13.06.2014 13:14

«Հարցազրույց Հայաստանի հետ». Ապրես Զոհրաբյան. Երբ հայը որոշում է կռվել

«Հարցազրույց Հայաստանի հետ». Ապրես Զոհրաբյան. Երբ հայը որոշում է կռվել

Պատերազմի հոգեբանության, հաղթող և պատասխանատու մարդկային տիպի, հայի կռվելու ձևի, պատերազմի դաշտում սպանության, ուռա- պատրիոտիզմի, Հայաստանի բնության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, նաև՝ չարի ու բարու ճամփաբաժանի, Աստծո աջի, աղմուկի մեջ թաքնված լռության մասին՝ արցախյան պատերազմի վետերան, ՀՅԴ «Ն .Աղբալյան» ուսանողական միության վարչության նախկին անդամ, «Բնատաճար» նախաձեռնության տնօրեն Ապրես Զոհրաբյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Խմբագրության կողմից. Արցախյան պատերազմում հաղթանակի 20-ամյակը

Այս հարցազրույցով մեր «Հարցազրույց Հայաստանի հետ» շարքի շրջանակներում սկսում ենք առանձին ենթաշարք՝ նվիրված Արցախյան պատերազմում հաղթանակի 20-ամյակին: Հարցազրույցներ կներկայացնենք Արցախյան պատերազմի մասնակիցների հետ՝ շարքայինից մինչև հրամանատար:

Հաղթանակի 20-ամյակն անտեսվեց Հայաստանում: Անտեսվեց թե՛ պետության՝ իշխանության, թե՛ հասարակության կողմից: Ինչո՞ւ:

Իշխանության խնդիրը քիչ թե շատ պարզ է: Եթե կոպիտ ձևակերպենք, ապա Հաղթանակի 20-ամյակի տոնակատարությունից «քյար» չկա: Ի՞նչ իմաստով: Դրանով արտաքին որևէ հզոր կենտրոնից աջակցության կամ դրվատանքի խոսքեր չես ստանա՝ ի տարբերություն, ասենք, Միկոյանի արձանի, պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի և նման հուժկու «հայրենասիրական» նախաձեռնությունների: Այլ կերպ ասած՝ Արցախյան պատերազմում հաղթանակի տոնակատարությունը ոչ մեկի վրա չես կարող ծախել որպես հավատարմության նշան, լավ, գերազանցիկ բալայի համբավ չես ստանա: Սա այն արժեթուղթը չէ, որը կարող ես փոխանակել ճանաչման և աջակցության հետ: Հաղթանակի 20-ամյակի նշումը պետք է բնականորեն բխեր հայաստանակենտրոն գաղափարից, Հայաստանի անկախության ամրապնդման գաղափարից: Այն պետք է նաև խթաներ մեր անցած ճանապարհի իմաստավորումը և հասարակական գիտակցության հասունացումը: Ավելորդ է խոսել, որ նման «ապրանքի» կարիք այսօրվա իշխանությունը չունի, քանզի նա հիմնված չէ հայաստանցիների կամքի վրա և կախված չէ հայաստանցիներից:

Ավելի հետաքրքրիր է, որ հասարակությունն էլ չի շտապում տոնել իր՝ դարերի ընթացքում մեծագույն հաղթանակի հոբելյանը: Այստեղ բազմաթիվ պատճառներ կան: Նախաձեռնությունն, անշուշտ, պետք է գար հասարակության այն ակտիվ փոքրամասնությունից, որը կարծիք ձևավորելու, հրապարակայնորեն կարծիք արտահայտելու հնարավորություն ունի: Այս շերտն էլ միատարր չէ: Մի մասը վաղուց վերածվել է իշխանության կցորդի՝ բացահայտորեն, կամ «անկախություն» խաղալու տարբերակով: Մի ուրիշ մասն այնքան է սովորել, որ ցանկացած նախաձեռնություն, գաղափար, մոդա, ձևակերպում, լավի ու վատի, անհրաժեշտի և ոչ անհրաժեշտի սահմանում և լեգիտիմացում պետք է գա դրսից, որ վաղուց ժամանակն է խոսել ոչ միայն գաղութային տիպի իշխանության, այլև գաղութային տիպի վերնախավի մասին: Մի այլ մասն էլ, թերևս՝ մեծ մասը, այնքան է խրված «ամենօրյայի» մեկնաբանության մեջ, որ հաճախ պարզապես չի հասցնում մի քիչ կողքից կամ հեռվից նայել ու առօրյայից վեր կանգնած թեմաներից խոսել ու մտածել:

iLur-ը միշտ ձգտել է լինել ոչ թե սովորական կայք, ոչ թե նույնիսկ պարզապես լավ տեղակատվական միջոց, այլ դրանից ավելին: Ավելին միտք և ուղղություն ձևավորելն ու ձևակերպելն է, մի քայլ առաջ լինելն է, ավանգարդային յուրահատուկ դիրքն է, այլև՝ հայաստանակենտրոն դիրքորոշումն է: Մենք ձգտում ենք լինել հասարակական հաստատություն, որը, մեկնաբանելով այսօրը, երբեք չի մոռանում ավելի լայն դաշտի մասին: Ավելին ասենք՝ iLur-ն ուզում է լինել այլընտրանքային իշխանություն, ինչպես այն քաղաքական ուժն ու գործիչը, որին մենք համակրում ենք: Այլընտրանքային իշխանություն ՝ոչ թե «ձևավորենք այլընտրանքային կառավարություն, նշանակենք նախարարներ ու մարզպետներ» խաղալիքը խաղալու իմաստով, այլ որպես ուղղություն տվող, հեռապատկեր ներկայացնող, երկիր ձևավորող: Հետևաբար, ա՛յն, ինչ չի արել ֆորմալ իշխանությունը, այսօր ուզում ենք անել մենք: Գուցե մի փոքր ուշացմամբ՝ հասարակությանը ներկայացնել իր հերոսներին, հիշեցնել հաղթանակի հպարտության զգացումը:

«Հարցազրույց Հայաստանի հետ» շարքի իմաստն ի սկզբանե եղել է այն, որ ժխտենք մի քանի կարծրատիպեր: Առաջինը՝ այն, որ Հայաստանում իբր չկան մարդիկ՝ հետաքրքրիր, կրթված, խելացի, ասելիք ունեցող: Երկրորդ՝ այն, որ մարդիկ չեն կարդում երկար, լուրջ ու բարդ նյութեր: Երկու ուղղությամբ էլ, կարծում ենք, կարողացել ենք արդեն ապացուցել կարծրատիպերի սնանկությունը: Պատերազմի մասնակիցների հետ այս նոր ենթաշարքը մեր սկզբնական մտահղացման հերթական զարգացումն է: Ուզում ենք ներկայացնել, այսպես ասած՝ իրական մարդկանց, որոնց մեծ մասն իրական գործ արած լինելով երկրի համար՝ բավականաչափ համեստ է՝ իրենց արած-չարածի մասին խաչմերուկներում չազդարարելու համար: Այս մարդկանց խոսքը, կարծում ենք, հազարապատիկ ավելի հետաքրքրիր ու ուսուցողական պետք է լինի հասարակության համար, քան հարյուրավոր «խոսող գլուխների» ամենօրյա դատարկաբանությունը:

Ասենք նաև, որ պատերազմի մասին չենք պատրաստվում գրել ո՛չ ուռա-հայրենասիրական, ո՛չ էլ պացիֆիստական վերացական կաղապարով, այլ ուզում ենք լսել այն, ինչ եղել է, ինչ իրապես ապրվել է:

Հատված Ա.  պատերազմը՝ հոգևոր աճի խթան

Պարո՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս հայտնվեցիք ռազմի դաշտում. ի՞նչը Ձեզ մղեց դրան: Հասկանո՞ւմ էիք, թե ուր եք գնում:

Որոշում կայացնելը երևի թե մի օրվա պատմություն չէր: Դրան նախորդել էին Սովետական Միության ժամանակները, երբ պատերազմը հեռու էր. ինձ համար կային ռազմական հերոսներ՝ Գևորգ Չաուշ, Անդրանիկ (իմ գլխավոր հերոսն էր), որոնք իրենց կյանքը դրել էին ի սպաս հայրենիքի: Երբ Արցախյան շարժումը մտավ պատերազմական փուլ, արդեն շատ բնական էր իմ պատերազմ գնալը: Այդ ժամանակ ես ՀՅԴ-ի անդամ էի, իսկ ՀՅԴ-ն բավական ինտենսիվ կերպով նախապատրաստում էր ազգային-ազատագրական զինված պայքարը Արցախում: Եղան նաև այլ խթանիչ հանգամանքներ, մասնավորապես՝ Գետաշենի անկումը. լուրերով տեսնելով հարյուրավոր փախստականների՝ հասկանում էիր, որ օգտակար լինելու ձևն այն է, որ թույլ չտաս կրկնվի այն, ինչ եղավ Գետաշենում:

Կարծեմ այդ ժամանակ 19-20 տարեկան էիք: Ձեր ընտանիքն ինչպե՞ս վերաբերվեց պատերազմ գնալու Ձեր որոշմանը:

Ընտանիքս որոշմանս վերաբերվեց սթափ գիտակցումով. էդ ժամանակ ժողովուրդն էլ էր հասկանում, որ լուծումը դա է: Արգելք չհանդիսացան, տեսարաններ չեղան, և պատերազմ մեկնելու հետ կապված՝ ներընտանեկան կոնֆլիկտ չունեցա:

Մեր զրուցակից Գագիկ Կիլիկյանն ասում էր, որ պատերազմը ոչինչ չի տալիս մարդուն, քանի որ մահը ոչինչ չի կարող տալ մարդուն: Իսկ ըստ Ձեզ՝ պատերազմը կարո՞ղ է ինչ-որ բան տալ մարդուն. եթե այո, ապա ի՞նչ, և ի՞նչ է խլում մարդուց:

Իմ կարծիքով՝ մարդուց է կախված՝ ինչ կվերցնի պատերազմից կամ մեկ այլ իրավիճակից: Ինչքան էլ զարմանալի լինի՝ պատերազմը կարող է խթան հանդիսանալ հոգևոր աճի համար, որովհետև մահվան և կյանքի հետ  անմիջական առնչությունը և դրանց սահմանագծին լինելը կարող է իրոք շատ մեծ դեր կատարել այդ առումով: Ինձ համար էդ նշանակությունն ունեցել է: Նաև ընկերասիրության, համատեղ գործելու գիտակցումն է մեծացնում: Պատերազմի ժամանակ մի բանի մասին հաստատ չպիտի մոռանաս՝ մարդ մնալու, որովհետև կարող են արթնանալ քո կենդանական բնազդները, և պիտի հետևես, որ դրանք քեզ չիշխեն: Եղել են դեպքեր, երբ մարդը գերի է ընկել, և դու կարող ես դրսևորել քո ողջ ատելությունը, ինչի հետևանքով քո մարդկային դեմքը կկորցնես, իսկ էդ սահմանագիծը էդ իրավիճակում անցնելը շատ հեշտ է, և դժվար է ասել՝ մարդը կգնա դեպի Աստվա՞ծ, թե՞ դեպի սատանա: Մի դեպք եմ հիշում. մեկը գերի էր ընկել, և մենք ունեինք առաջին օգնության փաթեթները. մեր տղաներից մեկն ուզում էր ցավազրկող սրսկել, երբ այն ամեն պահ կարող էր իրեն պետք գալ, մյուսն էլ ուզում էր սպանել: 



Երևի Գագիկ Կիլիկյանի փորձը ավելի շատ առնչվում էր Աֆղանստանի պատերազմին: Այդ պատերազմը ավելի դաժան էր, և խորհրդային բանակը հաճախ իր առջև դրված ռազմական խնդիրները լուծելու համար միջոցների միջև խտրականություն չէր դնում: Էդ դեպքում երևի հոգեբանական տրավմաների պահը ավելի ակնառու ու առարկայական է:  «Վիետնամական» սինդրոմը գուցե այդքան չսրվեց Հայաստանում, որովհետև մերը ավելի շուտ ազգային-ազատագրական պատերազմ էր, քան զավթողական, և կարծես թե պատերազմին մասնակցած մարդիկ ավելի հեշտ դուրս եկան այդ հոգեբանական խեղումներից, որ պատերազմը կարող էր տալ իրենց:

Հատված Բ.  պատասխանատվություն վերցնող և որոշում կայացնող տեսակը

Ովքե՞ր էին մարդիկ, որոնք հաղթեցին պատերազմում. ի՞նչ հասարակական շերտերից էին, ի՞նչն էր նրանց մղում ռազմի դաշտ, պատերազմից հետո ի՞նչ եղան: Հանդիպո՞ւմ եք նախկին զինակիցների հետ:

Ըստ էության՝ էդ պատերազմը համազգային էր՝ ոչ էն իմաստով, որ ամբողջ ազգը մասնակցում էր, այլ որովհետև ազգի բոլոր խավերը, մտածելակերպերը ներկա էին պատերազմում: Տարբեր տեսակի մարդկանց եմ հանդիպել էնտեղ: Էդ մարդկանց ընդհանրությունն էն էր, որ պատասխանատվություն վերցնող ու որոշում կայացնող տեսակ էին: Հատկապես կամավորական փուլով անցած մարդկանց մասին է խոսքը, որովհետև իրենց որոշումն էր՝ մասնակցել պատերազմին թե չմասնակցել:

Այնպես ստացվեց, որ պատերազմից հետո կյանքը ամեն մեկիս մի տեղ նետեց. ովքեր ավելի մոտ ոլորտներում են, ավելի հաճախ են հանդիպում իրար:

Ո՞ր տիպն է պատերազմում հաղթող տիպը:

Հաղթում է հոգևոր տիպը: Հաղթում է քաջությունը, վեհանձնությունը, սառնասրտությունը, կշռադատությունը, հաղթում է նա, ում այս ամենից բացի  ուղեկցում է Աստծո աջը:

Ինչպիսի՞ն էր թիկունքը. անտարբերները, չհավատացողները շա՞տ էին այն ժամանակ:

Ես ունեի տպավորություն, որ թիկունքը նույնպես լավ է աշխատում և կանգնած է մեր թիկունքին: Գուցե դա լավ չէր երևում, բայց բարոյական աջակցությունը միշտ զգացել ենք: Նույնիսկ չմասնակցող մարդիկ ճիշտը պաշտպանելն էին համարում: Ես էդ ժամանակ համալսարանի ուսանող էի, և ինձ նաև ընդառաջում էին քննությունների ժամանակ: Թեև մի տարի դուրս մնացի բացակայությունների պատճառով, բայց միևնույն է՝ այդ  աջակցությունը միշտ զգացել եմ: Չեմ ունեցել տպավորություն, որ պատերազմին չմասնակցողների համար միևնույնն է, թե էնտեղ ինչ տեղի կունենա: Մյուս կողմից՝ ազգը ապրում էր իր առօրյա կյանքով. Երևանում տպավորություն չկար, որ երկիրը պատերազմի մեջ է: Գուցե ինչ-որ իմաստով ավելի լավ էր, որ «պատերազմական ոգին» չէր տիրում: Ռազմաճակատը զինվորներով ապահովելու համար անհրաժեշտ չափով մոբիլիզացված էր հասարակությունը. դրանից ավելի գուցե պետք չէր: Էն ժամանակ մտածում էի, որ ավելի շատ էր պետք ռազմահայրենասիրություն քարոզել, բայց երբ հիմա հետընթաց հայացքով նայում եմ, տեսնում եմ, որ մեր պետական քարոզչությունը զուսպ  է եղել, և կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, որովհետև չափից դուրս միլիտարիզացիան էլ լավ չէ: Մեզ համար ավելի հեշտ է եղել մոբիլիզացիայի առումով, որովհետև Ղարաբաղյան կռիվը մեզ համար լինել-չլինելու հարց էր, և հավելյալ քարոզչության կարիք չկար: Հայերի՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթելու պատճառը լավագույնը տվել է Գալինա Ստարովոյտովան, ով ասում էր, որ Ղարաբաղի հարցը հայերի համար լինել-չլինելու հարց է, Ադրբեջանի համար՝ պրեստիժի, իսկ երբ հանդիպում են լինել -չլինելն ու պրեստիժը, հաղթում է առաջինը:

Ըստ Ձեզ՝ հիմա՞ ինչպես են հայերը վերաբերվում այդ հարցին, կրկին՝ որպես լինել-չլինելու հարցի՞:

Իմ կարծիքով՝ փոփոխություն չկա, և հիմա էլ են վերաբերվում որպես լինել-չլինելու հարցի: Միջնորդ երկրների շատ չճնշելն էլ երևի  էն գիտակցման հետևանքն է, որ հայերի համար դա լինել-չլինելու հարց է: Ի վերջո, բոլորին էլ իրենց շահի համար էստեղ Հայաստան պետք է:

Դուք ասացիք, որ այն ժամանակ ռազմահայրենասիրական քարոզչությունը զուսպ էր: Ինչպիսի՞ն այն առհասարակ պետք է լինի:

Իմ կարծիքով՝ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթահամակարգերի մեջ իր չափաբաժինը պետք է ունենա, այլ հարց է դրանց չափավորումը: Նույնը՝ նաև հանրային քարոզչության մեջ. հնարավոր չէ բացառել այդ էլեմենտը և ունենալ մարտունակ բանակ, իսկ, Աստված մի արասցե, լայնամասշտաբ պատերազմի դեպքում՝ մոբիլիզացված հասարակություն: Իհարկե, այդ քարոզչության հիմնական վեկտորը ոչ թե այլատյացությունը պետք է լինի, այլ հայաստանասիրությունը: Իմ սերնդի համար հերոսական հանդիսացող կերպարները`Անդրանիկ, Գևորգ Չավուշ, Դրո, Գարեգին Նժդեհ, ոչ այնքան այլատյացներ էին, ինչքան հայրենասերներ: Անդրանիկը, օրինակ, խորհուրդ էր տալիս քնելուց առաջ մտածել ոչ միայն հայերի, այլ նաև հարևան ազգերի բարօրության մասին, ինչը կարող է տարօրինակ թվալ հատկապես հիմա՝ «գել ու գազանի» մեր օրերում, բայց այդպիսին էին հայ հերոսները՝ իրենց ծնող ժողովրդի պես վեհանձն և առաքինի:Արցախյան պատերազմը ծնեց նոր հերոսներ, և հատկապես կարևոր է նոր սերնդի զգայական կապը այդ   հերոսների հետ՝ մարդկանց, որոնք  հեռավոր անցյալի միֆերից չեն, այլ տակավին երեկ էին արյուն ու քրտինք թափում՝ հանուն այսօրվա բարօրության: Այսօր նույնպես մարտական դիրքերում հերոսանում են երեկվա անհոգ պատանիները: Մի խոսքով, մեր քարոզչությունը պետք է սպասարկի մեր այսօրվա և վաղվա խնդիրները՝ չընկնելով  ծայրահեղությունների մեջ:

Ասացիք, որ նոր սերունդները պետք է ճանաչեն Արցախյան պատերազմի հերոսներին: Կրթական հաստատություններում, սակայն, այդ տարիները մութ ու ցուրտ են կոչում և ոչ՝ պատերազմի ու հաղթանակի տարիներ: Մտավախություն չունե՞ք, որ այդ տարիները այսպես էլ կընկալվեն սերունդների կողմից:

Հակասական շրջան էր: Սովետական Միության փլուզման հետ փլուզվել էր նաև Հայաստանի տնտեսական համակարգը: Սրան գումարվել էր նաև շրջափակումը, որը առավել խոցելի էր դարձրել Հայաստանի տնտեսությունը: Մինչ այդ 88-ի երկրաշարժի հետևանքով երկրի մեկ երրորդը համարվում էր աղետի գոտի: Նոր կյանքի կոչված իրավաքաղաքական համակարգը շատ կողմերով անծանոթ էր հանրությանը: Այդ իրավիճակում շատ բնական է, որ լինեին և եղան հանրային գիտակցության ձևախեղումներ՝ իրենց դրսևորումներով, այդ թվում՝ և պետական կառավարման համակարգում:

«Մութ ու ցուրտ» քարոզողները կա՛մ այնքան կարճամիտ են, որ չեն կարողանում հանրային գործընթացները տեսնել  ավելի լայն և խորը կտրվածքով, կա՛մ իրենց քաղաքական մրցակից են համարում այդ տարիներին դերակատարություն ունեցած և Հայաստանի այսօրվա քաղաքական ներկապնակում որոշակի դիրք ունեցող ուժերին և ուզում են այդպիսով «կծել», կամ՝ երկուսն էլ միասին: Ամեն դեպքում՝ նման միակողմանի քարոզչությունը արջի ծառայություն է թե՛ քարոզողներին, թե՛ նրանց պատվիրատուներին և թե՛ Հայաստանին: Այդ տարիներին ողջ հետխորհրդային տարածքը տրվեց հանրային գիտակցության այլանդակ ձևախեղումների, և իմ կարծիքով հայերը Արցախյան հոգենորգչական շարժման և իրենց բարոյաիմացական բնական իմունիտետի շնորհիվ առավել քիչ տուժողներից են:   Այսպիսով, ըստ իս, ճիշտ է այդ տարիները կոչել Հայաստանի կայացման և երկունքի տարիներ, որոնք ուղեկցվել են նաև մթով և ցրտով:

Հատված Գ.  առաջին մարտն առաջին սեքսի պես տպավորիչ է

Պատերազմի ժամանակ ի՞նչն էր ոգևորում:

Մարդը հիմնականում գործում է երեք մոտիվացիայից ելնելով՝ ագահություն, վախ, սեր ու կարեկցանք: Ագահություն չկար, որովհետև որևէ նյութական բան չէինք ստանալու դրանից, իսկ վախ կամավորների դեպքում լինել չէր կարող. ուրեմն մնում է մյուսը՝ սերն ու կարեկցանքը:

Ո՞րն է պատերազմի և խաղաղ առօրյայի արմատական տարբերությունը, եթե այդպիսին կա:

Խաղաղ կյանքում մահը մեզ այդքան մոտ չի թվում՝ ի տարբերություն մարտի դաշտի:

Իսկ պատերազմը վերածվո՞ւմ է առօրյայի, սովորական բանի: Մարդը հարմարվու՞մ է պատերազմին՝ որպես ամենօրյա իրականության:

Նայած՝ ինչ փուլում ես գտնվում: Կա դիրքային պատերազմ, երբ դու կանգնած ես քո դիրքում, թշնամին՝ իր, և ամեն ինչ պիտի անես, որ թշնամին չհատի  դիրքը: Մեկ ուրիշ իրավիճակ կա, երբ հստակ գրոհում ես՝ տվյալ ռազմական հենակետը վերցնելու համար: Ինչ-որ դիրք գրավելուց հետո պատերազմը դառնում է սովորական. կյանքը գնում է իր հունով, հանկարծ փոփոխություն է տեղի ունենում՝ անհրաժեշտ գործողություն կատարելու հետ կապված, որը կատարելուց հետո էլ նոր իրավիճակ է ստեղծվում: Ե՛վ առօրյա է, և՛ առօրյա չէ, որովհետև ողջ օրը կռվի մեջ ես. ավելի շատ՝ ծառայություն է:

Իսկ պատերազմը մնու՞մ է մարդու մեջ:

Անշուշտ՝ մնում է: 98 թվականից սկսեցի զբաղվել յոգայով, իսկ դա լավ միջոց է՝ հոգեբանական տրավմաները հաղթահարելու համար: Էնպես չի եղել, որ զգացել եմ՝ հոգեբանական տրավմայի մեջ եմ և պետք է հաղթահարելու ձևեր գտնեմ, բայց, էսպես թե էնպես՝ մնում է մարդու մեջ, և եթե գործիքներ կան դրանցից դուրս գալու, ուրեմն պիտի կիրառես դրանք: Լավագույն գործիքներն են մարզամշակութային գործիքները. երբեմն մարդիկ ալկոհոլին են դիմում, բայց դա հակառակ արդյունքն է բերում:

Դժվա՞ր է վերադառնալ խաղաղ առօրյային, շփվել մարդկանց հետ. ի՞նչն է փոխվում, կամ ի՞նչը չի փոխվում: Ի՞նչ է ուզում իրենից և ուրիշներից պատերազմից վերադարձածը:

Դա էլի կախված է տվյալ անձի մոտեցումից, կռիվ գնալու մոտիվացիայից: Դու ծնվել, ապրել ես, քեզ կերակրել են. եկել է մի պահ, որ դու պիտի մի բան անես էդ հասարակության համար, որ սնել և մեծացրել է քեզ: Երբ էդ զգացողությամբ ես գնացել պատերազմ, դժվար թե որևէ մեկից ինչ-որ բան ակնկալես՝ ասելով՝ քանի որ ես գնացել եմ պատերազմ, ուրեմն դու էս պիտի անես, կամ ես կռիվ էի անում, դու էստեղ էիր: Կոնկրետ ես նման զգացողություն չեմ ունեցել, որ ինձ պարտք են, ընդհակառակը՝ ես եմ պարտքի զգացումով գնացել: Նկատված է, որ հետպատերազմական շրջանում մասնակիցների մեջ ի հայտ է գալիս  «Ռեմբոյի» կամ «Վիետնամական» սինդրոմը, երբ մարդուն թվում է, թե հասարակությունը ավելին պետք է տա, քան տվել է: Իրականում Արցախյան պատերազմի մասնակիցների շատ քիչ մասն է այդպիսի դրսևորումներ ունեցել: Ուղղակի խնդիրն այն էր, որ նման առանձին դեպքերը գրեթե համատարած վերագրումների պատճառ են հանդիսանում: Մյուս կողմից՝ անհնար էր խուսափել էդ սինդրոմից, որովհետև ինչ-որ առումով բնական բան է: Եվ հիմա էլ մենք կարիք ունենք բանակային ծառայությունից զորացրված երիտասարդների հետ հոգեբանական աշխատանքի. եթե դա անտեսենք, ապա վաղը դա անպայման խնդիր կդառնա թե՛ այդ մարդկանց, թե՛ հասարակության համար:

Պատերազմը եզակի փորձ է: Այդ փորձը փոխանցելի՞ է մարդուն, որը չի մասնակցել պատերազմին: Պատերազմի փորձն ինչպե՞ս է կոնվերտացվում խաղաղ կյանքում:

Ինձ թվում է՝ հա, բայց ես չեմ կարող դա գիտականորեն հիմնավորել:

Հայկական «գենը» բավականին մարտունակ է, ինչպես Խորենացին էր իրավամբ նկատել, որ թեև «փոքր ածու» ենք, բայց բազմաթիվ հերոսություններ ենք կատարել: Մեր գոյության ընթացքում բազմաթիվ ռազմական քաջագործություններ ենք արձանագրել: Երբ հայը որոշեց կռվել, նա կռվում է հուժկու և հմտորեն: Երբ նայում ես վիճակագրությանը, տեսնում ես, որ, օրինակ, իր թվաքանակի համեմատ՝ հայերը խորհրդային ազգերի մեջ  ամենամարտունակներից և քաջագործներից են եղել: Արտաքուստ խաղաղ է, կռվի հետ զահլա չունեցող, բայց հենց զենք վերցրեց՝ առյուծ է «ճղում» Մեծ Մհերի պես: Ծանոթներիցս մեկը, որը Աբխազիայի հերոս է, պատմում էր, որ աբխազների կողմից կռվող՝ զենքի սիրահար չեչեն գրոհայինները ապշած և հիացած էին Աբխազիայի ինքնապաշտպանական ուժերի կազմում կռվող հայկական գումարտակի մարտունակությամբ:

Մի խոսքով, եթե ամփոփելու լինենք փորձի փոխանցելիության խնդիրը, ապա Արցախում կիրառվեց այն մարտական փորձը, որը մենք ձեռք էինք բերել ինչպես հազարամյակների ընթացքում, այնպես էլ վերջին աշխարհամարտերից և աֆղանական պատերազմից :    

Իսկ ինչ վերաբերում է պատերազմական փորձի կոնվերտացիային, ապա ես դա շատ ընդգծված ձևով չէի առանձնացնի պարզ կենսափորձի կոնվերտացիայից, որը պարբերաբար կատարում ենք մեր կյանքի ընթացքում:

Անցնենք մարտի դաշտ. առաջին մարտի զգացողություններն ինչպիսի՞ն են:

Առաջին մարտի զգացողությունները  առաջին սեքսի պես տպավորիչ են :ճճճ

Ամեն դեպքում կա նաև սպանության պահը. ինչպիսի՞ հոգեբանական մեխանիզմ է գործում զինվորի մեջ, որը գիտակցում է, որ սպանում է թշնամուն: Ընդհանրապես թշնամին ո՞վ է և ինչպիսի՞ն է իրական մարտի դաշտում, և ինչպիսի՞ն է և ո՞վ է յուրայինը:

Երևի կռվի գալուց առաջ էդ հոգեբանական ռուբիկոնն արդեն հաղթահարած ես լինում, որովհետև գիտես, որ կա՛մ դու պիտի սպանես, կա՛մ քեզ պիտի սպանեն: Պատերազմի դաշտում չկա մարդ, կա թշնամի, որին պետք է ոչնչացնել, քանի դեռ այն քեզ համար կամ երկրիդ համար վտանգավոր է: Սա է պատերազմի դաշտում սպանության համար անհրաժեշտ հոգեբանական հիմքը: Երբ գործ ունես արդեն հանձնված, վիրավոր և անվտանգ թշնամու հետ, նա արդեն նորից «վերածվում է» մարդու, որի մասին պետք է հոգ տանես, և դա մարտիկի բարոյական կոդեքսն է:

Հատված Դ. ուռա հայրենասիրական ոճը երբեք էլ հատուկ չի եղել Տեր-Պետրոսյանին

Երկու ծայրահեղ հակադիր տեսակետ կա: Համաձայն առաջինի՝ պատերազմներում հաղթում են ժողովուրդները կամ էլ բանակը, իսկ կառավարության նշանակությունը զրոյական է, համաձայն մյուսի՝ ժողովուրդները չեն ուզում պատերազմ և ստիպված քշվում են կռվի դաշտ՝ քաղաքական գործիչների կողմից և պատճառով: Այդ տեսակետներից ո՞րն է ավելի մոտ իրականությանը, թե՞ ճիշտը ընդհանրապես այլ տարբերակ է:

Անկախ նրանից՝ պատերազմը լավ բան է, թե վատ, դա տեղի է ունենում, և դա տեղի է ունենում նաև համաձայն բնության օրենքների: Պատերազմի հիմքում հակամարտությունն է, իսկ էս աշխարհը լի է հակամարտությամբ: Նկատի ունեմ այն, որ բնությունն էլ է լի հակամարտություններով. բնական օրինաչափություն են պատերազմները, հիմքում կոնֆլիկտն է, որի ամենասուր դրսևորումն էլ պատերազմն է: Ինձ թվում է՝ պատերազմները միայն իշխանություններին կամ ժողովուրդներին վերագրելը պատկերն ամբողջությամբ չտեսնելու հետ է կապված: Իհարկե, պետք է հնարավորինս խուսափել պատերազմներից, բայց նաև պետք է միշտ պատրաստ լինել դրան: Կարծում եմ՝ նաև ժամանակն է կարևոր, թե տիեզերական ինչ ցիկլ է, որովհետև ժամանակներն էլ են շատ բան որոշում:                                            

Ղարաբաղի հարցում զիջման սահմանը ո՞րն է Ձեզ համար:

Ինձ թվում է՝ մենք ժամանակին զիջում արել ենք՝ ավելի չխորացնելով մեր զորքերի տեղաշարժը դեպի Ադրբեջանի էն տարածքները, որ էսօր ադրբեջանական վերահսկողության տակ են: Ես չեմ պատկերացնում, թե ինչ տեսակ զիջում է հնարավոր, մանավանդ հայատյացության էն չափաբաժնի դեպքում, որ էսօր առկա է Ադրբեջանում: Ինձ թվում է՝ իրենք իրենց մտքից պիտի հանեն, որ հնարավոր է զիջում, հակառակ դեպքում փորձելու են ավելին կորզել: Էսօր նրանք աչք ունեն նաև Սյունիքի վրա՝ համարելով, որ իրենցն է: Հիմա որոշակի բալանս կա, և պիտի աշխատենք, որ այդ բալանսը չփոխվի ի վնաս մեզ:

Տեսակետ կա, ըստ որի՝ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում: Ի՞նչ կարծիք ունեք:

Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան է հզորանում, որ ռազմական հաղթանակն իր համար մի բաժակ ջուր խմելու պես լինի: Ադրբեջանում հիմա բավական հետաքրքիր գործընթացներ են ծավալվում՝ ազգային փոքրամասնությունների արթնացման, ազգային-ազատագրական օջախների ի հայտ գալու հետ կապված, ինչը վաղ թե ուշ իր անդրադարձը կունենա Ադրբեջան պետության վրա: Ասված է. «Ինչ ցանեք՝ այն էլ կհնձեք»: Եթե ձեռքներս ծալած նստենք ու ոչինչ «չցանենք», իհարկե՝ ժամանակն ի վնաս մեզ կաշխատի:

20 տարի անց ինչպե՞ս են երևում 1992-1994 թթ.-երը: Ինչպե՞ս կարող ենք գնահատել այն տարիներին մարտի դաշտում արած-չարածը և դրա նշանակությունն այսօր:

Երևի էդ ժամանակ Հայաստանը իր առջև Ադրբեջանի պետության կազմալուծման հստակ խնդիր չի դրել: Էդ ուղղությամբ ձեռնարկվող քայլեր եղել են, բայց  ինչ-ինչ պատճառներով դրանք տրամաբանական ավարտին չեն հասել: Գուցե չարածն այդ էր, որ թույլ տվեցինք, որ Ադրբեջանը մեր բանակի հասցրած «նոկդաունից» հետո ուշքի գա և ունիտար պետություն դառնա, հակառակ դեպքում՝ կկանխեինք իր այսօրվա ռևանշինստական դրսևորումները:

Ինչպե՞ս պետք է Հայաստանը կարգավորի իր հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հեռանկար կա՞, և ո՞րն է փոխզիջման սահմանն՝ ըստ Ձեզ:

Մեզ մոտ հաճախ Թուրքիան և Ադրբեջանը ընկալվում են որպես Սիամական երկվորյակներ: Պատճառը նաև այն է, որ հաճախ իրենք են իրենց այդպես ներկայացնում: Ինձ թվում է՝ դա ոչ ամբողջական ընկալում է: Շատ հարցերում իրենք միասնական են, բայց շատ դեպքերում էլ ունեն այլ շահեր, և այստեղ է, որ մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել: Թուրքիան աշխարհաքաղաքական վեկտորների ուղղորդման մեջ տվայտվող մի երկիր է, ուր թեև առկա է հայաֆոբիայի որոշակի չափաբաժին, բայց այնտեղ հայերը, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, հիմա կարողանում են ազատ ելումուտ անել, մշակութային միջոցառումներ կազմակերպել, աշխատել, դպրոցներ և եկեղեցիներ ունենալ: Թուրքական ինքնության առումով Թուրքիայի քաղաքացիները գրեթե 50/50 կիսված են: Ցեղասպանության ճանաչման առումով թեև ոչ շատ բարձր, բայց, այնուամենայնիվ, ձայներ լսվում են հենց թուրքերի կողմից: Սրանք փաստեր են, որոնք չի կարելի անտեսել, եթե ուզում ենք աշխատել Թուրքիայի ուղղությամբ: Մի քիչ այլ է պատկերը Ադրբեջանում, որտեղ հայատյացությունը պետական մակարդակով հասել է պաթոլոգիկ աստիճանի: Թարմ օրինակ.  օրեր առաջ  Բելառուսի մարմնամարզության հավաքականին հորդորել էին Բաքվում ելույթ չունենալ Արամ Խաչատրյանի երաժշտության հնչյունների ներքո: Նման իրավիճակում դեռ վաղ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից խոսել և ինչ-որ զիջման մասին ակնարկել: Դրանից «հիվանդը» իր առողջացման համար ոչ բարենպաստ գրգիռներ կստանա:                                                                        

Մինչև այսօր շատ են սիրում խոսել այն մասին, որ Տեր-Պետրոսյանը չգիտեր Շուշիի ազատագրման մասին, կամ էլ դեմ էր հաղթանակներին, որքանո՞վ եք իրատեսական համարում նման պնդումներն այսօրվա հեռանկարից. կարո՞ղ էր պետությունը հաղթել պատերազմում, եթե քաղաքական ղեկավարությունը դեմ լիներ հաղթանակին կամ էլ փորձեր խոչընդոտել այն: Հնարավո՞ր է գերագույն գլխավոր հրամանատարից գաղտնի կերպով լուրջ ռազմական գործողություն իրականացնել:

Ես դա ուղղակի բացառում եմ, և իմ բացառումը ոչ թե իմ ենթադրություններով է պայմանավորված, այլ փաստերով:  Եթե վերադառնանք բուն Շուշիի օպերացիային, ապա մեր ջոկատի դեպքում 250 հոգով մեկնեցինք, և բոլորն էլ գիտեին, որ գնում են դրան մասնակցելու: Պատկերացնու՞մ եք՝ իշխանություն, որ ունի հատուկ ու ոչ հատուկ ծառայություններ, և տեղյակ չէ դրանից. դա հնարավոր չէ: Եթե սովորական քաղաքացին գիտի, որ գնում է Շուշիի օպերացիային, ինչպե՞ս կարող է երկրի նախագահը չիմանալ դրա մասին:  Նման խոսակցությունները  չարակամության դրսևորում են և տեղավորվում են  էսօրվա քաղաքական կոնյուկտուրայում՝ կոնկրետ մարդու դերը կոնկրետ ժամանակաշրջանում նսեմացնելու համար:

Հիմա մենք խոսում ենք հաղթանակի մասին, բայց կարող էր և ձախողում լինել, և հետևաբար՝ բոլոր տարբերակների համար պետք էր լուծում ունենալ: Հայկական կողմն ասում էր, որ Արցախում կռվում են տեղի ինքնապաշտպանական ուժերը,  որովհետև ամբողջովին կանխատեսելի չէր՝ միջազգային հանրության և հարևան պետությունների արձագանքն ինչպիսին կարող էր լինել, մանավանդ որ Շուշիից հետո  նախատեսված էր Լաչինի մարդասիրական միջանցքի բացման ռազմական օպերացիան: Արցախը ճանաչված պետություն չէր, այլ ռազմական հակամարտության թատերաբեմ, իսկ նրա ժողովուրդը՝ ինքնորոշման համար զենք վերցրած ազգային ազատագրական պայքարի սուբյեկտ,   ինչը ավելի ընկալելի էր միջազգային հանրության համար, քան եթե խնդիրը դիտվեր որպես Հայաստանի ռազմական ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ: Այդ իսկ պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը բավական զուսպ էր Արցախյան ռազմական հաջողություններին առնչվող իր հռետորաբանության մեջ, որը, անշուշտ, չի նշանակում, թե նա մասնակցություն չի ունեցել և անտեղյակ է եղել դրանցից: Եվ ուռա հայրենասիրական ոճը երբեք էլ հատուկ չի եղել Տեր-Պետրոսյանին՝ ի տարբերություն այդ տարիների Ադրբեջանի նախագահների, որոնք պարբերաբար Սևանի լճի ավազանում թեյ խմելու երազախաբություն էին ունենում՝ կորցնելով ավելի և ավելի շատ տարածքներ:  

Ազատագրված տարածքների մի մասը ժամանակին բնակեցվել է. տեղյա՞կ եք այդ շրջանների ներկա խնդիրներին: Արդյո՞ք դրանք պետք է բնակեցվեն, և ինչպե՞ս:

Ինչքան որ հետևել եմ՝ կարող եմ ասել, որ սկզբնական շրջանում վերաբնակեցման ավելի ինտենսիվ գործընթաց էր, որը վերջին տասը տարիներին սկսեց նվազել: Նախ՝ Հայաստանը միջազգային պարտավորություն ունի, որով պետականորեն չպիտի աջակցի: Ես եղել եմ Քաշաթաղի, Կովսականի, Քարվաճառի շրջաններում, և կարծում եմ, որ մեր պետությունը նույնիսկ էսօրվա հնարավորությունների պայմաններում կարող է ավելին անել, քան էսօր անում է:

Ի՞նչ եք կարծում՝ ազատամարտիկը ինչ-որ դեր ունի՞ կատարելու:

Ազատամարտիկները տարբեր են լինում, և այդ պատճառով էլ դժվարանում եմ միանշանակ դեր սահմանել, բայց, բնականաբար, ինչ-որ դերեր պիտի կատարի, հիմնականը՝ մարտական ոգու փոխանցումը՝ որպես դրա գործնական կրող:

Երկրապահի գաղափարը ճի՞շտ էր: Ի՞նչ եղավ այդ գաղափարի հետ երեկ ու այսօր:

«Երկրապահ»-ը երեկ Հայաստանի սահմանները պաշտպանող ռազմականացված կամավորական ուժերից մեկն էր: Ավելի ուշ  ոմանք ոչ շատ հաջող օգտագործեցին այդ անունը քաղաքական գործընթացների մեջ: Թե ինչով են հիմա զբաղվում՝ շատ լավ ծանոթ չեմ, բայց երևում է, որ նրա առանցքային դեմքերը իշխանական կերակրատաշտի մոտ գտնվող մարդիկ են, իսկ ղեկավար կազմից շատերը ոչ մի առնչություն չունեն Արցախյան պատերազմի հետ:  

Հատված Զ. Հայաստանում շատ անելիքներ կան, և նաև էդ  առումով Հայաստանը դրախտ է

«Բնատաճարի» անդամ եք. կպատմե՞ք՝ ինչ է «Բնատաճարը», ինչ է անում և այլն:

«Բնատաճար»-ը հասարակական նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում ջատագովելու և արմատավորելու առողջ կենսակերպը մեր հանրության մեջ: Առողջ կենսակերպ ասելով՝ մենք հասկանում ենք այն կենսակերպը, որի արդյունքում մարդու կապը իր ներաշխարհի, Բնության և հանրության հետ ավելի ամբողջական է: Այդ խնդիրները լուծելու համար մենք առաջարկում ենք յուրաքանչյուրի կյանք ներմուծել մարզամշակութային գործիքներ: Ինձ համար դրանք եղել են արշավները, յոգան, պարը, երգը, հանրօգուտ նախաձեռնություններին մասնակից լինելը: Դրանք ինձ մեծ լիցք և ուրախություն են պատճառել, և իմ փորձը փոխանցում եմ բոլոր ցանկացողներին: Հանրային արատավոր երևույթների հիմքում ընկած է անառողջ կենսակերպը: Էսօր աշխարհում գլոբալ առումով կա երեք խնդիր՝ բնապահպանական (օր օրի Երկիր մոլորակի համար ավելի դժվար է դառնում սպասարկել մարդկային ագահությունը), երկրորդը հարաբերությունների խնդիրն է: Աշխարհը լի է ներսոցիալական, միջանձնային, միջպետական, միջկրոնական կոնֆլիկտներով, որոնք հաճախ վերածվում են ուրիշներին ոչնչացնող արյունալի բախումների: Երրորդ խնդիրը ապերջանիկ մարդու խնդիրն է. նույնիսկ բարեկեցիկ երկրներում մարդը երջանիկ չէ: Օրինակ՝ Եվրոպայում բնակչության քսանհինգ տոկոսը հակադեպրեսանտ է օգտագործում: Այս բոլոր խնդիրները ստեղծում է հենց ապերջանիկ մարդը: Ինչու՞ է ապերջանիկ. որովհետև կապի մեջ չէ իր ներաշխարհի հետ. ներդաշնակ վիճակում չէ՝ դաշնակցության մեջ չէ իր ներքինի հետ, իսկ ներքինը քո խորքային «ես»-ն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստված: Ինչպե՞ս անել, որ մարդը էդ կապը գտնի իր հետ՝ իր սրբազան «ես»-ի հետ: Մեթոդները տարբեր են. ինձ համար առավել աշխատող մեթոդը յոգան է:  

Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի միջինացված բնապատկերը աչքի չի ընկնում գեղատեսիլությամբ՝ սովորական իմաստով (բացառությամբ Լոռու ու Սյունիք-Արցախի սահմանային գոտիներից). անտառները շատ չեն, դրա փոխարեն՝ շատ է չոլը, քարը, փուշը: Ո՞րն է այդ ոչ գեղատեսիլ բնապատկերի յուրահատուկ էսթետիկան, ներքին իմաստը. գուցե հենց լակոնի՞զմը, զսպվածությո՞ւնը:

Հայաստանի բնությունը բավական հետաքրքիր է. փոքր տարածքում կան աշխարհագրական բոլոր լանդշաֆտները, և կարճ տարածքներ անցնելով՝ տարբեր բաներ կարող ես տեսնել: Այլ բան է, որ գեղեցկության «չափանիշներին» գուցե այնքան էլ չի համապատասխանում: Վերջերս Վայոց Ձորի մարզ էի գնացել, որտեղ անտառ չկա, քար ու ժայռ է, բայց իմ էսթետիկական ընկալմամբ՝ դա շատ գեղեցիկ է: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, ուղղակի պետք է կարողանալ դա տեսնել.  ասված է՝ գեղեցկությունը դիտողի աչքերի մեջ է:

Կարող է նաև արտաքին գեղեցկությունը նպաստել, որ դու տեսնես քո ներքին գեղեցկությունը: Այսպես կոչված՝ «վաու» տեսարանների ժամանակ հիացմունքից մարդու մտքի տատանումները հանդարտվում են: Այդ պատճառով են մարդիկ սիրում այցելել գեղեցիկ վայրեր: Այդ պատճառով էին հին իմաստունները խորհուրդ տալիս խոկալ բնության գեղեցիկ տեսարանների մեջ: Մի էսպիսի աֆորիզմ կա՝ գրված Պատանջալի իմաստունի կողմից հազարամյակներ առաջ. «Յոգան մտքի տատանումների հանդարտեցման արվեստ է»: Երբ դա տեղի է ունենում, տեսնում ես քո խորքը, ինչպես խաղաղ ալիքների ժամանակ կարող ես տեսնել ծովի խորքը:

Հայաստանը փոքր երկիր է, սակայն բնության տեսակետից ոչ միայն պարզապես բազմազան է, այլև հակասությունների  վրա է կառուցված՝ բարձրի ու ցածրի, շոգի ու ցրտի, քարի ու ջրի և այլն: Այդ հակասություններն, այսպես ասած՝ լուծում ստանու՞մ են, այսինքն՝ ներդաշնակ միություն կազմու՞մ են, թե՞ մնում են ամեն մեկն առանձին-առանձին, թե՞ գուցե մարդուց և հասարակությունից է կախված այդ հակասությունների միավորումը կամ հակառակը՝ դրանց բեռի տակ չդիմանալը, փախչելը:

Իրենք, անշուշտ, ներդաշնակության մեջ են, քանի որ տիեզերական ճարտարապետի ստեղծածն են, իսկ նա կատարյալ ճարտարապետ է, ամեն վայրկյան նրա ստեղծագործության գագաթնակետն է, բայց նաև շարունակում է ստեղծագործել: Շատ լավ ստեղծագործություն է. ուղղակի մենք պիտի կարողանանք տեսնել:

Հայաստանի միջնադարյան կոթողները՝ եկեղեցիներ, բերդեր և այլն, հիմնականում այնքան բնական են ներգծված բնապատկերի մեջ, որ կարծես բնության մասը լինեն, չնայած ստեղծված են մարդու ձեռքով: Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ճարտարապետական մոտեցումը, և պե՞տք է այնպես անել, որ դա նույնպես ներդաշնակ լինի բնապատկերի հետ, թե՞ այդպիսի նպատակ դնել պետք էլ չէ:

Մի քիչ պետք է խորանալ մեր ճարտարապետների աշխարհընկալումների մեջ, իսկ մերոնց աշխարհընկալումը բնաներդաշնակ է եղել: Եկեղեցիները ներդաշնակ են բնությանը. հայկական եկեղեցիների մեծ մասը չի իշխում բնությանը, այլ նույն հարթության մեջ է բնության հետ, իսկ, օրինակ՝ վրացական ճարտարապետության մեջ կարծես շինությունն է իշխում բնության վրա:  Էներգետիկ առումով սարերի լանջերը ավելի ճիշտ են եղել մարդու ներքին էներգիան բալանսավորելու համար, որովհետև գագաթի ու լանջերի էներգետիկան տարբեր է: Ներդաշնակությունը հենց բալանսն է, և կարծում եմ՝ մեր ճարտարապետները դա գտել են և տիրապետել են այդ գաղտնիքներին:

Հայաստանը սահմանի երկիր է: Նախ՝ այնքան փոքր է, որ համարյա ամեն մարզ սահմանային է, երկրորդ՝ առանձին հատվածների միջև սահմաններն ընդգծված են, քանի որ երկրի տարբեր մասերն իրարից առանձնացված են լեռներով, ու հաղորդակցությունը բարդացված է, երրորդ՝ շնորհիվ նույն լեռնային լանդշաֆտի՝ Հայաստանում անծայրածիր հորիզոն չկա՝ նույնիսկ հարթավայրային տարածքը միշտ սահմանափակված է հեռվում կամ մոտիկում գտնվող, բայց տեսանելի լեռներով, չորրորդ՝ Հայաստանը նաև սահման է մշակույթների և կրոնների: Սահմանի այդ ընդգծվածությունը ինչ- որ կերպ ազդո՞ւմ է Հայաստանում ապրող կամ Հայաստանը ճանաչող մարդու հոգեբանության, մտածողության վրա. ի՞նչ կարող է դա տալ կամ ինչի՞ց զրկել:

Կարող է և սահմանափակել մարդուն: Կապ կա. գիտության մեջ մի ճյուղ կա, որ կոչվում է էթնոբուսաբանություն որն ուսումնասիրում է բույսերի ազդեցությունը էթնոսի վրա, հետևաբար՝ եթե բույսերն ունեն էդ ազդեցությունը, ապա լանդշաֆտներն էլ կունենան: Ինչքանով կարելի է չափել էդ ազդեցությունները՝ չգիտեմ: Մարդիկ քաղաքներում են՝ ոչ բնության մեջ, իսկ քաղաքում ֆորմացիաները համահարթեցվում են: Քաղաքների բնակիչներն ավելի շատ ընդհանրություններ ունեն իրենց առօրյան, կենցաղը կազմակերպելու առումով, քան գյուղի բնակիչները, որոնց վրա բնությունն ավելի է ազդում: 

Հաճախ Հայաստանը  դրախտավայր են կոչում. արդյո՞ք կարելի է այդպես կոչել, եթե հաշվի առնենք այստեղ ապրելու դժվարությունները, որ կարող են լինել անգամ իդեալական հասարակական պայմաններ պատկերացնելու դեպքում: Ո՞րն է այդ դեպքում Հայաստանի դրախտը:

Հայաստանը կոչում են երկիր դրախտավայր, որովհետև, ըստ Աստվածաշնչի՝ դրախտն էստեղ է եղել, բայց եթե մեկ այլ կողմից նայենք, ապա ինձ թվում է, որ դրախտն ու դժվարությունները հակոտնյա չեն, և իմ կարծիքով՝ դժոխքը հենց դժվարությունների պակասն է: Մի անեկդոտ կա. մոլլա Նասրեդինը մահանում է և արթնանում ու զգում, որ աստվածային երաժշտություն է լսում, կողքին հուրի-փերիներ են պտտվում, ինչ ուզում՝ իրականացվում է: Ինչ-որ ժամանակ հետո դա սկսում է զայրացնել մոլլա Նասրեդինին, կիսախելագար վիճակում է հայտնվում և ասում՝ տարեք ինձ այս դրախտից, ես դժոխք եմ ուզում գնալ, և հրեշտակներից մեկն ասում է՝ իսկ քո կարծիքով դու որտե՞ղ ես. դու դժոխքում ես: Էդպիսի պատկերացում կա, որ դրախտն այն է, երբ անելիք չկա, բայց դա դժոխք է. էդ իմաստով՝ Հայաստանում շատ անելիքներ կան, և նաև էդ  առումով՝ Հայաստանը դրախտ է: Եվ մի բան էլ կա, որ Հիսուսն էր ասում. «Երկնքի արքայությունը քո մեջ է». եթե դա գտել ես, քո շուրջն էլ ես դա ստեղծում, եթե հակառակն է քո մեջ՝ հակառակը կստեղծես: Մեր «Բնատաճար»-ի ասացվածքներից մեկն էլ Տերյանի տողերից է. «Տաճար է մեր երկիրը, և սուրբ՝ ամեն քար»: Տաճարը մի տեղ է, որտեղ աղոթքի մեջ ես, իսկ ինչո՞ւ ամբողջ երկիրն այդպիսին չընկալես:

Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, և թվում է՝ հազարամյակների ընթացքում պետք է որ հրաշալի կերպով հարմարված լինեին տեղական պայմաններին, բայց կարծես, փորձը ցույց է տալիս, որ դա միշտ չէ այդպես: Համեմատաբար անմեղ օրինակ է շատ հայաստանցիների վախը մրսելուց՝ երբեմն այնպիսի տպավորություն է, որ արևադարձներում են մեծացել, այլ ոչ թե համեմատաբար ցրտաշունչ ձմեռներով Հայաստանում: Ավելի լուրջ է թվում անտարբեր վերաբերմունքը սեյսմիկ անվտանգության նկատմամբ, և ոչ միայն պետական, այլև անհատական մակարդակում: Մարդիկ իրենց տները վերանորոգում են՝ խախտելով անվտանգության նորմերը, կամ էլ բարձրահարկ տներում բնակարաններ են գնում՝ առանց որևէ փաստացի երաշխիքի: Սա ինչո՞վ կարելի է բացատրել. ինչո՞ւ հայաստանցին չի գիտակցում սեփական բնության, սեփական երկրի առանձնահատկությունները:

Մեկը կապված է հավաքական հիշողության հետ՝ կապված այն երկրի հետ, որտեղ ապրել ես հազարամյակներով, նույնիսկ եթե բնիկ էլ չլինեն: Մյուս կողմից՝ էսօրվա Հայաստանում կամ Արարատյան դաշտում մեծամասամբ հավաքված է մի ժողովուրդ, որ հիսուն-հարյուր տարի առաջ է լքել իր հազարամյակների բնակավայրը, այսինքն՝ էստեղ ինքը շատ ավելի երկար պիտի ապրի, որ այդ հզոր ենթագիտակցական կապն առաջանա: Մյուս կողմը կապված է ոչ միայն հայերի, այլև այն հասարակական ֆորմացիայի հետ, որի միջավայրում ապրեցինք: Ես չեմ ուզում հավելյալ դեմոնիզացնել Սովետական Միությունը, բայց այն նաև իր տնտեսվարությամբ հանրային գիտակցության բազմաթիվ ձևախեղումների պատճառ դարձավ: Մի սփյուռքահայ ծանոթ ունեի, որն ասում էր՝ Հայաստանում մարդն է փչացել: Չեմ բացարձականացնում այս դիտարկումը, բայց այն ճշմարտության տարրեր պարունակում է:

Բարձրահարկ շենքերը վտանգավոր են, եթե այն կառուցում  ես սեյսմիկ նորմերի խախտումով: Հայերի աշխատանքին բնորոշ է եղել որակը. դա խախտվեց սովետի օրոք:  Եթե նայենք հազարամյակներ առաջ կառուցված մեր շինություններին, կտեսնենք, որ դրանք երկար ժամանակ կանգուն են մնացել: Զվարթնոցատիպ եկեղեցիները սկսեցին  չկառուցել, որովհետև սեյսմակայուն չէին, այսինքն՝հին հայերը, փորձը հաշվի առնելով, փոխեցին մոտեցումը:

Բնապահպանության շարժումներում մեծ փորձ ունեք. ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը, որո՞նք են գլխավոր խնդիրները: Վերջերս ԱԺ-ն Սևանից ջուր բաց թողնելու նոր օրենք ընդունեց: Այդ օրենքին ինչպե՞ս եք վերաբերվում:

Հայաստանի բնապահպանական խնդիրներից Սևանը միակը չէ, բայց կարող է կատաստրոֆիկ լինել: Ո՞վ չպետք է թողներ, որ նման բաներ չլինեին. կա բնապահպանության նախարարություն, բայց հայտնի է, որ բնապահպանական կառավարում, որպես այդպիսին՝ չկա: Բարձրաստիճան պաշտոնյան  այսօր Հայաստանում  քնելուց առաջ ոչ թե իր գործը լավ անելու մասին է մտածում, այլ  միայն ավելի շատ փող աշխատելու , իսկ էդ դեպքում դա պետք է լինի ինչ-որ մի բանի հաշվին: Կան նաև անվնաս փող աշխատելու ձևեր, ինչը ստեղծագործական է: Բնապահպանության նախարարը մտածում է՝ ոնց փող աշխատի. իր աշխատավարձը իր կյանքի չափանիշներին չի բավարարում, և մտածում է՝ մեկն ուզում է հէկ կառուցել բնության հուշարձան ջրվեժի վրա, արի սրան  փողի դիմաց էդ հնարավորությունը տամ:

Սևանի դեպքում, տեսեք՝ ինչ խնդիր է առաջացել. Արարատյան դաշտի ջրերը սկսեցինք այնպես անխնա օգտագործել, որ նրա պաշարը խիստ նվազեց և սկսեց վտանգ ներկայացնել նույնիսկ ատոմակայանի սառեցման համակարգի համար: Սա՝ դեռ հանցավոր անպատասխանատվության մասին:

Էկոլոգիան՝ որպես գիտություն, ուսումնասիրում է բնական, սոցիալական և տնտեսական համակարգերի փոխազդեցությունները: Այն եռոտանի է. եթե որևէ մեկը հանում ես, օրինակ՝ անտեսում ես տնտեսական զարգացումը՝ ասելով, որ աշխարհը պիտի լինի այնպես, ինչպես Ադամի և Եվայի ժամանակ, էլի կկոտրվի էդ աթոռը: Կարևորը էդ բալանսը գտնելն է, բայց մինչ այդ պիտի բացառես կաշառակերությունը, հետո արդեն գիտական մոտեցումներով, համապատասխան հիմնավորումներով գտնես լավագույն լուծումները: Ցավոք սրտի՝ բնապահպանական համակարգի վիճակը Հայաստանում չի տարբերվում մյուս ոլորտներից: Վերջին 10-15 տարիներին էդ ոլորտը ղեկավարել են մարդիկ, որոնց արժեքային համակարգում փողից բացի այլ բան չկա: 

Պատերազմի և բնության միջև ընդհանրության կա: Բնությունը պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն, գոյության համար պայքա՞ր, թե՞ հանգստավայր:

Իրականում՝ ոնց որ բնության պասիվության մեջ մեծ ակտիվություն կա, և ակտիվության մեջ՝ պասիվություն: Եվ պիտի կարողանաս կյանքի աղմուկի մեջ նկատես լռությունը և լռության մեջ՝ աղմուկը. էսպես եմ ես ընկալում բնությունը:

Եթե ընտրելու լինեք Հայաստանի նոր մայրաքաղաքի տեղ, ո՞րը կընտրեք:

Եթե ես որոշում կայացնելու նման իրավասություններ ունենայի, ընդհանրապես կվերացնեի մայրաքաղաք հասկացությունը և համաչափորեն կզարգացնեի Հայաստանի բոլոր շրջանները և քաղաքները:

Հատված Է. այլևս Դաշնակցության անդամ չեմ, բայց այն չի հիասթափեցրել ինձ

Երիտասարդ տարիքում ընգրկվել եք ՀՅԴ շարքերը: Ո՞րն է որոշման պատճառը. ի՞նչ էր այն տարիների հայաստանցի երիտասարդի համար Դաշնակցությունը:

Ես Դաշնակցության համակիր էի նույնիսկ, երբ պատանի էի, և երբ դեռ Սովետական Միությունը կար: Շատ կցկտուր տեղեկություն ունեի. դրա գործունեությունից միայն գիտեի, որ ազգային-ազատագրական պայքարի հիմնական ջահակիրն է՝ ինչպես մոտ մեկ դար առաջ, այնպես էլ հիմա, իսկ ազգայինը ինձ համար շատ կարևոր էր: Մոտ տասը տարեկան էի, երբ հայի զգացողություն ունեցա: Մի տեսակ՝ միստիկ ապրում էր, երբ զգացի, որ ավելի մեծ հավաքականության մաս եմ, և նրա անունն է հայություն: Եվ երբ Դաշնակցությունը արդեն Հայաստանում էր, ապա շատ բնական էր իմ այնտեղ հայտնվելը: Այդ տարիներին` Արցախյան շարժման հզոր բռնկումից հետո, շատ պատանիներ, երիտասարդներ միջոցներ, կառույցներ էին փնտրում կամ ստեղծում, որով կկարողանան պատասխանատվություն վերցնել Հայաստանի համար, ու շատերի համար դա եղավ Դաշնակցությունը:

Ի՞նչ փորձ տվեց կուսակցության անդամ դառնալը. այդ փորձն այսօր ինչո՞վ է օգնում:

Բավական դրական փորձ էր: Սովորեցի թիմային աշխատել, իսկ թիմային աշխատանքի արդյունքում  ավելի արագ և բազմակողմանի ես գիտելիքներ ձեռք բերում: Բացի այդ՝ ընկերական-գաղափարական ջերմ միջավայրը մարդուն բարձրացնող կարևոր աղբյուր է, նույնիսկ եթե դրանք ուղեկցվում են կուսակցական վեճերով: Թեպետ ես հիմա այլևս Դաշնակցության անդամ չեմ, բայց այն չի հիասթափեցրել ինձ. ուղղակի կյանքի էդ փուլում ես ունեի որոշ ձգտումներ, և այն տվեց ինձ իր միջոցով այդ ձգտումները իրականացնելու հնարավորություն, ինչի համար երախտապարտ եմ:

Դաշնակցությունն ի՞նչ է այսօր Ձեզ համար. Դաշնակցականությունը, անկախ կուսակցական լինել-չլինելուց, ինչ-որ արժե՞ք է: Ինչպե՞ս եք այդ փորձը վերաիմաստավորել տարիների ընթացքում:

Ինձ համար ցանկացած իրական հասարակական կառույց արժեք է: Ցանկացած հասարակական կառույց ունենում է իր վերելքի և ճգնաժամի պահերը: Եթե այն կարողանում է հստակեցնել իր իդեալները, նպատակները և նվիրվել դրանց իրականացմանը, ապա վերելքի մեջ է՝ անկախ դժվարություններից և խոչընդոտներից. եթե բացակայում են իդեալները կամ դրանք դեկլարատիվ են, և չկա նվիրում, ապա ճգնաժամը անխուսափելի է: