12.06.2014 22:11

Թեհրանը պաշտպանում է Իրաքի իշխանություններին՝ իսլամիստների դեմ պայքարում

Թեհրանը պաշտպանում է Իրաքի իշխանություններին՝ իսլամիստների դեմ պայքարում

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են աջակցություն ցուցաբերել Իրաքի կառավարությանը՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցում, որոնք վերահսկողություն են հաստատել Իրաքի հյուսիսային մասի մի շարք քաղաքներում, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը:

 «Դա, անկասկած, ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպություն է, որը կոշտ միջոցներ է կիրառում»,- Իրանի կենտրոնական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Թեհրանը «մտադիր չէ հանդուրժել դաժանության և ահաբեկչության դրսևորումները», հավելել է Ռոուհանին:

«Իր հերթին՝ մենք, որպես Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարություն, պարտավորվում ենք պայքար մղել դաժանության, ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումների դեմ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Ռոուհանին:

Իրանի նախագահի հայտարարությունն արվել է այն հաղորդումների ֆոնին, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել են Իրաքի հյուսիսային մի քանի քաղաքներ:

Իրաքի զինվորականները փախել են ծայրահեղականների ճնշման ներքո, շատերը գերի են ընկել, ոմանց մահապատժի են ենթարկել, փոխանցում է ria.ru-ն: