08.11.2012 14:44

Իրաքը մտադիր է խորացնել Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները

Իրաքը մտադիր է խորացնել Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման, արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր:

Գեւորգյանը ողջունել է Իրաքի իշխանությունների` երկրի անվտանգության, կայունության պահպանման ուղղությամբ աշխատանքները եւ վստահություն հայտնել, որ կայունության ճանապարհը Իրաքի ժողովրդի համար անշրջելի կդառնա: Նա նշելէ, որ Հայաստանը շահագրգռված է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ու քաղաքական երկխոսության ծավալման հարցերում:

Հոշյար Զեբարիին տեղեկացրել է, որ Իրաքը քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի հետ խորացնելու թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները, եւ դրա համար առկա են բոլոր պայմանները: Դրան կնպաստի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանատան բացումը: Նա նաեւ ողջունելի է համարել Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները արաբական երկրների հետ, ինչը, նրա խոսքով, լավ հիմք է ամուր փոխգործակցության համար: Նա նաեւ անդրադարձել է Իրաքի հայ համայնքին` նշելով, որ թեեւ պատերազմական տարիներին շատ իրաքահայեր լքել են երկիրը, սակայն հիմա Իրաքը պատրաստ է սիրով ետ ընդունել նրանց:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ առաջիկա տարիները լայն հեռանկարներ են բացելու երկկողմ հարաբերությունների զարգացման համար:Նրանք մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: