31.08.2012 18:17

ՀՀ ԱԳՆ-ն Հունգարիային տեղեկացրեց դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հունգարիայի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կածնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշմանը:

«Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը 2012թ. օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված և ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային: Ռամիլ Սաֆարովի փոխանցումն իրականացվել է առանց հետաձգման: Ավելին, Ադրբեջանի նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, ով արդեն ազատության մեջ է»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու եւ արդարացնելու մասին, եւ որ Հունգարիայի կառավարությունը չէր կարող իրազեկ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, ինչպես նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետևանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը:

«Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը: 
Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետևողականորեն և մինչև վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը և հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որևէ տարբերակ: Ցավալի է նաև Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձևը: 
Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: