08.11.2012 15:47

Չինաստանի կոմկուսի համագումարին նախորդել է հինգ տիբեթցիների ինքնահրկիզումը

Չինաստանի կոմկուսի համագումարին նախորդել է հինգ տիբեթցիների ինքնահրկիզումը

Չորեքշաբթի՝ Չինաստանի կոմկուսի 18-րդ համագումարի նախօրեին, ինքնահրկիզման ակտ են իրականացրել հինգ տիբեթցիներ, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ազատ Ասիա» ռադիոկայանը: Միջադեպերը տեղի են ունեցել  Սիչուան և Ցինհայ նահանգների տիբեթյան շրջաններում, ինչպես նաև Տիբեթի ինքնավար մարզում: Սիչուանում ինքնահրկիզվել են 15-16 տարեկան երեք հոգևորականներ, որոնցից մեկը մահացել է, երկուսին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Հոգևորականները պահանջում էին անկախություն տրամադրել Տիբեթին և աքսորից վերադարձնել իրենց հոգևոր հորը՝ Դալայ-լամային: Ցինհայում ինքնահրկիզում իրականացնող կինը նույնպես Դալայ-լամային վերադարձնելու կոչեր է հնչեցրել, իսկ նրա մահվանից հետո գրեթե երեք հազար տիբեթցիներ դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա անցկացրել ընդդեմ չինական իշխանությունների: Տիբեթի ինքնավար մարզում ևս հոգևորական է ինքնահրկիզվել, սակայն հայտնի չէ, թե դա ինչով է ավարտվել: Միայն հաղորդվում է, որ նրա արարքից հետո նույնպես անկարգություններ են սկսվել:

Տիբեթը Պեկինի վերահսկողության տակ է 1950 թվականից, և այդ ժամանակից ի վեր Տիբեթի բնակիչները ձգտում են անկախություն ձեռք բերել, մինչդեռ Չինաստանի իշխանությունները նրանց գործողությունները համարում են անջատողականության դրսևորում: