10.06.2014 18:45

Նիգերիա. «Բոկո Հարամի» գրոհայիններն առևանգել են 20 կանանց

Նիգերիա. «Բոկո Հարամի» գրոհայիններն առևանգել են 20 կանանց

Նիգերիայի հյուսիսում «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստները առնվազն 20 կանանց են առևանգել նույն Բոռնո շրջանում, որտեղից ավելի վաղ առևանգել էին 200 աշակերտուհիների: Կանանց զենքի սպառնալիքով ստիպել են նստել բեռնատար մեքենաները և տարել են անհայտ ուղղությամբ: Նիգերիական բանակն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել կատարվածին:

Նահանգում արդեն մեկ տարուց ավելի է՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ, և նիգերիական բանակն ավելի ու ավելի կոշտ քննադատության է ենթարկվում՝ երկրի հյուսիս-արևելքում իսլամիստների գործունեության դադարեցման անկարողության համար:

Տեղացիները պնդում են, որ բանակն անգործության է մատնված կամ էլ ուղղակի ներկա չէ՝ թույլ տալով «Բոկո Հարամի» ծայրահեղականներին շարունակել իրենց հարձակումները:

Ապրիլին ավելի քան 200 աշակերտուհիների առևանգումից հետո  թե՛ միջազգային և թե՛ տեղական հանրության կողմից իշխանություններին կոշտ պահանջներ են ներկայացվում՝ միջոցներ ձեռք առնել իսլամիստների նկատմամբ:

Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը կառավարության դեմ պայքար է մղում 2009 թ. ի վեր՝ նպատակ ունենալով ստեղծել իսլամական պետություն: Նրանց գործողությունների զոհ է դարձել արդեն ավելի քան հազար հոգի: Ներքին տեղաշարժի  հսկողության կենտրոնի և Փախստականների գործերով նորվեգական խորհրդի նոր զեկույցի համաձայն՝ միայն այս տարի «Բոկո Հարամի» գրոհայինների կողմից սպանվել է 3300 մարդ: Երկուշաբթի օրը բանակը հայտարարեց, որ վերջին օրերին, հակաահաբեկչական գործողության արդյունքում, զոհվել է 50 գրոհային: Փոխանցում է BBC-ն: