08.11.2012 15:49

Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումն իր հաշվետու համերգը նվիրել է ՀՀ շախմատի հավաքականի հաղթանակին

Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումն իր հաշվետու համերգը նվիրել է ՀՀ շախմատի հավաքականի հաղթանակին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը նոյեմբերի 7-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանց):

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հաշվետու համերգը նվագախումբը նվիրել էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին՝ 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակին:

Տոնական երեկոյին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շախմատի հավաքականի անդամներ, միջազգային կարգի գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, շախմատային աշխարհում ճանաչված մարդիկ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին և դիմելով շախմատիստներին՝ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը հույս է հայտնել, որ այն մեղեդիները, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում, կմիանան շախմատիստների հոգու մեղեդուն և կուղեկցեն նրանց բոլոր հաղթանակների ժամանակ:

Երեկոյի ընթացքում գեղեցիկ, փոքրիկ համարներով ու կատարումներով հանդես են եկել նաև Երիտասարդ երաժիշտների միության սաները, «Արեգա» կամերային երգչախումբը, «Ծաղկազարդ» համույթը:

Իր գեղեցիկ ասմունքը շախմատիստներին նվիրել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: