10.06.2014 16:42

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց. Սերժ Սարգսյանի սխալները

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց. Սերժ Սարգսյանի սխալները

Նախորդ հոդվածում նշել էինք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ գործող իշխանությունների կողմից հանրությանը հայտնվող տեղեկությունները անբավարար են և զգալի զիջում են նախորդներին: Առհասարակ՝ սա ամենափակ իշխանությունն է, ուր երկրի առաջին դեմքը մարդկային, հասկանալի լեզվով արդիական խնդիրները բարձրաձայնելու փոխարեն՝ արդեն 6 տարի է՝ խոսում է վերամբարձ, հողից ու կոնկրետ իրականությունից կտրված, ժողովրդի իրական հոգսերի հետ կապ չունեցող և, ամենակարևորը՝ իր արած քայլերին հակասող թեմաներից: ԼՂ հիմնախնդրի մասին խոսքն էլ միշտ ընդհանուր, ոչ մի կոնկրետություն չպարունակող է, այնպես, կարծես կա մի որոշում՝ չշոշափել ԼՂ խաղաղ գործընթացը,  ԼՂ հիմնահարցի կապը Հայաստանի զարգացման վրա (նույնիսկ իշխանամետ լրագրողներն են սկսել դժգոհել Է. Նալբանդյանի փակ լինելուց): Սերժ Սարգսյանը, արևելյան ղեկավարների նման՝ չի կազմակերպում մամուլի ասուլիսներ,  չի անդրադառնում ոչ միայն Ղարաբաղյան խնդրին, այլև Հայաստանի բնակչությանը հուզող այլ հարցերի: Իր ոճը կաբինետային է, փակ, ստվերային: Այդ դեպքում՝ ի՞նչ գործ ունի նա նախագահական նստավայրում: Հայաստանին պետք են բաց, թափանցիկ գործող քաղաքական գործիչներ, որոնք պարբերաբար կշփվեն ժողովրդի հետ, կներկայացնեն երկրի զարգացման իրատեսական տեսլական: Հենց այդ ստվերային գործերն են լինում հասարակության աչքից հեռու և հաճախ՝ սխալ, քանի որ ժողովուրդը կայացրած որոշումների մասին մշտապես ուշացումով է տեղեկանում:

ԼՂ հիմնախնդրի շուրջ սակավաթիվ մեկնաբանություններով երբեմն հանդես է գալիս փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը, որը, մասնավորապես, արձագանքելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարություններին, ս.թ. մայիսի 9-ին պնդել էր, որ միայն բանակցային գործընթացում  հակամարտության հիմնական կողմ հանդիսացող ԼՂՀ լիարժեք ներգրավվածության պայմաններում է հնարավոր բանակցություններում առաջընթաց:

Ապա 7or.am կայքին տված հարցազրույցում նա անդրադարձել էր բանակցությունների խեղված ձևաչափին հասցրած հիմնական խնդրի՝ ԼՂ հակամարտության հիմնական կողմ հանդիսացող ԼՂՀ-ի՝ բանակցություններից դուրս մնալը վավերացնող Սերժ Սարգսյանի կողմից փաստաթղթերի ստորագրման փաստերին: Ավելին, նա խոստովանել էր, որ Սերժ Սարգսյանը չի կարողացել ներկայացնել մեր ռազմավարական գործընկերոջը Հայաստանի այն պարզ ու ակնառու փաստարկները, որ ՀՀ-ն չի կարող, առանց ԼՂՀ մասնակցության՝ ստորագրել հակամարտության կարգավորմանը վերաբերող որևէ փաստաթուղթ: Սերժ Սարգսյանը մեծ զոհողության գնալու կարիք չուներ էլ՝ նա պարզապես պետք է հավատարիմ մնար շուրջ երկու տասնամյակ շարունակ ՀՀ որդեգրած քաղաքականությանը՝ առանց ԼՂՀ մասնակցության կամ համաձայնության՝ չստորագրել փաստաթուղթ:  Եթե Հայաստանն ի՛նքն է դուրս թողնում ԼՂՀ-ն բանակցային գործընթացից, ապա անհասկանալի են ՀՀ պաշտոնյաների մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, որը, հիմնվելով հենց Սերժ Սարգսյանի արած քայլերի տրամաբանության վրա, չի ցանկանում բանակցել ԼՂՀ-ի հետ:

Որպեսզի պարզ դառնա, թե ռազմավարական, գուցե և՝ պատմական ինչպիսի սխալ է գործել Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, որ այդ ստորագրություններից հետո՛ են ԵԱՀԿ համանախագահները սկսել օգտագործել «գրավյալ տարածքներ» եզրույթը: Որպեսզի որևէ մեկի մոտ հարց չառաջանա, թե այդ ո՞ր տարածքների մասին է խոսքը, ԱՄՆ համանախագահը, իսկ 2010 թ. Մոսկոկայում (Կանադա)՝ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները նշել են, որ «գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:

Սա Սերժ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական «նվաճումն է»:

Ի՞նչ վտանգներ է պարունակում այդ ձևակերպումը.

Վերջերս «Հայլուրին» տված հարցազրույցում Շ. Քոչարյանը ասում է հետևյալը. «Մադրիդյան փաստաթղթում, ինչպես նաև Լ՛Ակվիլայի հայտարարությունում, «օկուպացված տարածք» արտահայտություն չկա: Այնտեղ խոսվում է զգուշավոր` «վերահսկողության տակ գտնվող տարածքներ»: Որովհետև եթե «օկուպացված» բառն է օգտագործվում, օկուպացնում է նա, ով ագրեսոր է, սկսենք դրանից, որովհետև պետք է հասկանալ` այս հակամարտության մեջ ո՞վ է ագրեսորը»: Այսպես, քանի որ ԼՂՀ-ն  չի ճանաչվում որպես բանակցող կողմ, տարածքների «գրավման», այսինքն՝ միջազգային փաստաթղթերով դատապարտելի «ագրեսիայի» պատասխանատուն Հայաստանն է:

Եթե բանակցությունների կողմ համարվեր/ճանաչվեր ԼՂՀ-ն, ապա հենց ինքն էլ պատասխանատվություն կկրեր միջազգային հանրության առջև «ագրեսիայի դրսևորման արդյունքում տարածքների գրավման համար»: Հետևաբար՝ միջազգային հանրությունն էլ պետք է ճանաչեր ԼՂՀ-ն առնվազն որպես հակամարտության/բանակցությունների կողմ՝ պարզելու համար՝ այդ ի՞նչ վիճակ էր ստեղծվել ռազմի դաշտում, որ հետ մղելով ադրբեջանական զորքերի հարձակումը խաղաղ բնակչության վրա՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված եղան ազատագրել/գրավել տարածքները:

Կրկնենք, եթե ԼՂՀ-ն, որպես բանակցությունների կողմ՝ գոյություն չունի, ապա «տարածքների գրավման» պատասխանատուն դառնում է Հայաստանը: Ավելորդ է նշել, թե միջազգային հանրությունը ինչպիսի պատժամիջոցներ կարող է կիրառել «զավթիչի» նկատմամբ: Ահա թե ինչու մենք կարևորեցինք ՀՀ պաշտոնական արձագանքը՝ ԱՄՆ համանախագահի՝ «գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին» արտահայտությանը. միջազգային հանրությունը պետք է ստանա պաշտոնական Երևանի կտրուկ հակադարձումը նման ոչ կառուցողական ձևակերպումներին՝ համոզվելով,  որ Հայաստանը չի ընդունում կողմնակալ հայտարարություններ: Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ որևէ մակարդակում պաշտոնական Երևանը չարձագանքեց, իսկ ավելի վաղ՝  ՀՀ ԱԳ նախարարը, ապա՝ ԵՄ-ի հետ համագործակցության ՀՀ ԱԺ պատվիրակությունը ողջունեցին նման ձևակերպում պարունակող՝ միջնորդների 2010 թ. Մուսկոկայի չարաբաստիկ հայտարարությունը:

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը արել է երկու ճակատագրական սխալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում.

  1. Փաստաթղթի ուժով դուրս է մղել ԼՂՀ-ն բանակցություններից՝ նպաստելով Ադրբեջանի մերժողականությանը՝ ԼՂՀ-ին որպես լիիրավ կողմ ճանաչելու;
  2. Ողջունել է Մուսկոկայի հայտարարությունը, ուր ասվում է, որ «գրավյալ տարածքները պետք է վերադրաձվեն Ադրբեջանին»:  Դրա պատճառով այսօր էլ արդեն ԱՄՆ համանախագահն է կողմնակալ այդ ձևակերպումը օգտագործում: Քանի որ պաշտոնական Երևանը չի արձագանքել այս հայտարարությանը, կարելի է ենթադրել, որ սա ՀՀ պաշտոնական նոր դիրքորոշումն է:

Այդ սխալների հետևանքով.

- Թուլացել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային դիրքերը;

- Միջնորդները համոզվել են, որ Սերժ Սարգսյանը չի կարևորում ԼՂՀ-ի՝ բանակցային կողմ հանդիսանալը;

- Միջազգային հանրությունը համոզվել է, որ Հայաստանի պաշտոնյաների շուրթերից վերջերս հնչող պնդումները՝ ԼՂՀ-ի՝ բանակցություններին վերադարձի անհրաժեշտության մասին՝ զուտ քարոզչական նշանակություն ունեն: Դրանց հետևում որևէ գործընթաց չկա;

- Ադրբեջանի ապակառուցողական քայլերը դարձել են պարբերական, իսկ դիրքորոշումները՝ ավելի կարծր ու անզիջում (խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ վերոնշյալ հարցազրույցում Շ.Քոչարյանը նկատում է, որ Ադրբեջանի պահանջները ավելի՛ն են, քան մատնանշած էր Ջ. Ուորլիքի հրապարակած 6  կետում): Այսուհետ Ադրբեջանը կարող է պնդել, որ Հայաստանը համաձայն է նման ձևակերպման հետ, իսկ քանի որ ԼՂՀ-ն չի ճանաչվում որպես հակամարտության կողմ նաև սեղանի վրա դրված՝ Մադրիդյան փաստաթղթով, ապա այդ տարածքների գրավման համար, այսինքն՝ «ագրեսիայի» համար պատասխանատուն Հայաստանն է:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի փակ, մեկուսացված պաշտոնավարումը շարունակում է վնասներ հասցնել ոչ միայն ներսում, այլև ԼՂ հիմնախնդրի, ինչպես և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում: Իր լավ չհաշվարկված քայլերով նա փակուղի է մտցրել Հայաստանի համար կենսական այդ երկու գործընթացները՝ զուգահեռաբար խորացնելով Հայաստանի մեկուսացումը:

Վ. Կարապետյան

Հ. Գ. Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի աղավաղված և վտանգավոր պատկերացումներ ունի Ս. Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, մեջբերենք իր վերջին գոհարը. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:  Հայաստանի օրենսդրության վկայակոչումը հասկանալի է և ունի բացատրություն, սակայն ասել, որ «Ղարաբաղը գոնե մեր պատկերացումներով» Հայաստանի մաս չէ՝ կարող է միայն այն մարդը, ով իսկապես դրան չի հավատում: