտպանում են ոչ թե դրան անդամակցել ցանկացող Հայաստանի, այլ Ադրբեջանի շահը. մի երկրի, որը չի էլ ցանկանում այդ միության անդամ դառնալ: Մինչեւ հիմա մեզ ասում էին` Մաքսային միություն մտնելու են Ղարաբաղի անվտանգության հետ կապված, բայց պարզվեց` ո՛չ անվտանգություն կա, ո՛չ էլ Ղարաբաղ կա: Հակառակը` այնտեղ Ղարաբաղ կորցնելու վտանգ կա: Իսկ տնտեսական առումով՝ կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը որեւէ բան չի տալիս Հայաստանին, եւ դա ակնհայտ է բոլորի համար:

- Սերժ Սարգսյանն ինքն էլ հայտարարեց` «իսկ ո՞վ է ասել, թե Ղարաբաղի հետ պիտի մտնենք», Արցախի իշխանություններն էլ են պնդում, որ իրենք առանձին պետություն են, ՀՀ-ն` առանձին: Այս մասին ի՞նչ կասեք:

- Բոլորն էլ հասկանում են, որ Ղարաբաղն առանձին պետություն է, ավելին` Ժառանգությունն է, որ ԱԺ-ում հետեւողականորեն բարձրացրել է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը: Բայց ցանկացած պարագայում` բոլորի համար էլ ակնհայտ է, թե Աստանայում խոսքն ինչի մասին է: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է որոշակի նոր հարաբերություններ հաստատի Ղարաբաղի հետ` Ադրբեջանին հաճոյանալու համար կամ Եվրասիական միության անդամ երկրների ադրբեջանամետ դիրքորոշումների պատճառով: Ուստի, միանշանակ է այն մոտեցումը, որ ՀՀ-ն չպետք է մասնակցություն ունենա նման միության մեջ:

Արման Գալոյան