18.06.2014 14:09

Լիբիայում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող անձը

Լիբիայում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող անձը

Պենտագոնը հաղորդել է, որ հունիսի 15-ին Լիբիայում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ահմեդ Աբու Հաթալան, ով կասկածվում է 2012 թ. սեպտեմբերին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում կազմակերպելու մեջ, որի արդյունքում սպանվեցին ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք աշխատակիցներ: Այժմ Աբու Հաթալան Լիբիայից դուրս՝ հուսալի վայրում է, հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչը: «Խաղաղ բնակչության, ինչպես նաև՝ գործողության մասնակիցների շրջանում զոհեր չկան: Մեր ողջ անջնակազմը բարեհաջող հեռացել է Լիբիայից»,- ասվում է Պենտագոնի մամլո քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն խոստացել է շարունակել հարձակման մյուս հավանական մասնակիցների որոնումը: «Երբ ամերիկացիներն են հարձակման ենթարկվում, որքան էլ դա ժամանակ խլի՝ մենք կգտնենք դրա համար պատասխանատու անձանց և կհանձնենք դատարանին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

2012 թ. սեպտեմբերի 11-ին գրոհայինները ներխուժել էին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարան և կրակ էին բացել: Բացի դիվանագիտական առաքելության ղեկավար Քրիս Սթիվենսից՝ զոհվել  էին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Շոն Սմիթը, անվտանգության ծառայության աշխատակիցներ Թայրոն Վուդսը և Գլեն Դոերթին: Փոխանցում է BBC-ն: