17.06.2014 16:26

Վախթանգ Կիկաբիձե. Հոգևորը մղվել է մի վերջին տեղ

Վախթանգ Կիկաբիձե. Հոգևորը մղվել է մի վերջին տեղ

Հոգևորն այն է, ինչն այսօր պակասում է մեզանում: Այն իրոք չկա: ԽՍՀՄ ժամանակների միակ դրական կողմը հոգևոր արժեքների առկայությունն էր մարդկանց շրջանում: Իսկ ԽՍՀՄ բացասական կողմերին, ավելի լավ է, չանդրադառնանք: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել խորհրդային և վրացական էստրադային արտիստ, կինոդերասան, սցենարիստ Վախթանգ Կիկաբիձեն:

«Այսօր բոլորը մտածում են փողի մասին: Ես բազմիցս հյուրախաղերով եղել եմ Ամերիկայում: Ահա, ուրեմն, այն տանը, որտեղ հյուրընկալվում էի, ապրում էին ամուսիններ և երկու երեխա: Ինձ մոտ մշտապես այնպիսի զգացողություն էր տիրում, թե տանը, այդ ընտանիքից բացի, ապրում էր մի ինչ-որ հինգերորդը: Հետո հասկացա, որ դա «բաքսերն» են` փողը: Նրանք միշտ խոսում էին փողի մասին, բիզնեսի մասին և էլի փողի ու բիզնեսի մասին: Եվ վերջ», - նշել է դերասանը:

Կիկաբիձեն ափսոսանքով նշում է, որ մեր ժամանակներում համանման իրադարձություններ են տեղի ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում և մյուս հետխորհրդային երկրներում, որտեղ այդ իմաստով ընթանում է «ամերիկանացում»: «Եվ դրանից հնարավոր չէ խուսափել: Փոքր երկրների համար դժվար է: Իսկ հոգևորը մղվել է մի վերջին տեղ», - համոզված է նա:

Մեկնաբանելով իր երգերի ազդեցությունն ունկնդիրների վրա, իր կողմից երաժշտության մեջ ներդրված իմաստը՝ Կիկաբիձեն ընդգծել է, որ դրանք, առաջին հերթին, պետք է գնահատեն մարդիկ: «Ողջ կյանքում ես երգել եմ փոքր մարդու, սիրո, բարեկամության, մասին: Միայն այդ մասին: Ես երբեք չեմ երգել տանկերի, դրոշների և սահմանադրությունների մասին: Գիտես` արդեն ով ինչպես հասկանա: Մեր այսօրվա կյանքում հենց ավելի շատ խոսում են դրոշների, սահմանադրությունների և տարածքների մասին», - ամփոփել է արտիստը: