16.06.2014 15:26

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի արդյունքներ. 1-ին տեղն ազատ մնաց

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի արդյունքներ. 1-ին տեղն ազատ մնաց

Հունիսի 6-14-ը Երևանում ընթացել է  Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցութը` դաշնամուրի գծով:

Մրցույթի միջազգային ժյուրիի որոշմամբ, առաջին մրցանակային տեղն ազատ է մնացել: Երկրորդ մրցանակային տեղը կիսել են Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան) և Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): Երրորդ մրցանակային տեղին արժանացել է Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), չորրորդ տեղն զբաղեցրել է Ռան Ջիան (Չինաստան):

Առաջին մրցանակը ենթադրում էր 15 հազար դոլար դրամական մրցանակ, հյուրաղախային շրջագայություն, ձայնասկավառակի ձայնագրում, դափնեկրի դիպլոմ: Երկրորդ մրցանակը նախատեսում է 10 հազար դոլար դրամական մրցանակ, մասնակցություն համերգային  ծրագրերի, դափնեկրի դիպլոմ: Երրորդ մրցանակը` 5 հազար դոլար դրամական մրցանակ, մասնակցություն համրգային ծրագրերի, դափնեկրի դիպլոմ, չորրորդ մրցանակը` 2000 դոլար, դափնեկրի դիպլոմ:

Դասական սոնատի լավագույն մեկնաբանության համար «Քրիշտոֆ Պենդերեցկի ակադեմիա» ասոցիացիայի սահմանած հատուկ մրցանակը հանձնվել է Ստեփան Սիմոնյանին` Բեթհովենի դաշնամոււրի թիվ 31 սոնատի կատարման համար: Կոնցերտի լավագույն ներկայացման համար «Ակուստիկա» ընկերության սահմանած հատուկ մրցանակ է շնորհվել է Ստեփան Սիմոնյանին` Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի համար, և Անաստասիա Նեստերովային` Շոպենի դաշնամուրի կոնցերտի համար:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր սահմանել Խաչատրյանի ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար, որին արժանացել է Եվգենի Ստարոդուբցևը:  Նա նվաճել է նաև մրցույթի պաշտոնական նվագախմբի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի սահմանած  «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Մոսկվայի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Գաբրիելյանը հատուկ մրցանակ է շնորհել Հայատսանի պետական երիտասարդական նվագախմբին, որը 2007 թվականից ի վեր էական ավանդ է ներդրել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կայացման գործում:

Հավելենք, որ հաջորդ տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի ջութակահարների շրջանում: Մրցույթի ժյուրիի նախագահը կլինի հայտնի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը: