13.06.2014 18:27

Քլինթոն. Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից

Քլինթոն. Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2009 թվականի Ցյուրիխում խուսափում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից: Այս մասին իր «Դժվարին որոշումներ» գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Հոկտեմբերի 9-ին Ցյուրիխ մեկնեցի` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ Գերագույն ներկայացուցչի հետ միասին համաձայնագրերի ստորագրմանը ներկա գտնվելու համար: Հաջորդ օրը դուրս եկա հյուրանոցից և ուղղությունս դեպի Ցյուրիխի համալսարան վերցրեցի, որտեղ պետք է արարողությունը տեղի ունենար: Պարզվեց` խնդիր է ծագել: Նալբանդյանը` Հայաստանի նախարարը, խուսանավում էր, քանի որ անհանգստություն ուներ, թե ինչ հայտարարությամբ կարող է հանդես գալ Դավութօղլուն` ստորագրության ժամանակ: Նախարարը հրաժարվում էր դուրս գալ հյուրանոցից: Թվում էր` երկար ամիսներ ձգված բանակցությունները տապալման եզրին են: Հրահանգեցի հետ շրջել շարասյունը և «Dolder Grand Hotel» հյուրանոցի ուղղությամբ շարժվել: Այնուհետեւ սպասեցի մեքենայի մեջ, մինչ Ֆիլ Գորդոնը` շվեյցարացի առաջնակարգ բանակցային մասնագետի հետ կգտներ Նալբանդյանին և կհամոզեր, որ բաց չթողնի ստորագրման արարողությունը: Բայց ապարդյուն. Նալբանդյանը տեղից անգամ չշարժվեց: Ֆիլը ցած իջավ և հյուրանոցի ետնաբակում կայանված մեքենայի մեջ նստելով`ամեն ինչ պատմեց ինձ: Սկսեցի այս ու այնտեղ զանգել: Հեռախոսի մի գծով Նալբանդյանի հետ էի խոսում, մյուսով` Դավութօղլուի: Մոտ մեկ ժամ քննարկում էինք, փորձում տարաձայնութունները հարթել և համոզել Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից: Վերջիվերջո ես բարձրացա վերև Նալբանդյանի հետ անձնապես խոսելու նպատակով: Ի՞նչ կպատահի, եթե մենք պարզապես չեղյալ հայտարարենք միջոցառումների վերաբերյալ ելույթները: Ստորագրեք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն մի արեք և հեռացեք: Երկու կողմերը համաձայնվեցին, և Նալբանդյանը վերջապես հայտնվեց: Մենք իջանք ներքեւ, նա նստեց իմ սեդանը, որպեսզի գնա համալսարան: Աջակցության հավաստիացումների և ձեռքսեղմումների ևս կես ժամ անցավ, մինչև նրանց ստիպեցին բեմ դուրս գալ: Մենք ուշացանք երեք ժամ, բայց ամեն դեպքում մենք այնտեղ էինք: Մենք ստորագրման արարողությունը արագացրինք, իսկ այնուհետեւ թեթևության խորը զգացումով բոլորը հնարավորինս արագ դուրս եկան»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ հենց  այդ ստորագրման արարողությունից հետո էր, որ այն ժամանակ Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան քաշեց Էդվարդ Նալբանդյանի թշերից, կամ ժողովրդական լեզվով ասած՝ «պոնչիկ արեց»:

Քլինթոնը նաև ակնարկել է, որ հատկապես ինքն է հանդիսանում հայ-թուրքական արձանագրությունների ճարտարապետը, միաժամանակ նշելով, որ արձանագրությունների, ինչպես նաև Կովկասում ձեռնարկված մյուս նախաձեռնությունների նպատակը ոչ խաղաղության պարտադիր ձեռքբերումն էր, այլ, ավելի շուտ, ԱՄՆ շահերի առաջխաղացումը: «Կովկասում հակամարտությունը  եվրոպական շուկաներ խողովակների միջոցով միջինասիական բնական գազի մատակարարման մեր պլանների համար խնդիրներ է ստեղծում, որի նպատակը ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցումն է»,- եզրափակել է Հիլարի Քլինթոնը:

Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, սակայն, այդպես էլ չվավերացվեցիբ: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հայտարարել, որ կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան խախատել էր պայմանավորվածությունները, առաջադրելով նախապայմաններ: