07.11.2012 14:08

Կոմկուսը կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը

Կոմկուսը կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը

Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի կունենա Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը, որը կորոշի մասնակցության ձևաչափը՝ մասնակցել, թե չմասնակցել, եթե մասնակցել՝ ով է լինելու թեկնածուն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: 

«Եվ վերջապես, մենք լուրջ կուսակցություն ենք, հաշվի ենք առնում մեր ամբողջ ռեսուրսները, մանավանդ՝ ֆինանսական, քանի որ նախագահական ընտրություններին լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր», - նշեց նա: 

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ թեկնածու չառաջադրեն ու թեկնածուներից մեկին սատարեն, Թովմասյանն ասաց՝ դժվար թե որևէ մեկն արտահայտի սոցիալիստական գաղափարախոսություն: 

«Մեր գաղափարախոսությունը բոլորովին այլ նպատակներ է դնում, այսինքն՝ ժողովրդավարացնել ընտրությունները, և ոչ թե հույսը դնել կեղծիքների, օքսիդացող թանաքների, կաշառքի վրա, վերջին 20 տարիներին ժողովրդից խլվածը վերադարձնել ժողովրդին, որ ժողովուրդը զգա՝ ինքն է պետության տերը, ոչ թե անհատ մարդիկ, որոնք չգիտես ինչ ճանապարհներով գռփեցին, թալանեցին»: 

Թովմասյանի խոսքով՝ Կումկուսի կենտկոմի պլենումն ամենայն հավանականությամբ կգումարվի դեկտեմբերին: