11.06.2014 18:01

Մինչև սեպտեմբեր Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորված է, այն թելադրվել է քառյակի կողմից

Մինչև սեպտեմբեր Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորված է, այն թելադրվել է քառյակի կողմից

Հեղինակավոր ռադիոկայաններից մեկը քառյակի 12 պահանջների վերաբերյալ իր հաղորդումը սկսում է հետևյալ խոսքերով. « Միանգամից ասենք, որ այդ պահանջներում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա»: Այդ նախադասությունը երկու անգամ կրկնող հարգարժան հաղորդավարները, փաստորեն, միանում են հաջորդ առավոտ իրենց իսկ կողմից ընթերցված 4 իշխանամետ թերթերի մամուլի տեսությանը, որոնք բոլորը հեգնախառն ու քննադատող հոդվածներ են հրապարակել քառյակի պահանջների վերաբերյալ:

Այդքան միամիտ չեմ, որ հավատամ, որ հաղորդավարները չեն հասկանում, որ եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ լիներ հրապարակված փաստաթղթում, ապա այլևս ի՞նչ իմաստ կար այդ 12 պահանջը հնչեցնելու: Չեմ կարծում, որ ներքաղաքական զարգացումները լուսաբանման հարուստ փորձ ունեցող լրագրողները քաջատեղյակ չէին, որ քառյակից առնվազն երկու կուսակցությունները նման հարց այսօրվա օրակարգում չունեն, իսկ համատեղ փաստաթղթում ամրագրվում են միայն քառակողմ համաձայնեցված դրույթներ: Ուրեմն՝ ինչպե՞ս բացատրենք հարգարժան լրատվամիջոցի նման վերաբերմունքը:

Նույն լրատվամիջոցը լայնորեն լուսաբանում է/էր այդ ցուցակից մեկ խնդրի պահանջ հնչեցրած խմբերի գործունեությունը՝ լինի դա պարտադիր կենսաթոշակային համակարգի, տուգանքների խնդրի կամ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված վիճակի մասին: Կրկնում ենք, Հայաստանում տարբեր կազմակերպություններ, նախաձեռնություններ, միավորումներ մինչ օրս պայքար են մղում մեկ, հաճախ միայն իրենց հետաքրքրող խնդրի լուծման համար:

Հիմա, չորս քաղաքական ուժեր հայտարարել են միանգամից 12 պահանջ, որոնք վերաբերում են հասարակության ամենալայն խավերին՝ միլիոնավոր մարդկանց: Այս բոլոր պահանջների կատարման դեպքում կբարելավվի ժողովրդի կենսամակարդակը, և տասնյակ հազարավորներին կվերադարձվեն աշխատավարձից արված պահումները, գործող սակագնի սահմանում կբարելավվի քաղաքային տրանսպորտը, յուրաքանչյուրի գրպանը մտնելու՝ պետության հնարավորությունը զգալիորեն կսահմանափակվի, և հակառակը՝ պետությունը կկրկնապատկի օգնությունը գյուղացուն, գործարարը կկարողանա շունչ քաշել և մտածել խնայած միջոցների ներդրման մասին, «Նաիրիտ» գործարանի աշխատողները կստանան իրենց աշխատած գումարները, տեղի կունենան այլ դրական փոփոխություններ, որոնք վերաբերում են հարյուր հազարավորների:

12 կետը հնարավոր է իրագործել, նորմալ, ընտրված, ժողովրդին ծառայող իշխանության համար դա պատվի հարց կլիներ: Սակայն մեզանում կա՞ մեկը, որ հավատում է, որ կաշառակերության մեջ թաղված, Հայաստանը հարստահարող ու իրեն անհավանական չափերի հարստացրած այս իշխանություններն ի վիճակի են անել որևէ դրական բան ժողովրդի համար: Որ ցանկանային՝ կանեին մինչև հիմա, արել են հակառակը. այս իշխանությունների քաջագործությունների մասին շատ է խոսվել:

Մեր ընդդիմախոսները չեն նկատում  այդ պահանջների ամենակարևոր բաղկացուցիչը՝ քառյակի որոշումը՝ հրավիրելու հանրահավաք, ուր պահանջների շահառուները, այսինքն, կարելի է ասել՝ ողջ ժողովուրդը, գնահատական կտա դրանց կատարմանը: Եթե Հայ ազգային կոնգրեսը միայնակ ս.թ. մարտիմեկյան հանրահավաքին հավաքեց շուրջ 30.000 մարդ, ապա կարելի է պատկերացնել, թե որքան ժողովուրդ կգա համատեղ հանրահավաքին, հատկապես՝ եթե այն պաշատշաճ կարգով իրազեկվի: Այսօր էլ ժողովուրդը անհամբեր սպասում է առիթի՝ իր բողոքի ձայնը հնչեցնելու համար, երեք ամիս անց փողոց դուրս գալ ցանկացողների քանակը կեռապատկվի:

Հիմա դառնանք այդ հանրահավաքի հնարավոր ընթացքին: Այն, որ պահանջատերը ժողովուրդն է՝ քառյակը հստակ ընդգծել է իր հայտարարության մեջ: Հիմա, ի՞նչ պետք է պահանջի լեփ-լեցուն հրապարակը: Մի փոքր երևակայություն, և այդ հարցի պատասխանը կգտնվի:

Ակնհայտ է մեկ բան. մինչև սեպտեմբեր Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորված է, այն թելադրվել է քառյակի կողմից, և իշխանությունները պետք է արձագանքեն: Քառյակն էլ իր բոլոր ռեսուրսները պետք է ուղղի՝ պատրաստելու ժողովրդին առաջիկա հանրահավաքին: Դա նաև կնպաստի մեր պահանջների կատարմանը….

Հ.Գ. Պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանն արել է իր վերջին քաղաքական մանևրը: Նա այլևս քայլ չունի, Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն այսօր հավասարազոր է իշխանության փլուզման: Այս առումով՝ վերջին երկուսը հավասարապես պատասխանատու են քառյակի պահանջները կատարելու համար:

Վլադիմիր Կարապետյան